Ընդդիմադիր 16 կուսակցությունների աջակիցների ցույցը՝ վարչապետի հրաժարականի պահանջով այսօր ժամը 11:00-ից շարունակվեց կառավարության շենքի մոտ, եւ ցույցի կազմակերպիչներից ու մասնակիցներից ոմանց ոստիկանները բերման ենթարկեցին: Ի թիվս այլոց բերման էր ենթարկվել նաեւ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը: Aravot.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ իր նկատմամբ ապօրինի վարչական ձերբակալություն են իրականացրել, երբ ընդամենը կանգնած է եղել մայթին:
«Ոստիկանությունն ասում էր` մայթից հետ գնացեք, ես խնդրեցի իրավական հիմքեր, որպեսզի իմանամ` ոստիկանի պահանջն օրինակա՞ն է, թե ոչ, իրենք երկար-բարակ չխոսեցին, միանգամից ուժի գործադրմամբ ինձ տեղափոխեցին Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժին: Ես հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, մասնավորապես իշխանության լիազորություններն անցնելու վերաբերյալ, որն ուղղորդվել է բռնությամբ»,-ասաց Արսեն Բաբայանը:
Նա մանրամասնեց, որ կանգնած են եղել փոստատան մոտ` ինքը, Լիլիթ Գալստյանը եւ իրենց կուսակցության անդամներից մեկը. «Մի մասը ոստիկանության պատն էր, ես նրանց բացատրեցի, որ ուղղակի պատրաստվում եմ փողոցն անցնել, ընդ որում փողոցը փակելու հետ կապված ոչ մի բան չէի արել: Մարդիկ որոշեցին, որ ոչ մի կերպ չեն կարենալու հիմնավորում տալ իրենց գործողություններում, ուրեմն ավելի լավ է բերման ենթարկենք, վարչական ձերբակալում իրականացնենք: Հիմա արդեն դուրս եմ եկել եւ ինչպես արդեն նշեցի, հաղորդում եմ տվել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ