Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Նրա շուրջը այնպիսի դատարկություն է ստեղծվում, որ նա այլևս չի կարող կառավարել երկիրը: Եվ, իհարկե, խնդիրը քաղաքական վակուումը չէ միայն: Պատերազմը ցույց տվեց, որ Փաշինյանը չկարողացավ առաջնորդել Հայաստանն ու հայկական բանակը այս դժվարին պայմաններում և ստորագրեց մեզ համար ստորացուցիչ հայտարարություն: Մեր ոչ միայն ժողովուրդը, այլև բանակը պատրաստ չէին այս պատերազմին: Պատերազմից հետո էլ նրա պահվածքը չէր համապատասխանում իրադրությանը: Եթե նա ուզում էր մնալ վարչապետ, ապա անընդհատ արդարացումներ փնտրելով և ուրիշներին մեղադրելով չպետք է զբաղվեր, այլ հավատ ներշնչեր ժողովրդին, որ պատրաստ է և կարող է մեզ հանել այս վիճակից: Եվ անշուշտ հիշվեցին նրա թերությունները դեռ նախապատերազմյան օրերին՝ ոչ միայն պատերազմին անհրաժեշտ ձևով չնախապատրաստվելը և մյուս մեղքերը, այլև երբեմն պարզապես անհեթեթ կադրային նշանակումները (օրինակ, երկու՝ մեզ համար շատ կարևոր նախարարությունները միացնելը և ԿԳՄՍՆ կոչվող գերնախարարությունը ստեղծելը և դրա ղեկավարությունը հայ մշակույթից անտեղյակ, բայց հայոց հոգևոր կյանքը հեղաշրջելու հավակնող մարդուն հանձնելը):
Վարչապետը այնպես էլ չկարողացավ մեզ հայտնել, թե ինչ պետք է անի Հադրութի, Շուշիի, սահմանների ճշգրտման, գերիների և անհետ կորածների հարցերում, որոնք մղձավանջ են դարձել մեր ժողովրդի համար: Այս է իրողությունը, և Փաշինյանը պետք է հասկանա դա:
Բայց մենք չգիտենք, ո՞վ է կառավարելու այս երկիրը Փաշինյանից հետո: Մեր քաղաքական ուժերը, քաղաքական ընտրախավը ոչ մի կարգին ծրագիր են առաջարկում (մենք հոգնեցինք բոլորի հայտարարություններում կրկնվող «ճանապարհային քարտեզ» բառակապակցությունից, որի մեջ շատ հաճախ իրական բովանդակություն չկա), ոչ էլ նոր վարչապետի մի կարգին թեկնածու, ով ընդունակ լիներ համախմբել հասարակությունը և տանել նրան դեպի առողջացում:
Ես ցավով եմ նայում այսօրվա իրողություններին: Հանրահավաքներ, երթեր, քաղաքացիական անհնազանդություն, որպեսզի ստիպեն Փաշինյանը հեռանա: Եվ այդ բոլորի հեղինակները հաղթական շրջում են քաղաքի փողոցներում և հայտարարում ապագա խրախուսանքների, ոստիկանության սպաների կոչումների բարձրացման և այլ հաճելի բաների մասին, եթե միայն նրանք նպաստեն Փաշինյանի հեռացմանը: Ինչի՞ մասին են մտածում այդ գործիչները: Փաշինյանից վրեժ լուծելու՞, թե՞ Հայաստանի մասին: Վախենամ, առաջինը: Ամեն մեկը իր հաշիվներն ունի Փաշինյանի հետ:
Կարդացեք նաև
Եվ հանուն դրա Հայաստանում ավելի ու ավելի են սրում ջղագրգիռ մթնոլորտը, ավելի ու ավելի են խորացնում փոխադարձ ատելությունը նիկոլականների և ընդդիմության միջև: Լսես այդ մարդկանց, եթե Փաշինյանը մի օր էլ ավել մնա, Հայաստանը կործանված է: Բայց ահա մի ամիսը լրացավ այն օրից, երբ ընդդիմությունը սկսեց պահանջել վարչապետի հրաժարականը: Հայաստանը չքայքայվեց, չկործանվեց, Փաշինյանն էլ կարծես մտադրություն չունի հրաժարական տալ: Վա՛տ է, որ չունի: Բայց ինչու՞ Հայաստանի կառավարումը այսօր պետք է կախված լիներ նրա կամքից:
Այս վիճակը այսօր Հայաստանում գործող Սահմանադրության հետևանքն է, Սահմանադրություն, որը նվիրեց Հայաստանին պարոն Սերժ Սարգսյանը. այդ սահմանադրությունը նա ստեղծել էր ի՛ր համար, ոչ թե երկրի: Նա էլ հենց, իր իշխանասիրության դրդմամբ, ցանկանալով անվերջ մնալ ՀՀ ղեկավար, ճանապարհ բացեց Նիկոլ Փաշինյանի համար: Հանրահավաքների մարտաշունչ հռետորները մեղքի իրենց մեծ բաժինն ունեն այն բանում, որ սահմանադրական ճանապարհով մենք չենք կարողանում լուծել իշխանափոխության հարցը: Այսօրվա վարչապետի ամենախիստ քննադատները այս իրողությունները երբեք չպետք է մոռանան և չպետք է մեզ զանազան բարիքներ խոստանան: Նրանց մեծ մասը մեղսակից են Սերժ Սարգսյանին և բոլոր նախորդ իշխանավորներին, որոնք մեզ պատմում էին այն մասին, որ մեր բանակը ամենաուժեղն է տարածաշրջանում, բայց որը չկարողացավ ոչ սահմանները պահել, ոչ էլ մեր ազգային արժանապատվությունը:
Փաշինյանն իրավունք ունի ասելու, որ մենք վայելում ենք երեսուն տարվա մեր քաղաքականության պտուղները: Դա իր մեղքը չի պակասեցնում: Բայց դա ճշմարտություն է:
Փաշինյանը պետք է գնա: Բայց ինչպե՞ս: Հանուն դրա իր տեսակի պատանդ պահել մեր երկիրը, մեր առանց այն էլ դեռ ցնցումից դուրս չեկած ժողովրդին՝ քաղաքականապես ազնիվ չէ: Այո, մեր մի մասի զավակները զոհվեցին մարտադաշտում, մյուս մասը գերի ընկավ և անհետ կորավ: Դա ցավ է, որ մենք դեռ շատ երկար ենք զգալու: Մենք բոլորս պիտի ամեն ինչ անենք այդ մարդկանց վիշտը գոնե մի փոքր ամոքելու համար:
Նիկոլ Փաշինյանը դեռ պետք է պատասխան տա իր անհեռատես որոշումների, բանակը ղեկավարելու անկարողության, հազարավոր զոհերի, մեր անորոշ սահմանների համար, որոնք դեռ չգիտենք ինչպես են որոշվելու, մի խոսքով՝ մեր երկրում ստեղծված այս տխուր իրավիճակի համար:
Բայց մենք պետք է մեր երկրի մասին մտածենք, և ոչ թե Փաշինյանի: Մեր երկիրը կա՛ և կլինի, հակառակ փաշինյանականների և հակափաշինյանականների գզվռտոցների, որոնք սպառնում են անվերջ դառնալ: Պետք չէ ժողովրդին համոզել, որ ահա մի քիչ ևս, և մեր երկիրը կկործանվի: Չի՛ կործանվելու: Այդ երկիրը պետք է ամրացնել և ուժեղացնել: Բայց դա մտքի լարված աշխատանք և սթափություն է պահանջում և ոչ թե հանրահավաքային արբեցություն: Մեզ ազգային նոր գաղափարախոսություն է պետք, որը հաշվի կառնի այս միանգամայն նոր իրավիճակը, մեր անվիճելի և երևի անխուսափելի պարտությունը, որը հետևանք է վերջին երեսուն տարիների մեր անհեռատես, գեղեցիկ, բայց դատարկ կարգախոսների վրա կառուցված քաղաքականության: Մենք լուրջ խոսակցություն չենք լսում ոչ հանրահավաքներում, ոչ զանազան փողոցային գործողություններում, ոչ էլ խորհրդարանում:
Այնքան հեշտ է առավոտից երեկո «դավաճան» գոռալ և դրոշներ պտտեցնել: Բայց այնքան դժվար է մի ռացիոնալ միտք արտահայտել մեր երկրի ապագայի, մեր այսօրվա ցավոտ խնդիրների մասին:
Որևէ մեկը հավատացած է, որ Փաշինյանի գնալով և Մանուկյանի կամ մեկ ուրիշի գալով մենք որևէ ցա՞վ ենք բուժելու: Այս հանրահավաքներով արդեն երեսուն տարի ապրում ենք և որևէ բանի չհասանք: Չբավարարվե՞նք:
Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
բանասիրական գիտությունների դոկտոր