Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են պայմանավորվել Ալիևն ու Մուրադովը. անհայտ կորածների հարազատները կիմանան Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ

Դեկտեմբեր 10,2020 18:40

Զանգելանում անհայտ կորած 34 զինծառայողների հարազատները ծրագրում են կառավարության կամ պաշտպանության նախարարության մոտ հացադուլի նստել: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց անհայտ կորած զինվորներից մեկի մայրը՝ տիկին Անահիտը:

Հիշեցնենք, պայմանագրային եւ ՄՈԲ-ի համալրումով Էջմիածնի «քիմիական» զորամասից ռազմաճակատ մեկնած եւ անհայտ կորածների հարազատները այսօր կրկին Էջմիածնում, զորամասի մոտ էին հավաքվել: Պատերազմի առաջին օրերին այս զորամասից 60 հոգի ռազմաճակատ է մեկնել, 34-ից առ այսօր տեղեկություն չկա:

Երկու օր առաջ, անհայտ կորածների հարազատները մինչեւ ուշ գիշեր Պաշտպանության նախարարության մոտ էին եւ պահանջում էին հանդիպում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ: Գնդապետ Սամվել Ասատրյանը նրանց պատասխանել էր, որ Մուրադովը մեկնել է Բաքու՝ Ալիեւի հետ գերեվարվածների եւ անհետ կորածների հարցերով խորհրդակցի: Մուրադովը Բաքվից գալու էր Հայաստան: ԳՇ պետը խոստացել էր, որ Մուրադովի հետ հանդիպումից այսօր անհայտ կորածների հարազատներին մանրամասներ փոխանցի:

Թեեւ անհայտ կորածների հարազատներին առավոտյան ժամը 11.00-ին էին հրավիրել Էջմիածնի զորամաս, սակայն, Սամվել Ասատրյանը մի քանի ժամ անց նոր եկավ զորամաս:

Իր ուշանալը, Սամվել Ասատրյանը բացատրել էր այսպես. «Ես ասեցի, որ գալիս եմ, հո չասեցի որ Երեանից եմ գալիս»:

Տիկին Անահիտը պատմում է, որ Սամվել Ասատրյանը իրենց հորդորել է ցույցեր չանել, աղմուկ չբարձրացնել, քանի որ աղմուկը խանգարում է գործընթացին, հակառակորդ կողմը դրանից պտուղներ է քաղում: «Բայց մենք չենք լռելու, էլ ի՞նչ լռենք այսքանից հետո: Ակնկալիք ունեմ, որ այսօր կամ վաղն առավոտյան կհանդիպեմ Օնիկ Գասպարյանի հետ ու դրանից կախված կհստակեցնենք մեր հետագա անելիքները. կառավարության կամ նախարարության շենքի մոտ հացադուլ կանենք»,- պատմեց տիկին Անահիտը՝ հավելելով, որ Մուրադովի հետ բուն պայմանավորվածությունների մասին ակնկալում են տեղեկություն ստանալ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031