Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդ չի կարող կառչած մնալ իր խաչից, դա խաչ է, աթոռից կառչածն այն ժամանակ էր, երբ այս շենքում քայլում էին օլիգարխները». Ալեն Սիմոնյանը չի բացառում արտահերթ ընտրությունների գնալը

Դեկտեմբեր 10,2020 16:14

Ինչո՞ւ է վարչապետը խուճապի մեջ ու այս աստիճան թիկնապահներով պատսպարված է շրջում. այսօր լրագրողներն այս հարցն ուղղեցին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին: Նա պատասխանեց. «Խուճապի մեջ են այն մարդիկ, որոնք մտածում են, որ դա խուճապ է: ՀՀ-ն գտնվում է պատերազմական դրության մեջ, երկու անգամ իրավիճակ է եղել, երբ օրինակ, ԱԺ նախագահին փորձել են սպանել, ինչպես նաեւ գնացել մտել են կառավարության շենք ու նրա տուն, գտնում եք, որ անհանգստանալու բան չկա՞»:

Ավելին՝ Ալեն Սիմոնյանը ուշադրություն հրավիրեց ընդդիմադիրների թիկնապահների վրա. «Մարդ կուսակցություն են, 17-ը, որ կանգնած էին այստեղ, պարոն Վանեցյանը, որ 6 թիկնապահներով է միտինգի գալիս, բա ինչի՞ իրեն չեք հարցնում, մի հատ հարցրեք: Մենք փաստացի խոսում ենք պատերազմող երկրի ղեկավարի մասին ու բացի հայտարարությունից, որ դա դադարեցնում ենք, այլ բան չունենք, կարծես թե բոլորը դրա մասին մոռացել են»:

Հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը նման փաստաթուղթ ստորագրեր, դուք ի՞նչ էիք անելու, բողոքի ցույց չէի՞ք անի՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ չի եղել երբեք: Երբ որ ապրիլյան պատերազմ էր, ՔՊ-ն ամբողջ կազմով գնաց առաջնագիծ, էլի եղան տարածքային կորուստներ, բայց մենք դա օրակարգային հարց չսարքեցինք»:

Հարցրեցինք՝ հիմա ձեզ մեղադրում են, որ այդքանից հետո աթոռից կառչած եք՝ Սիմոնյանը պատասխանեց. «Մարդ չի կարող կառչած մնալ իր խաչից, դա խաչ է: Աթոռից կառչած տրամաբանությունն այն ժամանակ էր, երբ այս շենքում քայլում էին օլիգարխները եւ տարբեր մարդկանց փող էին բաժանում, կամ ասում էին՝ 600 եվրո տվեք, ես ձեզ հարցազրույց տամ: Այդ ժամանակ կարող էին աթոռից կառչած լինել: Իսկ եթե մարդ կա, որ ուզում է իր խաչից կառչած լինել, ես կարող եմ մեծ հաճույքով մի պահ մոռանալ իմ պատասխանատվությունը եւ հետ դնել, բայց մենք ունենք անելիք: ՀՀ-ում որոշումը կայացնում է ժողովուրդը: Կանենք ընտրություններ, երբ որ դրա ժամանակը գա՝ կլինի դա արտահերթ, կլինի դա հերթական, որը ես քիչ հավանական եմ համարում՝ քաղաքական լարվածությունը հաշվի առնելով: Կլինի՝ կապահովենք, մենք միակն ենք, որ ՀՀ-ում ապահովել է հնարավորություն, որ դուք,օրինակ, գնաք եւ ընտրեք ընդդիմության ներկայացուցչին, ոչ թե այն մարդիկ, որ գազելներով մարդ էին բերում ընտրության, ովքեր «Ազատության» գրասենյակ էին մտնում այդ գիշեր: Թե խի՞ էին ՀՅԴ ներկայացուցիչները մտնում «Ազատության» գրասենյակ, կարո՞ղ է ինձ մեկը բացատրի»:

Լրագրողներից մեկն էլ նկատեց՝ ձեր խմբակցության պատգամավորն էլ ինձ էր սպառնում պատերազմի ժամանակ՝ նկատի ունենալով իմքայլական Քրիստինե Պողոսյանին՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Գլուխը պատով էր տալիս»:

Ըստ Ալեն Սիմոնյանի, հիմա տարբեր կողմերից մարդկանց ուղեղը «լվանում» են, բայց մարդիկ շատ լավ կարողանում են կշռադատել, որ անցյալին վերադարձ չի լինելու. «Մեզ չի սիրում հիմա, հա, ջղայնացած է մեզ վրա, բայց պատկերացրեք որքան չի սիրում հարթակում կանգնածներին, որ ինչքան մեղադրանքներ եք դուք, մեր գործընկերները մեզ ներկայացնում, բայց այնուամենայնիվ, մարդն ասում է, որ էլի կանգնած է վարչապետի կողքին, օրինակ, Ապարանում»:

Մեր դիտարկմանը՝ ասում եք՝ օլիգարխները նախկինում 600 եվրոյով հարցազրույց էին տալիս, հիմա այդ օլիգարխները ձեր կողքը կանգնած են՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Օլիգարխը մարդ է, որը պետության վրա ազդեցություն ունի, այդ մարդիկ ազդեցություն չունեն եւ չգիտեմ ում կողքին են: Իմ կողքին առնվազն ոչ մի օլիգարխ չկա»: Երբ լրագրողները հիշեցրեցին, որ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանի հետ էր հանդիպել օրերս՝ նա պատասխանեց. «Որ հանդիպել է որպես գործարար….նա պատգամավոր չի: Ձեր նշած օլիգարխները, որոնք հիմա օլիգարխ չեն, հարկ են վճարում, իրենք շարունակում են լինել ՀՀ քաղաքացիներ»:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ ՀՀ-ում թույլ չեն տա, որ ընտրություն կազմակերպեն մարդիկ, որոնք տասնամյակներով կեղծել են այդ ընտրությունները, ցուցակներով ու գազելներով մարդ են բերել ու դա էլ է եղել պատճառ, որ պատերազմը ձախողել են. «Մեր մեղքը 2,5 տարվա մեջ չի, մեր մեղքը վերջին 30 տարվա մեջ է»:

Հարցին՝ դուք ասում եք՝ այո, կարող են լինել արտահերթ ընտրություններ, բայց կոնկրետ չեք խոսում ու ժամկետներ չեք ասում, ինչո՞ւ չեք ամրագրում ժամկետ՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Երեկ վարչապետը բաց եւ ուղիղ տեքստով պատասխանեց: Իսկ ո՞վ ասաց, որ Վազգեն Մանուկյանը պետք է որոշի՝ ժողովուրդն ուզում է ընտրություն, պատրա՞ստ է, թե՞ չէ, կարող է՝ Էդմոն Մարուքյանը պետք է որոշի: Ո՞նց է մարդկությունը որոշելու՝ արտահերթ կամ հերթական ընտրություններով: Վերջիվերջո մարդ, որը ոչ կուսակցություն ունի, ոչ վարկանիշ ունի, որի հետեւում կանգնած են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վանեցյանը, ՀՅԴ-ն, բոլորը մշտապես մեղադրվել են առնվազն ընտրակեղծարարության մեջ, իրենք որոշել են, որ ժողովուրդը մի տարի պետք է որեւէ բանի մեջ չխառնվի, համակարգը վերականգնեն ընտրակեղծարարների, հարյուրապետների ու այդ ժամանակ նոր տանեն ընտրությա՞ն: Չի լինելու այդպես, ՀՀ ժողովուրդն է որոշելու: Այն ժողովուրդը, որն ինձ չի ընտրելու, ես ամեն ինչ անելու եմ, որ ինքը գնա ընտրության, թեկուզ իրենց ընտրի…Արտահերթ ընտրություն չեմ բացառում, բայց ժամկետ ո՞ւմ հետ ֆիքսեմ»:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ չի բացառում, որ առաջիկայում իշխանությունները կոնսուլտացիաներ կսկսեն՝ արտահերթ ընտրությունների հետ կապված ու պատրաստ են քննարկել նման առաջարկը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Լրագրողական միջավայրում չկա՞ persona non grata երևույթը: Երկիրը պատուհասած այս միջակությունները պարտադիր է՞, որ իրենց քիթ մռութն ու տհաս խոսքը պարտադրեն հանրությանը:

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Կներեք, վերևինն իմն է, մոռացել եմ անունս տալ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031