2018 թվականի իշխանափոխությունից հետո մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ ահազանգում էին, որ պետությունը գնում է սխալ ճանապարհով, քննադատում էին իշխանությունների կատարած սխալները, առկա թերացումները, արդյունքում ստանում էին «հակահեղափոխական» տիտղոսը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մեր հասարակությունը կանգնեց փաստի առաջ, երբ պարզ դարձավ, որ պատերազմական 44 օրերից հետո մեր երկրի փաստացի ղեկավարը ստորագրել է կապիտուլյացիոն մի փաստաթուղթ, որի համաձայն, մենք զրկվեցինք Արցախից, սկսվեցին ոտնձգություններ Հայաստանի Հանրապետության պետական սահմանների նկատմամբ։ Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը նշում է՝ եթե վերադառնանք 2018 թվականին, ապա իշխանությունը զավթած ուժերը խնդիր ունեին իրենց արարքները լեգիտիմացնելու։
«Ես համարում եմ, որ դա բնական պրոցես չէր, և իսկապես իշխանազավթում էր։ Նախկինները լավն էին, թե վատը, դա ուրիշ հարց է։ Բայց 2018 թվականին տեղի ունեցավ իշխանության զավթում։ Կարծում եմ, որ նրանք օգտագործեցին բոլոր հնարավոր մեթոդները, որպեսզի լեգիտիմացնեն իրենց արածը։ Դրա համար էլ եղավ սև փիառը բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր խոսում էին: Ես ևս անմասն չմնացի դրանից՝ տարբեր մեսիջներ, հայհոյանքներ ստանալով և այլն։ Այդ ամեն ինչի միջով անցնելով՝ հասկացա, որ իրենց դա էր պետք։ Գուցե նաև հեռակա պլաններում կային այն պրոցեսները, որոնք այս 1-2 ամսվա մեջ կատարվեցին։ Միգուցե և կար նման խնդիր, որ հետո ավելի հեշտ լինի հրամցնել այն ամենը, ինչը նախատեսվում էր։ Իսկ այն, ինչ նախատեսված էր, ժամանակը ցույց տվեց, որ իրականում գծած երկարատև գործընթաց էր, որը, ցավոք, իրականացավ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սահակյանցը։
Ռեժիսորն ընդգծում է՝ հիմա գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ մեր հասարակությունը պետք է գնա հաշտեցման ճանապարհով։ «Պետք է հաշտեցնել հասարակությանը, փորձել սովորեցնել, որ լսեն ուրիշի կարծիքը։ Մենք, նույնիսկ քննադատելով, երկու տարի լսել ենք այն ուժերի կարծիքը, որոնց հետ կատեգորիկ համաձայն չէինք։ Կարծում եմ՝ հիմա նույն պրոցեսը պետք է անցնի հասարակությունը, որը սատարում էր այդ ուժերին։ Նրանք պետք է իրենք իրենց մեջ խոստովանեն սխալը, դա մեղք չի համարվի։ Չնայած, երբ խորհում ես զոհվածների և կորցրած տարածքների մասին, մտածում ես՝ դա սարսափելի, աններելի սխալ էր։ Մարդիկ պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ սխալ են գործել ու սկսեն լսել այլ կարծիքներ, հասկանան պատճառներն այն ամենի, ինչ կատարվում է։ Կա, իհարկե, զանգված, որը երբեք չի փոխվի ու կմնա իր մտքին, բայց կարծում եմ, որ զարթոնքը տեղի է ունեցել, շատ ափսոս, որ նման գնով այդ ամենը եղավ»,-հավելում է մուլտիպլիկատորը: Նշում է՝ եղավ այն, ինչ եղավ:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։