Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Անանյան․ ««Արմենպրես»-ի միակ բաժնետերը եղել եւ մնում է ՀՀ կառավարությունը»

Դեկտեմբեր 10,2020 17:52

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում էր ընդգրկված Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 22-ի N 74 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը։ Այն չզեկուցվող նախագիծ է, սակայն ի տարբերություն այլ չզեկուցվող նախագծերի, այս մեկի տեքստային տարբերակը բացակայում է e-gov․am կայքից, որտեղ տեղադրվում են կառավարության նիստի օրակարգերը։

Մամուլը գրել է, որ այս որոշմամբ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության լիազոր ներկայացուցիչներ են դառնում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն ու աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Ըստ նախագծի, գործակալության 51% բաժնեմասի լիազոր ներկայացուցիչն է դառնում Էդուարդ Աղաջանյանը, 49%-ը՝ Մանե Գեւորգյանը:

Ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել, ի՞նչ է նախատեսում այս նախագիծը։

Aravot.am-ի հարցմանն ի պատասխան, «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանն ասաց՝ «Արմենպրես» լրատվական գործակալության միակ բաժնետերը եղել եւ մնում է ՀՀ կառավարությունը, որի բացառիկ լիազորությունն է սահմանել ընկերության հիմնադրի լիազոր ներկայացուցիչների կազմը։

«Ինչպես նախկինում (առնվազն 2001 թվականից) «Արմենպրես»-ի հիմնադիր լիազոր ներկայացուցիչների դերն անձնավորված չի եղել եւ չի, այլ վերապահվում է ի պաշտոնե՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին եւ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարին։ Մինչեւ 2018 թվականը «Արմենպրես»-ն ունեցել է հիմնադրի 4 լիազոր ներկայացուցիչ, 2018-2020՝ երեք լիազոր ներկայացուցիչ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության ՊՈԱԿ, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ։ Ի դեպ, հիմնադրի լիազոր ներկայացուցիչները գործակալության ամենօրյա կառավարմամբ չեն զբաղվում եւ նմանօրինակ որեւէ քննարկում տեղին չէ։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա եւ ապագայում գործակալությունը հավատարիմ է մնալու իր առաքելությանը, որը պատշաճ իրականացնելու գործում ակնկալում է շահագրգիռ բոլոր կողմերի տեսակետները, մոտեցումները, ինչու չէ՝ նաեւ աջակցությունը»,-ասաց պարոն Անանյանը։

Նա, մեկնաբանելով որոշումն, ասաց․««Արմենպրես»-ի հիմնադրի լիազոր ներկայացուցիչների փոփոխությունը պայմանավորված է բացառապես գործակալության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով եւ գործակալության ապագայի տեսլականով, որում շեշտադրվելու է տեղեկատվության եւ հաղորդակցության ոլորտում միջազգային հեղինակավոր կառույցների հետ համագործակցությունը եւ գործակալության աշխատանքը համաշխարհային լավագույն չափանիշներին հասցնելը, ինչը ամրագրված է ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորումում»։

Նշենք, որ օրինակ, 1998 թվականի որոշմամբ, եւ այն ժամանակ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի վավերացմամբ, գործակալության հիմնադրի կողմից լիազորված անձինք են եղել՝ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ, 246 բաժնետոմս, Հ․ Պետրոսյան՝ 243 բաժնետոմս, Մ․ Հարությունյան՝ 243 բաժնետոմս, Հ․ Ավետիքյան՝ 243 բաժնետոմս, Լ․ Ճաղարյան՝ 243 բաժնետոմս։

2000 թվականին այս որոշումը փոփոխության ենթարկվեց եւ լիազոր ներկայացուցիչների նոր կազմ սահմանվեց՝ բաժնետոմսերով՝ ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար (ի պաշտոնե)՝ 318 բաժնետոմս, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ (ի պաշտոնե, համաձայնությամբ)՝ 300 բաժնետոմս, ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ (ի պաշտոնե)՝ 300 բաժնետոմս, ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ (ի պաշտոնե)՝ 300 բաժնետոմս։

Այս որոշումներն, իհարկե, չեն գործում, սակայն, նկատենք, որ պետական բաժնետիրական ընկերության լիազոր մարմիններ են նշանակվել ու նշանակվում տվյալ ժամանակաշրջանում ոլորտում ներգրավված պաշտոնյաները։ Սակայն, երբեք նախագահի կամ վարչապետի աշխատակազմի ղեկավարը չի հանդիսացել գործակալության լիազոր մարմին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Արամ Անանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031