«Ամերիկայի ձայն». Թուրքական ստվերային ուլտրա-ազգայնական խմբավորումը Եվրոպայում էլ ավելի է ուշադրության կենտրոնում հայտնվել, երբ նոյեմբերին ֆրանսիացի պաշտոնյաներն արգելեցին նրանց բռնի գործողություններ և ատելության խոսքեր հրահրելու համար:
«Գորշ գայլերը» տասնամյակներ շարունակ գործում են Թուրքիայում և մեղադրվում են քաղաքական մղումներով բռնությունների մեջ հիմնականում էթնիկ քրդերի և Թուրքիայի ալևի աղանդավորական փոքրամասնության դեմ: Բայց ազդակներ կան, որ խումբն ընդլայնում է իր գործունեությունն արտերկրում:
Հոկտեմբերի վերջին ֆրանսիական ոստիկանությունը հաղորդեց, որ Լիոնի մերձակայքում գտնվող Դեքինս-Շարպիե քաղաքում չորս մարդ է վիրավորվել թուրք ազգայնականների և հայերի միջև բախումների հետևանքով, որոնք գրանցվել են Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի դեմ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ: Իսկ նոյեմբերին Լիոնից դուրս գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրը պղծվեց դեղին գրաֆիտիերով:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն ավելի ուշ Twitter-ում հայտարարեց, որ այդ խմբավորումն արգելված է Ֆրանսիայում՝ ասելով, որ այն «խտրականություն և ատելություն է տարածում բռնի գործողությունների միջոցով»:
Կարդացեք նաև
Թուրքիայի արտգործնախարարությունն անմիջապես արձագանքեց՝ շարժումը որակելով «խայտառակ»՝ առանց իրականում ընդունելով«Գորշ գայլերի» գոյությունը:
Ֆրանսիայի արգելքն այն ժամանակ էր, երբ Թուրքիայի պաշտոնատար անձինք վերջին շաբաթներին խստորեն քննադատում էին Ֆրանսիայի կառավարության գործողություններն իսլամիստական ծայրահեղականության դեմ: Այդ լարվածությունը վերածվեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև փոխադարձ վիրավորանքների:
Դառնալով արգելքին ՝ Թուրքիայի արտգործնախարարությունը մեղադրեց Ֆրանսիայի կառավարությանը չափից մեծ արձագանք դրսևորելու մեջ:
«Գորշ գայլերը» Թուրքիայում
Ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր»-ին քաղաքական առումով որակում են «իդեալիստական շարժում»:
1968 թվականին այն հիմնադրվեց որպես ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) ռազմականացված թև, որն այժմ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) քաղաքական դաշնակիցն է:
Հաղորդվում է, որ տարիների ընթացքում խումբը ներգրավված է եղել Թուրքիայում քաղաքական դրդապատճառներով սպանությունների մեջ, հիմնականում ձախ քաղաքական առաջնորդների և էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների:
Թուրքական լրատվամիջոցներում հերքեցին, թե այդ խմբավորումները գործում են Թուրքիայի սահմաններից դուրս:
«Այսօր այդպիսի կազմակերպություն գոյություն չունի, և գայլի խորհրդանիշն օգտագործում են բոլորը»,-«Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ֆրանս-թուրքական ֆեդերացիայի ղեկավար Օրհան Իլհանը:
Այնուամենայնիվ, ըստ Ստամբուլում գործող «Gazete Duvar» լրատվականի սյունակագրի, թուրք ազգայնականները, որոնք համակրում են «Գորշ գայլերին», շարունակում են ակտիվ լինել Եվրոպայում՝ տարբեր կազմակերպությունների ներքո:
Եվրոպայում «Գորշ գայլեր» անունով պաշտոնական կազմակերպության բացակայությունը չի նշանակում, որ չկա որևէ քաղաքական շարժում, որն իրեն «Գորշ գայլեր» է անվանում:
ԵՄ-ն՝ ընդդեմ ահաբեկչության
Ֆրանսիայի իշխանությունների կողմից արգելքից հետո եվրոպական այլ երկրների պաշտոնյաները խնդրել են նման գործողություններ իրականացնել ծայրահեղական կազմակերպությունների դեմ ընդլայնվող արշավի շրջանակներում:
Եվրախորհրդարանի չորս իտալացի անդամներ առաջարկել են « Գորշ գայլերին» ներառել Եվրամիության ահաբեկչական ցուցակում`ասելով, որ այն կապ ունի թուրքական ծայրահեղ աջ և արմատական իսլամիստ ուժերի հետ, ինչպես նաև խմբի որոշ անդամներ Եվրոպայում զբաղվել են ապստամբ և ապակայունացնող գործունեությամբ»:
Նոյեմբերի 18-ին Գերմանիայի Բունդեսթագը միջնորդություն է ընդունել, որով կառավարությանը կոչ է արվել անօրինական ճանաչել խմբի դուստր կառույցներին, կանխել առցանց ագիտացիան և վերահսկել գործունեությունը:
«Այժմ հերթը «Գորշ գայլեր»-ինն է: Մենք հնարավորություն ունենք դադարեցնել նրանց գործողությունները մարդկանց դեմ, ովքեր միասին և խաղաղ ապրում են»,- «Ամերիկայի ձայնին» ասել է Գերմանիայի ընդդիմադիր օրենսդիր Սեմ Օզդեմիրը:
Արուս ՀԱԿՈԲՅԱՆ