Ռուսական ռոմանսի պահպանման «Ռոմանսիադա» բարեգործական հիմնադրամի, Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ և Հայաստանի երաժշտական ընկերության աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց մրցույթի ընտրական փուլը՝ երևանյան «Ռոմանսիադան»: Մրցույթին մասնակցում էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատարները։
Մրցույթի նպատակն է՝ որպես երաժշտական ուղղություն տարածել ռուսական ռոմանսի մշակույթն ու զարգացնել ավանդույթները, բացահայտել և աջակցել երիտասարդ տաղանդավոր արտիստներին և կատարողներին։
Մասնակիցներին ողջունեցին «Ռոմանսիադա» ռուսական ռոմանսի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի հիմնադիր, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ և արտիստուհի Գալինա Պրեոբրաժենսկայան և Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
«Մրցույթը Երևանում դառնալու է ավանդական՝ օգնելով բացահայտել տաղանդավոր երիտասարդներին։ «Ռոմանսիադա»-ն ևս մեկ առիթ է մեր բարեկամական երկրների միջև մշակութային երկխոսությունը զարգացնելու և ամրապնդելու համար»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Կարդացեք նաև
Մրցույթի ժյուրիի կազմում, որը գլխավորում էր մշակույթի վաստակավոր գործիչ, Կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը, ընդգրկված էին Կոնսերվատորիայի վոկալի բաժնի դեկան Գայանե Գեղամյանը, նույն բաժնի դասախոսներ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ, Հայաստանի վաստակավոր արտիստներ՝ Մարինե Դեինյանը, Հասմիկ Հացագործյանը, Առնոլդ Քոչրյանը և բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր Ռեբեկա Օջախյանը:
Մրցույթում հաղթեց Երևանի կոնսերվատորիայի ուսանող Տիգրան Մելքոնյանը (նվագակցող Լևոն Ջավադյան)։ Տիգրանը կատարեց «Снова как прежде один» և «Как сон» երգերը։ Մրցանակակիրներ դարձան նաև Ջուլիանա Գրիգորյանը և Լուսինե Ստեփանյանը, որոնք կիսեցին պատվավոր 2-րդ տեղը, իսկ Բելլա Ամարյանը արժանացավ 3-րդ մրցանակի։
Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում անցկացվեց «Ռոմանսիադա» XXIV միջազգային փառատոնի եզրափակիչ փուլն ու գալա-համերգը, որին մասնակցում էին Գերմանիայի, Բուլղարիայի, Մակեդոնիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի կատարողները։ Թեև, համավարակով պայմանավորված, հայաստանյան Ռոմանսիադայի մրցանակակիր Տիգրան Մելքոնյանը չկարողացավ մասնակցել եզրափակչին, գրան-պրի մրցանակակիր դարձավ կրկին ազգությամբ հայ Կառլեն Մանուկյանը (Սվերդլովսկի մարզի Աչինսկ գյուղի բնակիչ)։
Մամուլի հաղորդագրություն