Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մաթևոս Ասատրյան. «Մեզ այստեղ ուղղորդել է ժողովուրդը եւ ժողովուրդն էլ մեզ այստեղից դուրս կհանի». «Հրապարակ»

Դեկտեմբեր 10,2020 11:24

«Իմ քայլի» պատգամավորները վերջին երկու օրերին միաբերան նույն տեքստերն են արտաբերում՝ ժողովուրդը մեզ ընտրել է, ժողովուրդն էլ կհեռացնի։ Կարծես նրանց շպարգալկաներ են բաժանել, եւ նրանք կրկնում են նույն տեքստը։ Մեր զրուցակից՝ իմքայլական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը, որը Արագածոտնի մարզի Քուչակ համայնքից է, եւ նրա կենսագրության ամենանշանակալի դրվագը մարզադպրոցի տնօրեն աշխատած լինելն է, երեկ մեզ հետ զրույցում ինքնավստահությամբ հայտարարեց, թե հրապարակում Փաշինյանի հրաժարականը պահանջողները ժողովուրդը չէ, եւ միայն նրանք, ովքեր իրենց խորհրդարան են գործուղել, կարող են իրենց հանել խորհրդարանից։

– Պարոն Ասատրյան, Դուք է՞լ եք դեմ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, արտահերթ ընտրություններ անցկացնեն, որպեսզի իրավիճակը լիցքաթափվի։

– Ես կողմ եմ հետեւյալին․ քանի որ երկրում տիրող իրավիճակը քաոսային է՝ պայմանավորված թե՛ պատերազմով, թե՛ կորոնավիրուսով, այս պահին ես բացառում եմ ընտրություններ անցկացնելը, առավել եւս՝ վարչապետի հրաժարականը։ Մեզ այստեղ ուղղորդել է ժողովուրդը եւ ժողովուրդն էլ մեզ այստեղից դուրս կհանի։

– Իսկ կարո՞ղ է ժողովուրդը ձեզ ձայն էր տվել, որ հանձնեիք իր հայրենիքը։

– Իսկ ո՞վ է մտածում, որ մենք հանձնել ենք հայրենիքը։

– Ասում են՝ դուք դիվանագիտական ճակատում ձախողվեցիք, ինչը հանգեցրեց պատերազմի, ձեր առաջնորդին զգուշացրել էին սպասվող վտանգի մասին․․․

– 15-20 տարի կամ 25-30 տարի մենք խուսափել ենք դրանից, եւ, ի վերջո, պիտի գար ժամանակը՝ պատասխան տալու։ Խուսափել ենք Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելուց, եւ չի հաջողվել ոչ մի պարագայում։ Այսինքն, պատերազմն անխուսափելի էր, եւ կար տարբերակ, որ պատերազմ չլիներ։ Չլինելու տարբերակին, ինձնից սկսած, ոչ մեկը համաձայն չի եղել։ Այսինքն, եթե պատերազմը չլիներ, մենք ուղղակի այդ հողերը պիտի հանձնեինք թշնամուն։

– Պարտությունը պատասխանատվություն է ենթադրում, մարդիկ ասում են՝ ընդունեք, որ պարտվել եք, ու հեռացեք։

– Իհարկե, ենթադրում է, բայց պետք չէ մեկ մարդու վրա բարդել մեղքը եւ ասել, թե դու եկել ես, երկուսուկես տարվա ընթացքում հասցրել ես էս վիճակին։

– Ճի՞շտ եմ հասկանում՝ հիմա արդարացնում եք, որ նորմալ է այսքան զոհ տալը։ Ուզում էիք Ղարաբաղի հարցը լուծել՝ լուծեիք առանց պատերազմի, Նիկոլ Փաշինյանը 2018-ին հրապարակում խոստանում էր, որ մեկ գիշերում չի լուծվելու հարցը, ինքը քննարկելու է ժողովրդի հետ․․․ ինչո՞ւ չարեց։

– Լսեք, երբ բանը հասել է սրան, երբ ունեցանք այն, ինչ ունենք, ամենքս կարող ենք ենթադրություն անել, որ եթե պիտի սա լիներ, լավ էր չտալ, չհասնել սրան։ Ոչ մեկիս համար ընդունելի չէ այս իրավիճակը, մենք կորցրել ենք հողեր եւ մեր հարազատներին։ Ես՝ ինքս էլ հարազատ եմ կորցրել՝ եղբորս որդուն։
Հիմա, եթե ասում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, գալացողները, որ գալիս են, ի՞նչ փոփոխություն են անելու։

– Քաղաքական ուժերը, մտավորականները, շարքային քաղաքացիները, կաթողիկոսները․․․ նախկին նախագահները, գործող նախագահը։

– Ամեն մարդ իր մոտեցումն ունի, ամեն մարդ ինքը գիտի, թե ինչի է պահանջում։ Ես չեմ լսել էն ժողովրդի կարծիքը, որոնք որ ինձ բերել են այստեղ։ Ես իրենց հարցրել եմ, գիտեմ։

– Իսկ հրաժարական պահանջողներն ովքե՞ր են՝ ժողովո՞ւրդը չեն։

– Էդ ժողովուրդն այն ժամանակ, որ մենք եկել ենք այստեղ, այն ժամանակ էլ էին մեզ դեմ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031