Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարության կողմից որևէ հիմնավոր պատճառաբանություն ու հիմնավորում չի ներկայացվել, թե պատերազմական գործողություններից արդեն մեկ ամիս անց ինչու է ՀՀ-ն ռազմական դրության մեջ». Արաքս Մելքոնյան

Դեկտեմբեր 10,2020 13:34

«ՀՀ-ն մարդու իրավունքների տեսանկյունից այս ամիսների արհավիրքներին չկարողացավ պատշաճ արձագանքել»,- «Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկմանն այսպիսի մտահոգություն հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը:

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այս առիթով հրավիրված քննարկմանը Արաքս Մելքոնյանը փաստեց՝ արհավիրքները, ճգնաժամերը, պատերազմական իրավիճակը բերեցին մարդու իրավունքների սահմանափակումների և խնդիրների: Այնուհետև շարունակեց. «Հիմա էլ Հայաստանն՝ ի թիվս տնտեսական, սոցիալական ճգնաժամի, կանգնած է նաև մարդու իրավունքների բավականին մեծ ճգնաժամի առաջ: Ցանկացած լուծում, որը պիտի իրականացնի կառավարող ուժը, պետք է հիմնված լինի մարդու իրավունքների վրա»:

Նրա վստահեցմամբ՝ համավարակի պայմաններում կառավարությունը տապալեց համավարակի դեմ պայքարը ու հիմնավորեց. «Շատ դեպքերում կարող ենք խոսել մարդու կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ, այն առումով, որ բոլորին չէր հասանելի բժշկական օգնությունը. մարդ կարող էր ծանր աստիճանի թոքաբորբ ունենալ, բայց բացասական թեստի արդյունքով չհոսպիտալացվեր: Սա ոչ այլ ինչ է, քան կյանքի իրավունքի և առողջապահական համակարգի արձագանքի տապալում»:

Ըստ Արաքս Մելքոնյանի՝ արտակարգ իրավիճակի պայմաններում գրանցվել են մի շարք իրավունքների բացարձակ արգելք. «Հավաքների ազատության իրավունքի բացարձակ սահմանափակումը հիմա էլ՝ ռազմական դրության պայմաններում շարունակվում է: Ինձ համար սա խնդրահարույց է, և կառավարության կողմից որևէ հիմնավոր պատճառաբանություն ու հիմնավորում չի ներկայացվել, թե պատերազմական գործողություններից արդեն մեկ ամիս անց ինչու է ՀՀ-ն ռազմական դրության մեջ, նման լուրջ իրավունքների սահմանափակումներով»: Նրա փաստմամբ՝ ոստիկանության մեծ ռեսուրսների օգտագործումը ևս խնդրահարույց է. հաճախ նրանց թիվն ավելին է, քան բողոքի ցույցի մասնակիցների:

Նա արձանագրեց՝ հատկապես ռազմական դրության պայմաններում խոսքի ազատության տեսանկյունից խախտումներ, խոսքի ազատության կոպիտ միջամտություն ևս գրանցվել են:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031