Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտնեց, որ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը կվերցնի իր վրա:
«Ընդ որում, այդ ծախսերը վերցնում է՝ ծառայությունը կոնկրետ չկապելով որեւէ բուժհաստատության հետ։ Այսինքն՝ մենք քաղաքացուն ասում ենք՝ ով վերականգնողական բուժման կարիք ունի, որ իրենք ընտրեն, թե որտեղ են ուզում այդ բուժումն անցնել, եւ կառավարությունը կվճարի դրա համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ փոփոխություններ են մտցնում բյուջետային ծրագրերից մեկի ֆինանսավորման մեջ. «Մենք տարվա սկզբում արդեն նման մի բան արել էինք, զինծառայողների, ինչպես նաեւ փրկարար ծառայողների ու նրանց ընտանիքի անդամներին բժշկական ծառայության տրամադրման ֆինանսավորման մեխանիզմը փոխել էինք՝ դարձնելով բաց պայմանագրեր, որ բժշկական հաստատությունների տարեկան բյուջեները սահմանափակված չէին։ Իհարկե, այդ ամեն ինչն արվել էր հաշվարկների հիման վրա, որպեսզի տարվա վերջում դեֆիցիտ չառաջանա»:
Ըստ պարոն Թորոսյանի, նշյալ ծրագրում, սակայն բացակայում էր զինծառայողների՝ մարտական գործողությունների ժամանակ ստացած վիրավորումների անհրաժեշտ վերականգնողական բուժօգնությունը։ Իսկ այդ փոփոխությամբ առաջարկվում է այս ծառայությունները տեղափոխել բաց պայմանագրերի դաշտ, որպեսզի մերժումների եւ սահմանափակումների հարց չլինի:
Արսեն Թորոսյանի խոսքով, ցանկացած բժշկական հաստատություն, որն ունի նման ծառայություններ մատուցելու կարողություններ՝ հաստատված համապատասխան լիցենզիայով, կկարողանա այդ ծառայությունները մատուցել եւ հերթագրման ու մերժումների խնդիր չի առաջանա:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ