Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը որ ասեր արյան գետեր, Օսիպյա՛ն Վալերի, դու վազելով կանեիր». Արմեն Խաչատրյանը՝ Օսիպյանի՝ Մոսկվայից ստացած հանձնարարականի մասին

Դեկտեմբեր 10,2020 16:56

Օրերս ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Իջեւանի դեպքերից դրվագ պատմեց, թե ինչ հրահանգ են ստացել ինքն ու նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Նա ասաց, որ Փաշինյանը զանգահարել է իրեն ու ասել՝ «արյան գետեր եմ ուզում տեսնել, սատկացրեք բոլորին»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանն ասաց. «Նախ, ես 25 տարի ոստիկանությունում եմ եղել եւ ոստիկանության գոնե 70 տոկոսի հետ ունեմ հարաբերություններ եւ շատ լուրջ զանգվածի հետ՝ մտերիմ, ընկերական հարաբերություններ: Ես այդ համակարգում ապրել եմ եւ աշխատել եմ: Հստակ գիտեմ` երբ ինչ է կատարվել: Կարծում եմ, որ այդ հայտարարությունը բացարձակ սուտ է: Անգամ վարչապետի բառապաշարի մեջ չի կարող նման բան լինել, որ անգամ հայրենի քաղաքի հետ կապված ասի՝ արյան մեջ թաղեք: Մենք վարչապետին ինչ-որ տեղ միշտ մեղադրում ենք ավելի մեղմ, թավշյա եւ մարդասիրական վերաբերմունքի համար: Կոնկրետ ես շատ անգամ խնդրել եմ, որ վերաբերմունքը լինի ավելի կոշտ»:

Մեր դիտարկմանը, որ վարչապետի բառապաշարն է՝ ծեփել պատերին, փռել ասֆալտին, դա էլ կարող է տեղավորվել այդ բառապաշարի մեջ՝ Արմեն Խաչատրյանն արձագանքեց. «Ես բացառում եմ վարչապետին ճանաչելով, որ նա կարող է նման բան ընդհանրապես ասել՝ արյան մեջ խեղդել: Եղավ մի ամբողջ հեղափոխություն ու մի հոգու քթից արյուն չեկավ, եւ դա ո՞վ արեց՝ վարչապետի շնորհքով դա արվեց, ինչ ճիշտը՝ ճիշտը: Պատմության մեջ նման բան չի լինում, որ հարյուր հազարավոր մարդ մի տեղ հավաքվեր, գոռար ու միջոցառում լիներ ու որեւէ բռնություն չլիներ; Եվ սրանից հետո վարչապետն իր հայրենի քաղաքում ասում է՝ արյան գետե՞ր ու Օսիպյան Վալերին հաստատում է դա: Բա ինչի՞ այն ժամանակ չէիր հաստատում, Վալերի՛ Օսիպյան: Բա ինչի՞ դու, երբ ոստիկանության ծառայողների մի մասին տարավ Իջեւան, նաեւ իրեն մեղադրեցին, որ ինչի եք մարդ տարել Իջեւան, եւ նա հաստատում է… Այս քաղաքական կեղտոտ խաղերի մեջ մարդիկ շպրտում են իրենց վերջին արժանապատվության հատիկները, այն ուսադիրները, որոնք կրել են: Ուղղակի զարմացած եմ Օսիպյան Վալերիի վրա, որ վերադառնալով Մոսկվայից չգիտեմ ինչ հանձնարարականներով, հաստատում է, ասում է՝ այո, Նիկոլ Փաշինյանն ասել է՝ արյան գետեր: Նիկոլ Փաշինյանը որ ասեր արյան գետեր, Օսիպյա՛ն Վալերի, դու վազելով կանեիր, դու այդքան…Ինքը հաստատ ինչ հանձնարարություն ստանար՝ կաներ: Ուղղակի դա այնքան հեռու է ասվածից ե՛ւ տրամաբանորեն, ե՛ւ իրադարձային առումներով, եւ փաստական հանգամանքներով, ուղղակի զարմանում եմ՝ ո՞նց կարելի էր նման հայտարարություն անել»:

Մեր դիտարկմանը, որ Օսիպյանը հենց իր հրաժարականը, պաշտոնանկությունը դրանով է պայմանավորում, ասում է՝ անհեթեթ հրամաններ է ստացել, չի ուզեցել կատարել՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Դե ամեն մեկը դուրս գալուց մի պատճառաբանություն բերում է: Ո՛չ, վատ աշխատանքի համար է եղել եւ արդեն նոր եկող մարտահրավերներին նոր մարդ էր պետք: Իհարկե, պաշտոնյաների փոփոխության կարիք կար, որն արվեց»:

Հարցրեցինք՝ բա եթե վատ էր աշխատել, ինչի՞ էր Փաշինյանը դրանից հետո Օսիպյանին տանում իրեն խորհրդական, որ վատ խորհուրդնե՞ր տար՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Գուցե պետք էր այդ պահին խորհրդական տանելը, բայց հետո հանեց: Ճիշտ եք ասում, արժեր, որ չտաներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031