Դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։
ԱԳ նախարարը և Գլխավոր քարտուղարն անդրադարձան Covid -19 համավարակի ընթացքում կազմակերպության գործունեությանը, համավարակի հետևանքով ֆրանկոֆոն տարածքում առաջ եկած մարտահրավերներին:
Նախարար Այվազյանը Լուիզ Մուշիկիվաբոյին համապարփակ կերպով ներկայացրեց Հայաստանի և Արցախի դեմ թուրքադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով գոյացած հումանիտար ճգնաժամը և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Արա Այվազյանը Լուիզ Մուշիկիվաբոյի ուշադրությունը հրավիրեց պատերազմում Թուրքիայի հովանավորչությամբ ահաբեկչական խմբավորումների ուղիղ ներգրավվածության վրա` նշելով, որ դա լուրջ վտանգ է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև ողջ տարածաշրջանի անվտանգության համար։
Կարդացեք նաև
Օգտվելով առիթից՝ Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վերաբերյալ սկզբունքային և հստակ դիրքորոշման համար։
ՀՀ ԱԳՆ