Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն ու ավագանու 13 անդամից 5-ը երեկ հանդես եկան կոչով՝ միանալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Սրան զուգահեռ տարածված հաղորդագրության մեջ նաեւ կոչ էր արվում բնակիչներին միանալ հրաժարականի պահանջին ու նոր Կառավարություն ստեղծելու գործին:
Քաղաքապետի ու ավագանու նշված անդամների կոչը բուռն քննարկումների առիթ դարձավ սոցիալական ցանցերում: Մեկնաբանությունների գերակշռող մասը քննադատեց հնչեցված կոչը՝ քաղաքապետին հորդորելով օր առաջ հրաժարական տալ: Շատերը ՀՀԿ-ական քաղաքապետին նաեւ հիշեցրին, թե ինչպես էր նախորդ տարի դեկտեմբերի 7-ին վարչապետին խնդրում մասնակցել իրենց տանը պատրաստած հյուրասիրությանը՝ նշելով, թե չգալու դեպքում կինը՝ տիկին Հասմիկը, իրեն տուն չի թողնի:
Սպիտակի բնակիչ Արթուր Միրզոյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ քաղաքապետի կոչին՝ կապված վարչապետի հրաժարականի հետ, բացասաբար է վերաբերվում. «Նախ՝ ինքը չի ընտրել Նիկոլ Փաշինյանին, եւ հետո, ինքը պետք է քաղաքացիների կարծիքն էլ լսեր, նոր հայտարարություն կամ կոչ աներ: Դրա համար էլ ես որոշել եմ հանրահավաք կազմակերպել ու իր հրաժարականը պահանջել: Ինքը նախկին Կառավարության «մնացորդներից» է: Ինքը իր անունից իրավունք ուներ կոչ անելու, բայց տպավորություն է ստեղծվել, թե ամբողջ Սպիտակն է դեմ գործող իշխանությանը, իբր բոլորս հակաիշխանական ենք: Մենք հիմա նման երանգի տակ ենք հայտնվել»:
Կարդացեք նաև
ՀԺ-ի հետ զրույցում Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, անդրադառնալով իր կոչին ու համաքաղաքացիների կողմից արժանացած քննադատություններին, ասաց՝ ինքը իր անունից է կոչ արել, ոչ թե բնակիչների, չնայած որ, ըստ Սահակյանի, դրա իրավունքն ունեցել է իրեն տրված քվեներով. «Ես պահանջել եմ իմ անունից, ավագանին՝ իր, մենք մեր անձնական կարծիքն ենք արտահայտել, չնայած ես ու ավագանու անդամները, որոնք միացել են կոչին, լիարժեք իրավունք ունեինք նաեւ մեր ընտրողների անունից ներկայանալ: Ես ներկայացնում եմ քաղաքն ու բնակչությանը ամեն տեղ՝ թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ-ից դուրս: Ես ունեմ իրավասություն խոսել բնակչության անունից, անգամ եթե այս կոչը բնակչության անունից անեի, որեւէ մեկը իրավունք չունի ո՛չ բարոյական, ո՛չ էլ իրավական առումով ասել, որ դու մեր փոխարեն իրավունք չունես։ Դո՛ւք՝ ընտրողներդ եք ինձ լիազորել»,- ասաց քաղաքապետը:
Անդրադառնալով սոցիալական հարթակներում հրապարակված մեկնաբանություններին՝ ասաց՝ կարդացել ու ուսումնասիրել է, մեկնաբանությունների մեծ մասը ՀՀ սահմաններից դուրս ապրող մարդիկ են գրել, մի մասն էլ՝ ֆեյքեր. «Կա նաեւ մի հատված, որոնք իսկապես համակարծիք չեն ինձ հետ: Ես զարմանում եմ, որ տեքստը չեն կարդում, բայց ինձ մեղադրում են իրենց անունից խոսելու մեջ… ես իմ անունից եմ խոսել, սա արվել է իմ անունից, ու կոչ է եղել համաքաղաքացիներին միանալ ակցիային, նաեւ թվարկել եմ պատճառները: Եթե կա կոնստրուկտիվ մտածողություն էն մարդկանց մոտ, որոնք բացասական քոմենթներ են գրել, կարող են չհամաձայնել որոշ մտքերի հետ, բայց փորձել բռնանալ իմ կարծիքին, ոչ ոք իրավունք չունի թե՛ բարոյական ու թե՛ իրավական տեսանկյունից: Թող կետ առ կետ ասեն, թե ինչն եմ սխալ գրել՝ զոհեր չունե՞նք, վիրավորներ չունե՞նք, թե՞ տարածքային կորուստներ չունենք: Եթե ինձ կկարողանան հակառակը համոզել, ուրեմն ես ներողություն կխնդրեմ ու չեմ պահանջի վարչապետի հրաժարականը, բայց այսօր ոչինչ չի արվում թե՛ գերիների վերադարձի, թե՛ մյուս խնդիրների մասով: Սա նաեւ արհամարհանք է պետության ղեկավարի կողմից զոհ ու վիրավոր տված ընտանիքներին»:
Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում