Ասպետ Գոչիկյան
Հոկտեմբերի 21-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակ (տե՛ս ստորև) էր ուղարկվել՝ Հայաստանի, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Միջին Արևելքի և Եվրոպայի ավելի քան 110 գիտնականների և մտավորականների: Այդ նախաձեռնության հիմնական մտահոգությունն այն էր, որ Ղարաբաղյան պատերազմի ռազմական լուծումը Հայաստանի օգտին չէր, և որ դիվանագիտական լուծումը (նույնիսկ խոշոր զիջումներով) ավելի նախընտրելի էր, քան պատերազմը, որի պարագայում մարդկային և տարածքային կորուստները կործանարար կլինեին թե՛ Հայաստանի, և թե՛Արցախի համար:
Բաց նամակը նախաձեռնելու գործառնական տրամաբանությունն այն էր, որ եթե վարչապետ Փաշինյանը տեղյակ լիներ, որ կան դիվանագիտական այդպիսի լուծման (թեկուզ՝ զիջումներով) կողմնակիցներ, նա կարող էր այդ աջակցությունը համարել փրկօղակ՝ հավասարակշռելու համար «պայքար՝ մինչև վերջ» հռետորաբանությունը, որը լայնորեն տարածված էր Հայաստանում և Սփյուռքում: Դա հիմնված էր այն տեղեկության վրա, որ վարչապետն իրականում լրջորեն դիտարկում էր այդ ուղին, և եթե նա զգար հայ գիտնականների ու մտավորականների գոնե մի զգալի հատվածի աջակցությունը՝ բանակցային կարգավորման հարցում, նա ավելի լավ դիրքում կլիներ այդ ուղին ընտրելիս: Ավելին, բաց նամակի ժամկետը համընկնում էր Հայաստանի երեք նախկին նախագահների կողմից իրականացվող համանման նախաձեռնության հետ, երբ երեք նախագահները Փաշինյանին առաջարկում էին հանրային աջակցություն՝ դիվանագիտական ուղով գնալու դեպքում, այդպիսով կիսելով նման գործողության բեռը:
Էլեկտրոնային փոստով նամակ ստացած 116 հոգուց միայն 15-ը հավանություն տվեցին դրան: Մի քանիսը, ի պատասխան, կասկածի տակ դրեցին նման քայլի խոհեմությունը և նույնիսկ նման արշավի ողջախոհությունը և էթիկան: Գերակշիռ մեծամասնությունը չարձագանքեց:
Կարդացեք նաև
Նամակը պետք է հրապարակվեր հոկտեմբերի 21-ին, Երևանում լույս տեսնող հայալեզու որևէ թերթում, բայց հանվեց շրջանառությունից, քանի որ նույն առավոտ Երևանից հաղորդվող լրահոսում վարչապետի հրապարակային հայտարարությունն էր, որով նա նշում էր, թե «Ղարաբաղի հարցը, գոնե այս փուլում դիվանագիտական լուծում չունի»:
Հավակնոտ կլիներ կարծել, որ եթե նման նամակ ստորագրվեր Հայաստանի և Սփյուռքի 116 գիտնականների ու ակադեմիկոսների կողմից, ապա հակամարտության ելքն այլ կլիներ: Եվ այս ձախողված նախաձեռնության մասին այսօր չի ասվում՝ «մենք ձեզ ասացինք» փաստարկն առաջ քաշելու համար: Ավելի շուտ, նախաձեռնությունն ու դրա առնչությամբ թույլ արձագանքը կարևորում են մի քանի հիմնական կետեր. ռազմավարական մտածողության անբավարարությունը ոչ միայն հայ քաղաքական էլիտաների, այլև գիտնականների և մտավորականների շրջանում: Ինչպես նաև մեր հասարակության այս հատվածի և հայ ժողովրդի առջև ծառացած ավելի մեծ խնդիրների միջև կապի խզումը, նաև՝ գիտնականների և մտավորականների ակտիվ ու հասարակական դերակատարություն ունենալու անկարողությունը կամ ցանկության բացակայությունը՝ Հայաստանի և Սփյուռքի ապագան ձևակերպելու գործում:
Ոչ միայն տարածված գաղափարախոսություններն ու համոզմունքների համակարգերը ճանաչելու և հստակեցնելու, այլև դրանք լուրջ քննադատության ենթարկելու անհրաժեշտությունը խնդիր է, որը սովորաբար իրականացվում է հասարակության՝ գիտական, մտավոր շերտերի կողմից: Այդ վճռական միջամտությունը մեզ անհրաժեշտ է հիմա էլ, ինչպես նախկինում:
Մեզ պակասում են մտածողության՝ քննադատական, համարձակ և հեռանկարային տեսակները, որոնք անհրաժեշտ էին և են՝ գոյություն ունեցող կարծրատիպերը կոտրելու, «անհերքելի ճշմարտությունները» կասկածի տակ դնելու և անխոցելիության, արդարության ու զոհի հռետորաբանության դեմ տրամաբանված արտահայտվելու համար: Մենք ունենք գիտնականների և մտավորականների տպավորիչ շրջանակ, սակայն նրանցից քչերն են ցանկանում լինել հանրային մտավորականներ, որոնք կարող են մարտահրավեր նետել տարածված և խմբային մտածելակերպին, և զարգացնել հասկացություններ, որոնք հիմնված կլինեն ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե կլինեն անցյալով ստրկացված:
Ներածական տեքստը (որոշ ոճական խմբագրումներով)՝ ստորև:
Բոլորս էլ տեղյակ ենք, թե ինչ ծայրահեղ պահեր են ապրում Հայաստանը և Արցախը: Այն, ինչ մենք այսօր ասում ենք կամ չենք ասում, կարող է փոփոխություն մտցնել այն քաղաքականության մեջ, որն իրականացվում է նրանց պաշտպանության և ապագայի համար:
Մեզանից շատերը համարում են, որ պետք է նպաստենք այն բուռն բանավեճին, որը ներկայումս ընթանում է մեր առաջ շարժվելու տարբեր ուղիների վերաբերյալ:
Մենք՝ մի շարք գործընկերների հետ, նպատակահարմար, գուցեև անհրաժեշտ համարեցինք, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցություն ցուցաբերելու՝ այն ճանապարհներից մեկի ընտրության համար, որը հնարավոր է և նույնիսկ անհրաժեշտ է որդեգրել. հավատարիմ մնալ դիվանագիտական մարտավարությանը՝ լուծել հակամարտությունը փոխզիջման ճանապարհով, և խուսափել ամենավատ ու շփոթեցնող սցենարներից:
Ուստի մենք խնդրում ենք ձեզ միանալ՝ վարչապետին ուղղված բաց նամակը (կցված է) ստորագրելու հարցում, և հորդորել նրան՝ գտնելու արյունահեղությանը վերջ դնող մի ճանապարհ։
Առաջարկված բաց նամակի ամբողջական տեքստը՝ ստորև:
ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՊԱՏՈՒԱՐԺԱՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ԵՒ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆԵԱԼ ՈՒԺԵՐՈՒ
Յարգելի պարոն Վարչապետ,
Մենք, տարբեր երկիրներ ապրող ներքոյ ստորագրեալ գիտնականներ, որոնց համար կարեւոր է Հայաստանի ու Արցախի ներկայ եւ ապագայ բարօրութիւնը, կ՚ողջունենք այս ծանր ժամանակներու ընթացքին ձեր օրինակելի ղեկավարութիւնը եւ այն ահեղ դիմադրութիւնը, որը ներշնչեցիք հայկական զինեալ ուժերուն՝ Արցախի եւ Հայաստանի դէմ Ադրբեջանի եւ Թուրքիոյ կողմէ սանձազերծուած ծաւալուն եւ վտանգաւոր յարձակման որպէս պատասխան։
Այս պատերազմը նոր փորձաքար մըն է մեր ժողովրդի կամքին, նուիրումին ու հայրենասիրութեան. իսկ մեր ժողովուրդը ցոյց տուաւ միասնականութեան եւ նպատակաուղղուածութեան հիանալի զգացողութիւն՝ ձեր առաջնորդութեամբ։
Միեւնոյն ժամանակ, մեր կարծիքով աւելի տեւական խաղաղութիւն հաստատելու ժամանակը եկած է, երբ պէտք է ներկայ կացութենէն առաւելագոյնը օգտուիլ։ Մենք կը կարծենք, որ մեր գլխաւոր նպատակը պէտք է ըլլայ ապահովել Արցախի պահպանումը։ Կը կարծենք, ուրեմն, որ անհրաժեշտ է ընդունիլ Արցախի Հանրապետութեան սահմաններէն դուրս եւ հայկական ուժերու հսկողութեան տակ գտնուող տարածքներու տրամադրած անվտանգութիւնը փոխարինել այլ միջոցներով, ներառեալ միջազգային խաղաղապահ ուժերու տեղակայմամբ, որոնք կարող են համարուել բաժանման նոր եւ ազդու գիծ մը։
Մենք վստահ ենք, որ Հայաստանի եւ Արցախի մեր ժողովուրդը, որ ճգնաժամային պահերու բացառիկ քաջութիւն եւ խորը իմաստութիւն ցուցաբերած է, լիովին պիտի գնահատէ նման ռազմավարութեան մը պատմական նշանակութիւնն եւ բարիքները, ձեզ տեղաւորելով Հայաստանի երկար պատմութեան այն առաջնորդներու շարքին, որոնք ճանչցուած են ոչ միայն իրենց քաջութեան եւ հայրենասիրութեան համար, բայց նաեւ որպէս իմաստուն պետական այր, որ ժողովրդավարութիւնը վերահաստատելէ ու ժողովուրդի բարօրութիւնը ամէն բանէ վեր դասելէ բացի, մեր հին եւ փայփայուած հողին վրայ ստեղծեց խաղաղութեան հաստատման եւ բարգաւաճման կարելիութիւնը։
Գիտակից ենք նաեւ, որ նման դիրքորոշում որդեգրելը դժուար քայլ մըն է։ Քաջարի քայլ մը, որ մեզ անհրաժեշտ է այս կացութենէն նուազագոյն վնասով ու առաւելագոյն կարելիութիւններով դուրս գալու համար։ Այդ կարելիութիւնը տակաւին գոյութիւն ունի որովհետեւ հազարաւոր քաջ զինուորներ իրենց կեանքն ու մարմինը զոհաբերեցին։ Կը հաւատանք, որ զգօնութեան վրայ հիմնուած եւ ապագային նայող նման քայլերը պետական առաջնորդին պատմութեան մէջ պիտի փայլեցնէ իր իմաստութեան ինչպէս նաեւ քաջութեան համար։
Մենք, ստորագրեալներս ձեր կողքին պիտի կանգնինք երբ այս քայլը որդեգրէք։ Վստահ ենք նաեւ, որ շատ շատեր նոյնը կը մտածեն եւ մեզ պիտի միանան։ Կասկած չունինք նաեւ, որ պատերազմական վիճակի պարտադրած հասարակական կարգապահութեան պայմաններուն մէջ, պիտի կարողանաք ստանալ մեր ժողովուրդի հաւանութիւնը, որովհետեւ մեծ քայլ մը առած պիտի ըլլաք վերջ դնելու դէպի տասնամեակներ տեւող արիւնահեղութեան դադարեցումը, միեւնոյն ժամանակ ապահովելով ժողովրդի անհրաժեշտ անվտանգութիւնը։