«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի կարծիքով՝ քաղհասարակության գնահատականները հակասական են:
«Հոդված 3» ակումբում Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով հրավիրված քննարկման ժամանակ նա ասաց. «Իհարկե, քաղհասարակության՝ իմ կարծիքով մի մասի գնահատականը պատերազմից առաջ էլ առանձնապես դրական չէր: Ես այսօր ավելի բացասական գնահատականներ եմ լսում, և առհասարակ պատերազմից հետո էլ: Իմ՝ պատգամավորի դիրքից, երբ ես լսում եմ քննադատությունները, իհարկե, շատ հարցերում կարող եմ համաձայնել առնվազն՝ որպես հնչեցված տեսակետ, բայց նաև տեսնում եմ որոշակի հակասություն այդ քննադատությունների մեջ: Քանի որ ՀՀ-ում հեղափոխությունից հետո միանգամից կայացած ժողովրդավարություն չենք կարող ունենալ, սրա շուրջ համաձայնել կարող ենք, ապա այնպես է ստացվում, որ այն ռեֆորմները, որոնք քաղհասարակությունը մեզնից պահանջում է իրագործել, դառնում են կենաց մահու խնդիր: Ստացվում է, որ մենք սովորական ժողովրդավարական շրջափուլի մեջ չենք, որտեղ քաղհասարակությունը հերթական իշխանությունների հետ աշխատում է այս կամ այն քաղաքականության առաջմղման շուրջ: Եթե դա չի ստացվում, քանի որ տվյալ կառավարող ուժը այդ օրակարգի կրողը չէ, ապա կարելի է սպասել հինգ տարի. հաջորդ խորհրդարանի կամ կառավարության հետ փորձել այս կամ այն ռեֆորմներն առաջ տանել, ինչպես կայացած ժողովրդավարություններում են լինում»:
Ըստ պատգամավորի՝ բարեփոխումների հետ կապված հարցերը մեզանում դարձել են սուր քաղաքական հարցեր, ոչ թե քաղաքականությունների հարցեր: Նա նշեց՝ կուզենար, որ ՀՀ-ում ժողովրդավարությունը լիներ շատ ամուր և թույլ չտար, որ դրա գործիքներն օգտագործվեն իր դեմ:
Նա մանրամասնեց, թե ինչ նկատի ունի, երբ ասում է, որ քաղհասարակության գնահատականները հակասական են. «Պահանջ կա ձևակերպված, որ որոշակի դիսկուրսների կրող խմբերի նկատմամբ պետք է անողոք վերաբերմունք դրսևորի պետությունը իրավական տեսանկյունից: Դա շատ լեգիտիմ պահանջ է, քանի որ ֆաշիստական կամ բռնության կոչեր պարունակող դիսկուրսները թույլատրելիի սահմանում չեն: Բայց մյուս կողմից տեսնում եմ՝ այն գործիքը, որով պետությունը պետք է արձագանքեր այդ երևույթին, նույնպես սուր քննադատության է ենթարկվում. ասում են, որ ոստիկանական ուժերի թիվն է չափից շատ մի հավաքի նկատմամբ, որի նախորդները պարունակում են բռնության կոչեր, որի մասնակից անձանց հետ փոխկապակցված անձինք պետության շենքերի վրա են հարձակվել և մահափորձ կատարել ԱԺ նախագահի վրա: Կապը լավ պատկերացնենք: Կամ ոստիկանական ուժերը պիտի այդտեղ լինեն և ապահովեն հնարավոր գործողությունների կանխում, որ ձեր լեգիտիմ պահանջը բավարարվի, որ համապարփակ դատապարտենք բոլոր այդ արատավոր դրսևորումները, կամ չպետք է լինեն,և խոսքի ազատությունը պետք է իր բոլոր՝ ոչ խոսքի ազատության կոնցեպտի մեջ տեղավորվող դրսևորումներով սփռվի մեր հանրային տիրույթում և խեղդի բոլորիս»:
Կարդացեք նաև
Քաղաքական կամքի բացակայության պատճառով դատաիրավական բարեփոխումներին չհասնելու հետ կապված քննադատությունների առիթով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը պատճառաբանեց՝ օրինակ բերելով ռեսուրսն ու ժամանակը:
Խոսելով քննադատությունների մասին, թե իրենք հների նման են, Մարիա Կարապետյանն ասաց. «Ինձ համար շատ ցավալի է, որ նախկին իշխանությունները մեզ անվանում են սորոսական, իսկ քաղհասարակությունը մեզ անվանում է փաստորեն հանրապետական: Գուցե երկու պնդման մեջ էլ ճշմարտացիություն կա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ