Այսօր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը դժգոհեց, որ այն ուժերը, որոնք հիմա ներքին հարցեր են քննարկում, պատերազմի 44 օրերին նույն ջանքը չներդրեցին:
Նա լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ պատերազմից պետք է դասեր քաղենք ու հզորանանք: Մեր հարցին՝ ո՞նց հզորանանք, երբ որ երկրում անկայուն վիճակ է՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այդ անկայուն վիճակն այսօր շատ բացասական է ազդում նաեւ ռազմագերիների հետ կապված, մեր թշնամին օգտագործում է այս իրավիճակը, որպեսզի ճնշում գործադրի: Դուք տեսաք օմբուդսմենի այն հայտարարությունը, որ ներքին խժդժություններ է Ադրբեջանը փորձում մտցնել: Մենք պետք է շատ գիտակից լինենք, իրար մեջ թշնամի չփնտրենք: Ասում եք՝ մարդիկ բողոքում են, ես այդ մարդկանց համարում եմ իմ ընկերները, եղբայրները, որոնք իմ հետ, մեր թիմի հետ մեծ անհամաձայնություն ունեն: Բայց մենք մի ազգ ենք, պետք է զգույշ լինենք, որ մեր թշնամին չօգտվի դրանից, ինչը ցավոք հիմա լինում է»:
Մեր դիտարկմանը՝ ասել էիք, որ եթե ժողովուրդը պահանջի, որ դուք հեռանաք՝ կհեռանաք, հիմա հազարավոր մարդիկ այդ պահանջը ձեր առաջ դնում են, գոնե ժամկետ արձանագրեք, թե երբ եք գնալու՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Դուք ինձ տանում եք մի դաշտ, որտեղ ես պետք է գնահատական տամ՝ այնտեղ հազարավո՞ր մարդ է, հարյուրավո՞ր, թե՞ տասնյակ հազարավոր: Ես չեմ ուզում որեւէ մեկի քանակը նվազեցնեմ, շատացնեմ: Երեկ վարչապետը հայտարարեց, որ եթե կա առաջարկ լուծումներ քննարկել, մենք պատրաստ ենք այդ լուծումներին: Այլ տարբերակը՝ ուլտիմատումներ ներկայացնել, գնալ մարդկանց տան վրա, ենթադրենք, պատգամավորների, կամ իմ տան վրա գալ, ասենք, ի՞նչ մեղք ունի մեր պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը»:
Մենք հիշեցրինք, որ կյանքը բումերանգ է, առաջ էլ ՀՀԿ-ականների դռներն էիք գնում, ծաղկեպսակ դնում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես որեւիցե մեկի տուն չեմ գնացել ու որեւէ մեկի չեմ ուղղորդել: Մեր թիմի անդամները, մեր պատգամավորները: Ես պատասխանատվությունը չեմ ուզում բան անել, բայց, ասենք, ես Մոսկվայում եմ եղել, գալիս են ասում են՝ դավաճան ես, Սիսակն իրենց տանն է եղել, գալիս ասում են՝ դավաճան: 30 տարի լռել ենք, 30 տարի ընտրակաշառքների վրա աչք ենք փակել, բանակից տուշոնկա են գողացել, իսկ մեր թշնամին թեկուզ նավթադոլարներով պատրաստվել է պատերազմի, հիմա տպավորություն է, որ այդ ամեն ինչը պետք է մեկ մարդու վրա լինի: Այդ մեկ մարդն ասում է, որ այդ մեղքը, մեր բոլորի մեղքը վերցնում է իր վրա եւ տանում է դժոխք, լավ»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ զինվորականներն ասում են, որ միայն մեղքը ընդունելը, ասել՝ պատասխանատվությունն իմ վրա, դա բավարար չի, պատասխանատվությունն ունենում է հետեւանքներ, ո՞րն է սրա հետեւանքը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Մի զինվորական մի բան է ասում, մի զինվորական՝ մի ուրիշ բան…Ես կարող եմ մեկ այլ զինվորականի կարծիք ներկայացնել, այն բոլոր զինվորականների, որոնք առաջնագծում կանգնած են եղել եւ եկել էին հրապարակ՝ վարչապետին սատարելու, այն մարդիկ, որոնք իրենց մաշկի վրա են զգացել»:
Հարցրեցինք՝ լավ, բայց պատասխանատվությունը պե՞տք է ունենա հետեւանք՝ նա պատասխանեց. «Միանշանակ, պիտի ունենա ու ժողովուրդը կդատի: Երբ մենք կկարողանանք այն իրավիճակը ստանանք, երբ որ կարող են տեղի ունենալ ընտրություններ, ես չեմ բացառում ու նույնիսկ գտնում եմ, որ ճիշտ է գնալ այդ ճանապարհով: Բայց գիտեք ինչ, գնալ մարդկանց տան վրա, մարդկանց սպառնալ, հեռախոսահամարները անձնական տալ, ընտանիքի անդամներին սպառնալ, ուլտիմատումներ ներկայացնել… Գիտեք ինչ, նույնիսկ այդ պարագայում եթե ստացվի հաջողության հասնել, շարունակությունը շատ ավելի ողբերգական է լինելու, քան իրականությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Առանց պարկեշտութեան ոչ մէկ յոյս չկայ։
“Մենք պետք է շատ գիտակից լինենք, իրար մեջ թշնամի չփնտրենք:”
Եւ
“Բայց մենք մի ազգ ենք, պետք է զգույշ լինենք, որ մեր թշնամին չօգտվի դրանից, ինչը ցավոք հիմա լինում է”
Աներես ամբարտաւան մը չէ որ մեզի ճիշդ ուղին պիտի ցոյց տայ։ իսկ ալէնը, այնքան ատեն որ իր ներքին պառակտող խօսելա-գործելաոճը չընդունիր, կը մնայ աներես ամբարտաւան մը։
Նորէն, առանց պարկեշտութեան ոչ մէկ յոյս չկայ։