Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Առուստամյան, ձեզ հայտնի էին ռուսական դրամաշնորհի եւ չինական վարկի բոլոր ապօրինի գործարքները». Բաբաջանյան

Դեկտեմբեր 10,2020 14:57

«Պարոն Առուստամյան, ձեզ ի՞նչ է հայտնի 2017-18թթ., եթե չեմ սխալվում, չինական 25 միլիոնանոց վարկի մասին: Քրեական գործ կա հարուցված, որով անցնում են ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, նրա տեղակալը: 1,5 միլիարդ դրամ վատնումի մասին է խոսքը, եթե չեմ սխալվում»,-ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի կողմից որպես թեկնածու առաջադրված, տնտեսագետ Կարեն Առուստամյանին այսօր ԱԺ լիագումար նիստում նման հարցադրում հղեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա շարունակեց. «Ձեզ ի՞նչ է հայտնի ռուսական 16 միլիոն դոլարի դրամաշնորհի մասին, որից տասը միլիոնը վերաբերում է «Այո Նեթվորքս» ընկերության հետ կնքված գործարքին: Ի՞նչ է եղել այդ դրամաշնորհի հետ: Հարուցված քրեական գործ կա, որով կրկին անցնում է Գագիկ Խաչատրյանը, որդիներն ու ազգականները, որոնք հարկային եւ մաքսային մարմիններին ապրանք են մատակարարել: Խաչատրյանը հանձնարարել է օգտվել հենց «Այո Նեթվորքս» ընկերության ծառայություններից, որը պատկանում է որդիներին: Կարող եմ պնդել, որ ձեզ, պարոն Առուստամյան, հայտնի էին ռուսական դրամաշնորհի եւ չինական վարկի բոլոր ապօրինի գործարքները: Եթե հայտնի էին, խախտումներ չե՞ք տեսել: Եթե տեսել եք, ի՞նչ միջոց եք ձեռնարկել, ներկայացրե՞լ եք պալատին: Դիմադրության հանդիպելով՝ փորձե՞լ եք այլ միջոցներով կանխել, բացահայտել պետությանը խոշոր չափի վնասների մասին: Իմ ուսումնասիրությամբ՝ միջոցներ չեք ձեռնարկել, որովհետեւ հաշվեքննիչ պալատը մաֆիական կաստա է, եւ մեկդ մյուսին պահելու խիստ սովորույթ ունեք»:

Կարեն Առուստամյանն արձագանքեց. «Իմ կարծիքով՝ պարոն Բաբաջանյանի դիտարկումները շատ մասնավոր, քաղաքական բնույթ են կրում, դրանց չեմ էլ անդրադառնա, որովհետեւ հաշվեքննիչ պալատի անդամը քաղաքականապես չեզոք պետք է լինի, դա իմ գործը չի: Ինչ վերաբերում է մասնագիտական խնդիրներին, ապա ասեմ, որ որոշ տեղեկություններ իմ մասով չեն համապատասխանում իրականությանը: ՊԵԿ-ի հետ կապված, այո, քրեական գործ կա: Չգիտեմ, թե ձեզ նման մանրամասներ որտեղից են հայտնի, բայց ես զերծ կմնամ՝ նախաքննության գաղտնիության սկզբունքը հաշվի առնելով: Շատ լավ է, որ նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները: Երբ այն ավարտվի, արդյունքները կիմանանք, ոչ թե անհատների մասնավոր կարծիքները: Իմ հասցեին հնչեցված գնահատականները մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը: Իմ առնչությամբ քրեական գործ չի եղել եւ վստահ եմ, որ չի լինելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031