Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երեք պոստ ենք անցել, մեզ ոչ ոք չի ասել, որ դեմը թուրքն է». Դավիթ Կատանյան

Դեկտեմբեր 10,2020 13:25

Պայմանագրային եւ ՄՈԲ-ի համալրումով Էջմիածնի «քիմիական» զորամասից ռազմաճակատ մեկնած եւ անհայտ կորածների հարազատները այսօր կրկին Էջմիածնում զորամասի մոտ են հավաքվել: Պատերազմի առաջին օրերին այս զորամասից 60 հոգի ռազմաճակատ է մեկնել, 34-ից առ այսօր տեղեկություն չկա:

Երկու օր առաջ նրանք մինչեւ ուշ գիշեր Պաշտպանության նախարարության շենքի մոտ էին: Անհայտ կորածներից մեկի կինը՝ Մանյա Մելոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր սպասում են, որ ՊՆ-ից գան եւ ռուսական խաղաղապահ ուժերի ղեկավար Մուրադովի փոխանցած տեղեկությունները՝ որոնողական աշխատանքներ սկսելու մասին, իրենց հայտնեն: «Այդ գիշեր մինչեւ ժամը 2-ը մնացել ենք նախարարության մոտ, գնդապետ Սամվել Ասատրյանը մեզ փոխանցեց, որ Օնիկ Գասպարյանը զրուցել է Մուրատովի հետ: Օնիկ Գասպարյանն ասել է, որ այսօր կգան զորամաս, 11.00-ին եւ Մուրատովից ստացած տեղեկությունները տան»,- ասաց նա:

«50 օրվա մեջ իր խոսքը հարգող սպայական կազմի չենք հանդիպել»,- բարկացած նետեց ծնողներից մեկը՝ հավելելով, որ այլ տարբերակ չունեն էլ, պիտի սպասեն՝ տեսնեն՝ ի՞նչ են ասում:

Երեկ Հայաստանին փոխանցված ռազմագերիները այս խմբից չեն եղել:

Ծնողներից մեկը ռուս խաղաղապահների հետ հեռախոսով կապ հաստատեց, նա փոխանցեց, որ այսօր Հադրութի շրջանում են երեք խմբեր որոնողական աշխատանքներ իրականացնում: Զանգելանի, Ջաբրաիլի շրջանները հերթի մեջ են եւ իրենք դեռ ասել չեն կարող, թե կոնկրետ Զանգելանում ե՞րբ կսկսեն որոնողական աշխատանքները: Խաղաղապահը հաստատեց, որ հայկական կողմից էլ են մասնակցում որոնողական աշխատանքներին:

Անհայտ կորածների ծնողները ցանկանում են, որ այս զորամասի հրամանատարն էլ մասնակցի Զանգելանում որոնողական աշխատանքներին, որտեղ գտնվում են 34 ծառայողները, քանի որ գտնում են, որ «նրա ձայնին երեխաները կարձագանքեն»:

Զորամասից ծնողներին մոտեցավ Արսեն անունով փոխգնդապետը. թեժ խոսակցություն եղավ, ծնողներից մեկը՝ 70-նն անց ծերունին, անզորությունից ցանկացավ խփել փոխգնդապետին: «Ինձ համար հաճելի է՞ ամեն օր գնամ նախարարություն, գամ ստեղ ջղայնանամ… կսպանեմ իրան, ես ոչ դատվելուց եմ վախենում, ոչ էլ… »,- դողացող ու զայրացած մի կերպ արտաբերում էր ծերունին: Փոխգնդապետին ծերունու հարվածից պաշտպանող զինվորականները արժանացան ծնողների նախատինքին. «Ինչի՞ եք պաշտպանում, թող մի հատ էլ Արսենին խփի, խասը չի թափվի: Մի քանիսի գլուխը, որ կոտրած լինեինք, մեզ հետ էսպես չէին վարվի»:

Նախօրեին նախարարությունում, ծնողներին ասել էին, որ մառախուղի պատճառով ուղեկցողը շփոթել է ճանապարհը ու այդ է պատճառը, որ ռազմաճակատ մեկնած զորախումբը հայտնվել է թուրքական շրջափակման մեջ:

Դավիթ Կատանյանն, որը եղել է կամավորական խմբի մեջ եւ ինչ-որ հրաշքով դուրս է եկել շրջափակումից, ասում է. «Մառախո՞ւղ, մառախուղ չի եղել, երեք պոստ ենք անցել, մեզ ոչ ոք չի ասել, որ դեմը թուրքն է»: Դավիթի եղբայրն ու ընկերն էլ են անհայտ կորած, այդ զորախմբից են: «Մենք դուրս ենք եկել՝ ողջ-առողջ, հանդիպել ենք գրադի անձնակազմին եւ հրետանավորներն ասում են, որ էդտեղ մարդ չպիտի գնար, հրետանին պիտի էդտեղ աշխատեր: Գեներալ Անդրանիկ Մակարյանն էր մեզ ուղեկցում: Ես քիմիկներին չեմ ճանաչում, մենք իրար հետ գնացել էինք, որ մենք գնանք մեր հետախուզությունն անենք՝ գանք, իրենք մեր թիկունքը պահեն, բայց լրիվ հակառակն է լինում ու մենք բոլորով ընկնում ենք շրջափակման մեջ: Որը որ բացառվում է էլի, որ BMP-ները չերեւա, իրենց նստեցման վայրն էր: Անգամ հակառակորդը չէր պատկերացնի, որ կարող է երեք ավտոբուս մարդ գնա էնտեղ: Իրենց մենք կոնկրետ անակնկալ ենք մատուցել, որ ոնց կարող են երեք ավտոբուս մտնեն: Ու ՊՆ ենք գնում, մեզ ոչ մի տվյալ չեն տալիս: Գնանք մի բան կոտրենք՝ մեզ պատասխանատվության կենթարկեն, այդքան երեխեքի տարաք՝ ոչ ոք պատասխան չի՞ տալիս: Ես Զանգելանից կապվել եմ Կապանի բրիգադ, ասել եմ շրջափակում է, վիրավոր, զոհ ունենք՝ օգնություն ուղարկեք: Չի եկել: Կապանի զորամասի տակ եմ գնացել գործողության: Բայց էսօր այդ զորամասից իմ գործերն ուղարկում են ռազմական ոստիկանություն, որ ինձ պատասխանատվության ենթարկեն, որպես դասալիք, որ Ջաբրայիլից, ռմբակոծության տակից սաղ եմ մնացել, հետ եմ քաշվել… ինձ ասում են՝ դու դասալիք ես: Բա թող զբաղվեն այն հարցով, որ օգնություն եմ ուզել, չի եկել… Ափսոսում եմ, որ պետության համար գնացել եմ պատերազմ…»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031