Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը, Ադրբեջանի՝ թուրքական «վիլայեթ» դառնալու հեռանկարն ու Էրդողանի հավակնությունների բարձր նշաձողը

Դեկտեմբեր 10,2020 10:00

Վաշինգտոնը առաջ է քաշում Ռուսաստան-Թուրքիա համաձայնությամբ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության արդար լինել-չլինելու հարցը

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերն ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաջնահերթությունների ու գործունեության վերաբերյալ լսումների հիմնական բանախոսն է եղել օրերս: Լսումներում անդրադարձ է կատարվել նաեւ ղարաբաղյան հակամարտության թեմային:

Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ բարձրաստիճան դիվանագետը ողջունել է ռազմական գործողությունների դադարեցումը ղարաբաղյան հակամարտության գոտում: Ռիկերը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ու համանախագահների դերը վերջին երեք տասնամյակում փխրուն խաղաղության պահպանման հարցում: Նրա կարծիքով դրա շնորհիվ հնարավոր եղավ խուսափել բռնության այնպիսի դրսեւորումներից, որոնք գրանցվեցին վերջին շրջանում: «Մենք շարունակում ենք հավատալ, որ այստեղ երկարաժամկետ ռազմական լուծում չկա: Տասնամյակներ առաջ Հայաստանի հաղթանակը ռազմի դաշտում վերջ չդրեց հակամարտությանը: Մենք փորձեցինք դիվանագիտության միջոցով հեռու պահել կողմերին բռնությունից: Կասկածում եմ, որ ռազմական լուծումը կարող է այս անգամ եւս ուրիշ արդյունք գրանցել»,- նկատել է Ռիկերը:

Նա շեշտել է, որ աշխատում են մյուս համանախագահող երկրների՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ, ապա պետքարտուղարի տեղակալը ուշագրավ դիտարկում է արել. «Դեռ շատ հարցեր ունենք Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի, այստեղ Թուրքիայի դերակատարության մասին: Չափազանց մտահոգված էինք եւ հայտնել ենք մեր մտահոգությունները Թուրքիայի դերի վերաբերյալ այստեղ տեղափոխված օտարերկրյա զինյալների եւ տրամադրվող զենք-զինամթերքի վերաբերյալ քննարկումներին»: Ռիկերը հայտնել է, որ այս հարցերը շարունակում են մտահոգել Վաշինգտոնին եւ գտնվում են Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի երկխոսության օրակարգում: Ապա՝ նա հայտնել է, որ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը, որը Ժնեւում էր՝ Վրաստանի հետ կապված հանդիպումներին մասնակցելու նպատակով, շաբաթվա վերջին նախատեսում է մյուս համանախագահների հետ մեկնել Բաքու եւ Երեւան, որտեղ էլ կքննարկվեն խաղաղ գործընթացի վերականգնման եւ դիվանագիտական հարթակ վերադառնալու հարցերը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը շեշտել է. «ԵԱՀԿ-ն այս առումով ճիշտ հարթակ է: Մենք պարզապես կարող ենք հուսալ, որ տեւական խաղաղության կհասնենք, որպեսզի ստիպված չլինենք ականատես լինելու մարդկային նոր կորուստների եւ քաղաքացիական բնակչության տառապանքների, որոնք գրանցվել են վերջին մի քանի ամիսների ընթացքում»:

Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո պաշտոնական Վաշինգտոնը Ռիկերի շուրթերով, փաստորեն, առաջ է քաշում Ռուսաստան-Թուրքիա համաձայնությամբ փաստաթղթի, այսպես ասած՝ արդար լինել-չլինելու հարցը: Ամերիկյան վարչակազմը Արցախի պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ներգրավվածության մասին վստահաբար նոր չի տեղեկացել: Պատերազմի ընթացքում տարածաշրջան սիրիացի վարձկաններ տեղափոխելու թեման շոշափելուց բացի, ամերիկյան վարչակազմը գործուն քայլեր չձեռնարկեց կանխելու թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնությունները:

Այժմ մեր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության աճի պայմաններում՝ ԱՄՆ-ն սկսել է որոշակի ակտիվություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման շուրջ: Ըստ ամենայնի, նրանք ձգտում եմ խաղաղության համաձայնագրի ստորագրման բերել Հայաստանին ու Ադրբեջանին, այժմ արդեն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, այլ ոչ թե ռուս-թուրքական պայմանավորվածությունների ու սեպարատ բանակցությունների արդյունքում:

Եթե ԱՄՆ-ն իսկապես անհանգստացած է ղարաբաղյան վերջին պատերազմում Թուրքիայի դերակատարումից, ապա կարող է պատժամիջոցներ կիրառել պատերազմական բազմաթիվ հանցագործությունների փաստերի առիթով, որոնք արձանագրվել են պատերազմի ընթացքում եւ շարունակվում են մինչ օրս:
Իսկ Թուրքիան շարունակում է ցուցադրել տարածաշրջանային իր հավակնությունները: Դրա վառ ապացույցն է դեկտեմբերի 9-10-ը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի պաշտոնական այցն Ադրբեջան: Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, նախատեսված է Էրդողանի մասնակցությունը Բաքվում կայանալիք «հաղթանակի զորահանդեսին»։

Իսկ Ալիեւն, ինչպես երեւում է, հաշտվել է Ադրբեջանի՝ Թուրքիայի «վիլայեթի» կարգավիճակի հետ: Թուրքիայի աջակցությամբ Սիրիայից Ադրբեջան տեղափոխված սիրիացի վարձկանները դեռ չեն հեռացել Ադրբեջանից, ավելին՝ համառորեն մամուլում տեղեկություններ են տարածվում, որ Ադրբեջանին հանձնված տարածքներում են պատրաստվում նրանց տեղավորել՝ իրենց ընտանիքներով: Ալիեւն այդ մասին ոչինչ չի էլ խոսում:

Իսկ պաշտոնական Անկարան տարածաշրջանային գործընթացներում իր դերակատարությունը շարունակում է շեշտել: Օրերս Միջազգային համալսարանների խորհրդի կազմակերպած միջոցառմանը ելույթ է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, որն ասել է. «Նայե՛ք Կովկասին: Կովկասի կայունությունից եւ տնտեսական զարգացումից օգտվելու փոխարեն Հայաստանի պատճառով, որը ցանկանում էր շարունակել Ադրբեջանի տարածքների օկուպացիան, ինչպես նաեւ միջազգային համակարգի պատճառով, որը կողմ չէր դիվանագիտական ճանապարհով լուծմանը, խնդիրը շարունակվեց շուրջ 30 տարի»: Ըստ Ermenihaber-ի, Չավուշօղլուն, այնուհետեւ գալով Թուրքիայի «բազմավեկտոր քաղաքականության եւ բոլոր ուղիներով խնդիրների լուծման հնարավորություններին», ասել է. «Այնպիսի ընկալում չունենք, թե Լիբիայի հարցում ռազմադաշտում եւ բանակցային սեղանին ուժեղ ենք: Արեւելյան Միջերկրականում ուժեղ ենք եւ ամբողջը մենք ենք ուզում: Հայաստանի հողերի վրա աչք չունենք: Հիմա էլ ասում ենք, որ այս կարգավորումը լինելու է Հայաստանի եւ հայ ժողովրդի օգտին: Այդ իսկ պատճառով, մենք կողմ ենք արդար բաժանմանը (կիսելուն): Մենք ուժեղ ենք թե՛ բարոյապես եւ թե՛ իրավական առումով եւ մեր այդ ուժն առաջիկա գործընթացում շարունակելու ենք կիրառել հօգուտ բոլորի»:

Իսկ արդյո՞ք Ռուսաստանին դուր է գալիս Ադրբեջանի՝ Թուրքիայի «վիլայեթ» դառնալու փաստն ու մեր տարածաշրջանում Էրդողանի հավակնությունների այս բարձր նշաձողը… Ի վերջո, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, որը ռազմաքաղաքական ներկայությունն ու ազդեցությունն է ամրացնում Ադրբեջանում:
Կամ՝ Պուտինը մոռացե՞լ է նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից մի քանի ժամ առաջ թուրք-ադրբեջանական սադրանքը, երբ ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող ԾՌ-24 ուղղաթիռը զենիթահրթիռային համակարգից խոցվեց Հայաստանի օդային տարածքում՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ, ուղղաթիռի 2 օդաչուները զոհվեցին, իսկ երրորդը՝ վիրավորվեց։ ՌԴ-ն դեռ սպասում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հավաստիացումների շուտափույթ իրագործմանը՝ «միջադեպի ուսումնասիրության» վերաբերյալ։

Ինչպես երեւում է, Մոսկվան արդեն հիշեցնում է, որ երկար չեն սպասելու: Օրերս հայտնի դարձավ, որ «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես արգելք է դնում Ադրբեջանից Ռուսաստանի տարածք լոլիկի եւ խնձորի ներմուծման վրա: Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ «Ռոսսելխոզնադզորը» բազմիցս տեղեկացրել է Ադրբեջանի Պարենի անվտանգության գործակալությանը, որ պարբերաբար բացահայտվել են դեպքեր, երբ ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինի տակ գտնվող արտադրանք է ներմուծվել Ռուսաստանի տարածք: Նշվում է, որ 2020թ. հոկտեմբերի 22-ից բացահայտվել է այդպիսի 17 դեպք: Ըստ հաղորդագրության՝ ֆիտոսանիտար բարօրության պահպանման նկատառումներով դեկտեմբերի 10-ից դադարեցվում է ադրբեջանական ծագման լոլիկի եւ խնձորի ներմուծումը Ռուսաստանի տարածք:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 10.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031