Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մանուկյան. «Սխալները կարող են հետագա միջպետական վեճերի պատճառ դառնալ կամ սպառնալիքներ ստեղծել ազգային անվտանգության տեսանկյունից»

Դեկտեմբեր 10,2020 10:53

Երեկ ազգային ժողովում փոխվարչապետ Ավինյանը հայտարարեց, որ չկա ԻՐԱՎԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ որպես այդպիսին ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, ԻՐԱՎԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ վերջնական ամրագրված չէ։ Անկեղծ ասած, ինձ ծանոթ չէ ԻՐԱՎԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ իրավական կամ քաղաքական եզրույթը, և ամենայն հավանականությամբ կառավարության անդամը նկատի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը (դելիմիտացիա և դեմարկացիա)։ Միաժամանակ հայտարարվեց, որ «ամբողջ սահմանի երկայնքի վերաբերյալ իրավական փաստաթղթեր են նախապատրաստվում՝ գալիք սպասվելիք բանակցություններին, որը տեղի է ունենալու ամենայն հավանականությամբ հենց այս տարի՝ ռուս գործընկերների միջնորդությամբ»։

Ասվածից տպավորություն է ստեղծվում, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները սկսվելու են շատ մոտ ժամանակներս և հնարավորինս արագ ընթացք են ունենալու։ Այս մտահոգությունը հաստատվում է նաև թշնամու զորքերի տարօրինակ ակտիվությամբ, երբ վերջիններս միակողմանի գործողություններ էին կատարում Հայաստանի սահմանի մոտ սահմանանշումներ անելով և արգելափակոցներ տեղադրելով։

Առիթ է հիշեցնել, որ արտաքին հարաբերությունների դաշտում դելիմիտացիան և դեմարկացիան ամենաբարդ և ժամանակատար աշխատանքներից են։ Հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ շահերի բախումը և պատերազմները մշտական ուղեկից են, պետությունները շատ զգույշ և հեռատես պետք է լինեն այս հարցերի վերաբերյալ քաղաքական որոշումներ կայացնելիս։ Նման խնդիրներում շտապողականությունը և հնարավոր սխալները կարող են հետագա միջպետական վեճերի պատճառ դառնալ կամ լուրջ սպառնալիքներ ստեղծել ազգային անվտանգության տեսանկյունից։ Միջազգային հարաբերություններում բազմաթիվ են տարածքային վեճերի օրինակները, որոնք երկրներին տարիներով, հաճախ տասնամյակներով հնարավորություն չեն տալիս սահմանագծում և սահմանազատում իրականացնել։ Հաճախ այդ սահմանային վեճերը բերում են նոր պատերազմների։

Հարավկովկասյան տարածաշրջանն այս առումով բացառություն չէ։ Նման երկկողմ ֆորմատի բանակցություններ անկախության հռչակումից հետո մինչ օրս տարվում են Հայաստանի և Վրաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև։ Գործում են համապատասխան հանձնաժողովներ։ Այսինքն, շուրջ 30 տարի հնարավոր չի լինում ավարտել այս աշխատանքները, իսկ բանակցությունները շարունակվում են։

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքներն ունեն մի կարևոր առանձնահատկություն. անկախ այն հանգամանքից, թե պետական սահմանների ճշգրտման արդյունքում քանի վիճելի հատվածների վերաբերյալ է համաձայնություն ձևավորվել, սահմանագծումն ու սահմանազատումը չեն կարող ավարտված համարվել, եթե գեթ մեկ վիճելի հատված դեռ մնացել է։ Ինչո՞ւ է այսպես։ Խնդիրն այն է, որ սահմանային վիճելի տարածքների շուրջ համաձայնությունները ձևավորվում են ՓՈԽԶԻՋՈՒՄԱՅԻՆ սկզբունքով, փորձելով պահպանել բալանսը և արդարության սկզբունքը։ Հետևաբար, գեթ մեկ հատվածի շուրջ անհամաձայնությունը զրոյացնում է մյուս բոլոր հատվածների վերաբերյալ կոնսենսուսը։ Այս աքսիոմատիկ ճշմարտությունը պիտի «ականջի օղ» անեն հայկական կողմի համապատասխան պաշտոնյաները, որպեսզի հետագայում այս առումով նրանց այլ բնույթի հարցադրումներ չարվեն։

Ավելորդ չի լինի հիշեցնել վերջերս Վրաստանում տեղի ունեցած սկանդալային ձերբակալությունները, որոնց պատճառը Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքների ընթացքում կատարված ապօրինություններն էին։ Սեպտեմբերի 30-ին Վրաստանի դատախազությունը հայտարարություն տարածեց, որի համաձայն հարուցվել էր քրեական գործ՝ Վրաստանի տարածքի մի մասը այլ երկրի տալու մեղադրանքով: Ըստ դատախազության ներկայացրած մեղադրանքի՝ հետաքննության ընթացքում հաջողվել է պարզել, որ այն քարտեզները, որոնցով առաջնորդվել են կասկածյալները, հակասել են Վրաստանի պատմական սահմաններին, այդ թվում՝ «Դավիթ Գարեջի» վանական համալիրի մասով։

Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀՀ արդարադատության նախկին նախարար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031