Երեկ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն ու ավագանու 6 անդամներ միացան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, կոչ անելով նաեւ համայնքի բնակիչներին, որպեսզի միանան իրենց. «Այս մարդուն եւ՛ ասում են ստախոս, եւ՛ ասում են՝ դավաճան: Եվ այս ամեն ինչի մեջ նաեւ մեղադրում են իրեն, ասում են՝ դու ես մեղավոր: Չի ուզո՞ւմ ստանա այդ հարցերի պատասխանը, չի ուզո՞ւմ զրպարտանքի համար որեւէ մեկին պատասխանատվության ենթարկի: Ես արդեն հակված եմ, որ այն մարդիկ, որոնք անվանակոչում են վարչապետին, ուրեմն ճիշտ են իրենք: Թող վայր դնի լիազորությունը, պահանջի արդար քննություն ու այդ հարցերի պատասխանները տա», – լրագրողների հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարը:
Մինչդեռ, այսօր որոշ մարդիկ միացել էին, ոչ թե քաղաքապետի պահանջին եւ ուզում էին, որպեսզի վարչապետը հեռանա, այլ հավաքվել էին Սպիտակի քաղաքապետարանի շենքի մոտ՝ պահանջելով քաղաքապետի հրաժարականը: Նրանք նշեցին, որ համայնքի ղեկավարն այս տարիների ընթացքում իրենց սպասումները չի արդարացրել, հետեւաբար իրենցից ոչինչ պահանջել չի կարող. «Ոչ ոք իրավասու չէ ժողովրդի փոխարեն իր ցանկությունն արտահայտելու եւ ասելու մենք պահանջում ենք մեր գերագույն հրամանատարի հրաժարականը: Ոչ, սպիտակցիները չեն պահանջում, մենք պահանջում ենք իր հրաժարականը: Այլեւս ինքն անելիք չունի այստեղ, Գագիկ Սահակյան, հեռացիր»,- նշեց հավաքի մասնակիցներից Աննա Սահակյանը:
Նրանցից Արտակ Միրզոյանն էլ առաջարկում է, Փաշինյանից հրաժարվելու դեպքում, դեպքում առաջարկել իրենց թեկնածուին, որին ժողովուրդը կողմ կլինի. «Նենց չի, որ ես Փաշինյանին գլխիս դրած ման եմ տալիս, բայց էս պահին, էդ մարդին փոխարինող չունի: Նենց էլ չի, որ ես Սահակյանին դեմ եմ, բայց եթե արտահայտություն եք արել, որ Փաշինյանը մեզ պետք չի, հրաժարվենք, տեղը մարդ առաջարկեք: Ո՞վ կարող է այսօրվա դրությամբ ղեկավարի Հայաստանը, այնպես մարդ դրեք, որ մենք բոլորս էլ երկու ձեռքով ասենք՝ հա: Հին մեռելները բերել են, սաղացնում են, ուզում են դնեն, ինչի համար: Էն գողերին բերել եք, դնենք, որ դուք էլ գողանա՞ք: Թալանել պրծել եք, էլ զադ չկա տանելու, էլ ինչ պետք է տանեք, չեմ հասկանում»:
Կարդացեք նաև
Համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանն էլ ասում է, թե ինքը չգիտի, թե ովքեր են պահանջում իր հրաժարականը. «Մենք ունենք ընտրելու իրավունք ունեցող մոտ 13.000 քաղաքացի, իսկ մեր ազգաբնակչությունը կազմված է 17.000 մարդուց, մի փոքր ավել: Ի՞նչ քանակի քաղաքացիների մասին է խոսքը, ովքեր պահանջում են իմ հրաժարականը, եւ ինչի՞ համար, որ ես դեմ եմ, որ Նիկոլ Փաշինյանը կառավարի այս երկիրը: Վերջին մեկ տարվա ընթացքում մենք տեսել ենք երկրի չկառավարում, որի արդյունքը բոլորիս համար եղել է շատ ցավոտ ու մշուշոտ ապագայով: Ընդհանրապես ապագայի նկատմամբ ես ինքս կորցրել եմ հավատը»:
Արդեն 13 տարվա համայնքապետը հավաքված քաղաքացիներին առաջարկեց բարձրանալ իր աշխատասենյակ: Սակայն վերջիններս չընդունեցին հրավերը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ