Դեկտեմբերի 5-8-ը Իտալիայի պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել էր Ադրբեջան, որի ընթացում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, այդ թվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Արտաքին գործերի և Էկոնոմիկայի նախարարների հետ: Պատվիրակության անդամների թվում էին ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր ուժերը ներկայացնող մի շարք սենատորներ և պատգամավորներ:
Պաշտոնական հանդիպման ընթացքում Ալիևը նշել է. «Ժողովուրդը գնահատում է այս բարեկամությունը, և ձեր այցը Ադրբեջան մեկ անգամ ևս փաստում է, որ Իտալիան իրապես Ադրբեջանի բարեկամն է»: Կողմերը ևս մեկ անգամ փաստել են, թե ինչքան կարևոր են երկու երկրների հարաբերությունները, և Իտալիան պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցելու Ադրբեջանին:
Պատվիրակությունը գլխավորող Էտտորե Ռոզատոն, որը հանդիսանում է Պատգամավորների պալատի փոխնախագահը, ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով. «Երկիրը, որ մեզ հյուրընկալում է, նավթի մեր գլխավոր մատակարարն է, այստեղից է սկսվում Վերադրիատիկ գազամուղը, որը մի քանի շաբաթից գազ կմատակարարի Եվրոպա»: Ռոզատոն ընդգծել է նաև, որ Ադրբեջանում գործում են մի շարք իտալական ձեռնարկություններ և Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում մեծածավալ վերակառուցողական աշխատանքների իրականացման կարիք կա:
Սենատոր Մարիա Ռիզոտին նույնպես անդրադարձել է երկու երկրների հարաբերություններին՝ գրելով. «Իտալիան կշարունակի աջակցել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և կնպաստի, որ մեր երկրները շարունակեն արդյունավետ համագործակցել հանուն զարգացման և խաղաղության»:
Կարդացեք նաև
Ի դեպ, պատվիրակությունը առաջինն էր, որ այցելեց «ազատագրված տարածքներ»՝ լինելով նաև Աղդամում: Այցի շրջանակներում պատվիրակության մի շարք անդամներ գրառումներ են կատարել սոցցանցերում՝ տեղադրելով նաև նկարներ ու տեսանյութեր: Նրանցից մի քանիսը գրառում են կատարել Աղդամի մասին՝ այն համեմատելով Հիրոսիմայի հետ:
Սենատոր Ջանլուկա Ֆեռռարան գրում է. «Այս քաղաքը, որը ժամանակին ուներ մոտ 50.000 բնակիչ, օկուպացվել է հայկական բանակի կողմից 1993թ.-ին, և այդ ժամանակից ի վեր մնացել է ամբողջովին լքված և թալանված: Միակ կառույցը, որ մնացել է մասամբ կանգուն՝ մզկիթն է, որն օկուպացիայի այս տարիների ընթացքում օգտագործվել է որպես անասնագոմ խոզերի համար»:
Հանդիպումների գլխավոր թեմաներն են եղել ինչպես երկկողմ հարաբերություների զարգացումն ու մի շարք ոլորտներում իրականացվող համագործակցությունը, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն առնչվող հարցեր: Մինչդեռ որևէ անդրադարձ չի կատարվել այնպիսի թեմաների, ինչպիսիք են Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, այդ թվում ռազմագերիներին, ահաբեկչական խմբավորումներին, արգելված զինատեսակների օգտագործմանը, կամ այս օրերին իրականացվող մշակութային ցեղասպանությանն առնչվող հարցեր:
Անի ՎԱՐԴԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ Ջանլուկա Ֆեռռարայի ֆեյսբուքյան էջից