Ստեղծված դժվարին իրավիճակում անչափ կարևոր է շարունակել կատարել աշխատանք, որն ապագայում նոր ծիլեր տալու հնարավորություն է ստեղծում՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և համայն մարդկության։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ հավատարիմ մնալով իր գաղափարներին, նոյեմբեր ամսվա ընթացքում ձեռնարկել և իրականացրել է ծառատունկ՝ նվիրված հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ընկած հերոսների հիշատակին։
Այս ընթացքում FPWC կողմից ավելի քան 6000 ծառ է տնկվել Վայոց Ձորի և Արարատի մարզերում։ Հատուկ ընտրված «թիրախային տնկման հայեցակարգի» (Target Plant Concept/TPC) մեթոդի կիրառմամբ Ուրցաձորի, Հովազաձորի, Մոզրովի տարածքներում տնկվել են փշատենիներ, տանձենիներ, նշենիներ։ Տարիներ շարունակ FPWC կողմից կիրառվող մեթոդի շրջանակներում ընտրվել են տեղի էնդեմիկ բուսատեսակների սերմեր, սածիլները խնամքով մշակվել են տնկարաններում, այսպիսով հարմարեցվելով տարածքին, որտեղ տնկվելու են։ Այս մեթոդի շնորհիվ ապահովվում է բույսերի բարձր կպչողականություն։
Ընդգծենք, որ հաջորդ տարի Հիմնադրամը նախատեսում է իրականացնել արդեն 20 000 ծառի տնկում։ Ընդլայնվելու են նաև տնկվող ծառերի տեսակները․ արդեն իսկ տնկվող տեսակներին ավելացվելու է ալոճենին ու խնձորենին։ 2021թ․-ի ընթացքում նախատեսվում է ևս մեկ նորարարական գաղափար իրականացնել՝ մեկնարկելով գիհու աճեցման փորձարարական ծրագիրը։
Հիշեցնենք, որ FPWC կողմից 2016 թվականից սկսած իրականացվում է համայնքային տարածքներում անտառավերականգնման նախագիծ՝ ներմուծելով Հայաստանի համար նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս վայրի բնությունից հավաքած սերմերից աճեցնել առողջ տնկիներ՝ փակ արմատային համակարգով։ Մինչ այժմ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ տնկվել է ավելի քան 26 հազար վայրի ծառատեսակ։
Ընդգծենք, որ FPWC կողմից Հարավային Կովկասում ներդրվել է նաև մասնավոր պահպանվող տարածքի գաղափարը, որի օրինակն է շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR): CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում:
Կարդացեք նաև
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ