Լրահոս
Օրվա լրահոսը

«Վճարեցինք աֆրիկյան ընկերությանը, որ մեզ ծիրան աճեցնել սովորեցնի». պատգամավորը՝ ՀՊ անդամի թեկնածուին

Դեկտեմբեր 10,2020 13:46

«Հաշվեքննիչ պալատի ռազմավարությունն արդեն մշակվել է ըստ նախկին գնահատումների եւ դրանով փորձ է կատարվելու ավելի անկախ դարձնել հաշվեքննիչ պալատի աշխատանքը, թափանցիկությունը, ներդնել որակի կառավարման համակարգ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի կողմից որպես թեկնածու առաջադրված, տնտեսագետ Կարեն Առուստամյանը:

«Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց. «2013թ.-ին «Հայկական միրգ» ծրագրով տասը հազար տնկիներ բերվեցին՝ ընկուզենի, ծիրան, դեղձ արտադրելու համար, եւ այդ նպատակով աֆրիկյան ընկերությանը վճարել էինք, որ ճիշտ աճեցնենք հայկական ծիրանը…տնկիները փչացան: Դա բացահայտեց վերահսկիչ պալատը, ուղարկեց գործը դատախազություն, բայց ելքն այդպես էլ չիմացանք: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ ժամանակ ասում էր, որ մի քանի հարյուր գյուղացի զբաղվելու է մշակմամբ»:

Կարեն Առուստամյանն արձագանքեց՝ եթե հաշվեքննիչ պալատի բացահայտումներին հետագայում իրավական գնահատականներ չեն տրվում, հանրության մոտ վստահության նվազում է արձանագրվում. «Նախկինում ողջ պատասխանատվությունը դրված էր պալատի խորհրդի վրա, եւ գործն ուղարկվում էր դատախազություն, որտեղ ավարտվում էր պալատի լիազորությունը: Պալատը տեղեկատվական դեր էր տանում ու խոսում դրա մասին: Աշխարհում մոդելներ կան, որ աուդիտն ու քննչական գործառույթը մեկտեղված են, իսկ ՀՀ-ում ապակենտրոնացված համակարգ է գործում: Կհիշեք, որ պալատն ասում էր՝ դե մենք ուղարկել ենք, դատախազությունն էլ ասում էր՝ պալատն այս նյութը չի ուղարկել, բայց մենք գործ ենք հարուցել: Սա քաղաքական քննարկման խնդիր է՝ արդյոք ուզո՞ւմ ենք նման համակարգ ունենալ: Նապոլեոնը ժամանակին հաշվիչ դատարաններ ստեղծեց եւ բոլորին մեկտեղեց»:

Կարեն Առուստամյանի խոսքով. «Հիմա համակարգը որոշակիորեն փոխվել է, եւ պատասխանատվությունն ընկած է հաշվեքննողի վրա: Եթե նախկինում պալատում որոշումներ կարող էին կայացվել միայն վերահսկողությունից հետո, ապա հիմա, եթե հաշվեքննողը խնդիր նկատեց, բարձրաձայնում է: Հեղափոխությունից հետո ինքս զբաղվել եմ ակտիվ հաշվեքննությամբ եւ նման գործընթացներ նախաձեռնել եմ»:

«Իմ քայլից» Համազասպ Դանիելյանն էլ հետաքրքրվեց. «Որպես պետական համակարգում երկար ճանապարհ անցած մարդ, ի՞նչ կարծիք ունեք պալատի անդամների ընտրության կարգը վերանայելու օրենքի նախագծի մասին»:

Առուստամյանը պատասխանեց. «Այն ենթադրում է ընդլայնել հնարավորությունները, ես դեմ չեմ, ավելին՝ կողմ եմ, որովհետեւ համակարգում ավելի կարեւոր ֆիլտր ունենք: Հանձնաժողովը պետք է քննարկի եւ տա դրական եզրակացություն, հետո՝ այս դահլիճում կարեւոր որոշում կկայացվի: Բայց ես այլ համակարգեր էլ գիտեմ, օրինակ՝ հանրային հատվածի ոչ կարեւոր կամ ոչ արդյունավետ պաշտոն զբաղեցրած անձը կարող է առաջադրվել: Կան նաեւ մրցույթներ: Մենք պետք է առաջընթաց գրանցենք, որովհետեւ նախկինում պալատի անդամներն ուղիղ հրամանով էին նշանակվում, եւ միայն պալատի նախագահն ուներ անձեռնմխելիություն: Բացի այդ, առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք օրենքի այն դրույթին, որ պալատի պաշտոնյաները պետք է ունենան որակավորում՝ անկախ նրանից՝ հանրայի՞ն հատվածից են եկել, թե մասնավոր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031