Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան․ Հիմա մեր անվտանգության գլխավոր երաշխիքը Ռուսաստանի խաղաղապահ զորքերն են

Դեկտեմբեր 10,2020 01:00

«Թուրքիան հիմա դարձել է երևի աշխարհի ամենաագրեսիվ պետությունը»,- 5 հեռուստալրագրողներին տված հարցազրույցում ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նա կարծում է, որ եթե Թուրքիայի հորդորները չլինեին, Ադրբեջանը պատերազմը չէր սկսի․ «Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, դա ռազմական դաշինք է, որտեղ ստորագրված է կանոնադրություն, ստորագրված են պարտավորություններ, լիազորություններ և այլն։ Մենք չենք կարող, ՀԱՊԿ-ի մեջ մնալով, մի որևիցե ուրիշ ռազմական դաշինք մտնել, օրինակ՝ ՆԱՏՕ կամ մեկ ուրիշ, մինչև դուրս չգանք։ Քանի որ մենք երբեք չենք նախատեսել ՀԱՊԿ-ից դուրս գալը, հետևաբար՝ նոր ռազմական դաշինքի մեջ մտնել, լինի Թուրքիայի դեմ կամ մեկ ուրիշի դեմ, մենք իրավունք չունենք։ Իսկ Թուրքիայի դեմ կա՞ ռազմական դաշինք, չկա, բայց ուրիշ բան կա։ Թուրքիան ագրեսիվ ձևով սկսեց իրականացնել պանիսլամիզմ, որ իր դեմ թշնամացնում է արաբական աշխարհը, պանթուրքիզմ, որը Թուրքիայից սկսած հասնում է մինչև Չինաստան և իր նկատմամբ թշնամություն է առաջացնում բոլոր այդ երկրների մոտ, և նաև ագրեսիվ քաղաքականություն Միջերկրական ծովի էներգետիկ ռեսուրսների վերաբերյալ, որն իր դեմ տրամադրել է Կիպրոսին, Հունաստանին, Եգիպտոսին, և այլն։ Այսինքն՝ Թուրքիան հիմա գտնվում է այն վիճակում, որը և՛ ներսում ունի մեծ խնդիրներ, դրսում էլ բազմաթիվ երկրներ համախմբվում են առանց ռազմական դաշինքի Թուրքիայի դեմ։ Նույն ՆԱՏՕ-ի երկրներն են Թուրքիան, Իտալիան և Ֆրանսիան, բայց Իտալիան ու Ֆրանսիան հիմա պաշտպանում են Եգիպտոսին, Հունաստանին, նույնիսկ միասնական ռազմական վարժություններ են անում ուղղված Թուրքիայի դեմ։ Ես կարծում եմ, որ այդ երկրները մեր բնական դաշնակիցներն են, մեր պաշտպանվածությունը Թուրքիայի դեմ»։

Վազգեն Մանուկյանը նշեց, որ երբ Ղարաբաղ կոմիտեի ղեկավարն էր, համոզված էր, որ Հայաստանը առանձին կարող է Թուրքիայի հետ լեզու գտնել, քանի որ այն ժամանակ իրադրությունն այլ էր․ «Մենք հիմա Թուրքիայի հետ լավ հարաբերություններ կարող ենք ունենալ միայն մի պայմանով, եթե կռանանք, ասենք՝ մենք ձեր վասալն ենք։ Եվ դեռ պարզ չի, թե ինքն ինչ կանի։ Այս տարածաշրջանում գլխավոր խաղացողները Թուրքիան և Ռուսաստանն են։ Թուրքիան արդեն ունի հսկայական ազդեցություն Վրաստանի վրա, Թուրքիան արդեն մեծ ազդեցություն ունի և կապված է Ադրբեջանի հետ։ Մեր պայմաններում, եթե մենք Թուրքիայի հետ կապենք մեր ապագան, մենք դատապարտված ենք ոչնչացման, նամանավանդ, որ կանգնած ենք այդ պանթուրքիզմի ճանապարհին։ Մեզ համար հիմա Ռուսաստանի դերը շատ ավելի բարձր է, քան երբևիցե եղել է։ Դա չի նշանակում, որ դու հարաբերություններ չպետք է ունենաս այլ երկրների հետ։ Ես կարծում եմ, որ ռազմավարական տեսակետից մենք պետք է նաև կապված լինենք այն երկրների հետ, որոնք Թուրքիայի դեմ ինչ-որ իմաստով ոչ ֆորմալ ալիանս են կազմել։ Կապված լինենք Իրանի հետ, Չինաստանի հետ, որը էլի Թուրքիայի նկատմամբ ունի որոշակի վերապահումներ, և այդ թվում նաև եվրոպական երկրների հետ, և այլն։ Հիմա մեր անվտանգության գլխավոր երաշխիքը Ռուսաստանի խաղաղապահ զորքերն են, և ֆորմալ տեսակետից դա վերանալու է 5 տարի հետո»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031