«Ես չեմ հավատում դրսի ներդրումներին»,- 5 հեռուստալրագրողներին տված հարցազրույցում ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց. «Մարդ ինչքա՞ն խելագար պետք է լինի, որ Հայաստանում հիմա փող դնի՝ այս անորոշ, ոչ կայուն վիճակում՝ եկամուտ ստանալու համար։ Չեմ բացառում, բայց հույսեր կապել հնարավոր չէ։ Նամանավանդ, 2.5 տարում իսկի չեն դրել, ո՞ւր մնաց հիմա դնեն։ Բայց կարող է ներդրումներ լինեն հայրենասիրության պոռթկումով։ Ասենք՝ Սամվել Կարապետյանը ինչ-որ գումար դնի ոչ թե ակնկալելով, որ միանգամից եկամուտ է ստանալու, այլ իր ներդրումը լինի ավելի շատ ապագային ուղղված։ Եվ Ռուսաստանի, Մոսկվայի հայերից ոմանց հետ ես խոսել եմ, և նրանք պատրաստ են, եթե երկրի իրավիճակը կայունացավ, Նիկոլը գնաց, ներդրումներ անել։ Այդ ներդրումները ինչ-որ հարցեր կլուծեն, բայց ոչ բոլորը»։
Վազգեն Մանուկյանի կարծում է, որ շատ դժվար է լինելու սոցիալական վիճակը պահպանել․ «Պրակտիկորեն Հայաստանում չկա մասնագետ, որը թևերը քշտած չուզենա աշխատել։ Ըստ որում, այն մարդիկ, որոնք երբեք իշխանության չեն եղել, իրենք շատ մոգական են պատկերացնում, որ մեկն ընկավ այդտեղ, ինքը կյանքը կտա դրա համար։ Բազմաթիվ մարդիկ կան, որ անցել են այդ բոլոր ճանապարհներով, ռազմաճակատներով, պաշտոններով, փողերով, սննկացումներով, որոնք անձնազոհ ձևով կծառայեն այս պետությանը։ Եվ դա է երաշխիքը, որ մենք կկարողանանք կանգնել։ Եթե միայն ինձ վրա մնար ու կառավարության, մենք այդտեղից դուրս գալ չէինք կարողանա»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ