ՀՖԿՍՊԻ-ն եւ «Ուրարտու» ՖԱ-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին: Արարողությունից հետո Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանն Aravot.am-ին ասաց. «Ես կարեւորում եմ առկա եւ ապագա գործատուների հետ մեր հարաբերությունները որակական նոր հարթություն բարձրացնելը: Տվյալ դեպքում «Ուրարտու» ՖԱ-ում, որը հայկական ֆուտբոլային աշխարհում ճանաչված ակումբ է, մեր շրջանավարտները պետք է կարողանան տեսական ու գործնական գիտելիքներով լավագույնս համալրել ակումբը, իրենց արժանի տեղը գտնել «Ուրարտուի» մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերում: Մենք հետագայում կունենանք համագործակցության տարբեր ոլորտներ եւս, ինչպիսիք են պրակտիկայի անցկացումը, համատեղ կոնֆերանսներ կազմակերպելը, ծրագրեր մշակելը եւ այլ գաղափարներ իրականացնելը: Մենք այսօր ներկա եղանք նաեւ ինստիտուտում «Ուրարտու» ՖԱ ստենդի բացմանը, որը դիդակտիկ առումով ավելի տեսանելի է դարձնում ակումբի գործունեությունը: Կարճ ասած, ինձ համար ընդունելի են ամեն տեսակի համագործակցությունները մեր ոլորտի լավագույն ակումբների եւ մարզական ֆեդերացիաների հետ»:
«Ուրարտու» ՖԱ գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը նշեց. «Ինչպես բազմաթիվ այլ ոլորտներում ֆուտբոլն էլ ունի մասնագետների կարիք: Որպես գործատու, որն ունի շուրջ հազար երեխա, որոնք ամենօրյա ռեժիմով մարզվում են, ինստիտուտի ուսանողներն ու շրջանավարտները կարող են նրանց հետ համապատասխան աշխատանքներ տանել: Մենք նպատակ ունենք համատեղ աշխատանքով ավելի մասսայականացնել ֆուտբոլ մարզաձեւը: Վստահ եմ, որ այսօրվա հուշագրով հաստատվող մեր համագործակցությունը կնպաստի ֆուտբոլի ինչպես մասսայականացմանը, այլեւ որակական զարգացմանը»:
Այս համագործակցությունը իրական է դարձնում նաեւ գիտական հետազոտությունների բնագավառը, առանց որի այսօր անհնար է սպորտում հասնել լավագույն արդյունքների: Իսկ ՀՖԿՍՊԻ-ի գիտական լաբորատորիան լավագույն հնարավորություններն ունի տարածաշրջանում, որի ծառայությունից արդեն իսկ պարբերաբար օգտվում են այլ ակումբներ ու մարզաձեւերի ներկայացուցիչներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ