Նա հանձնարարություն ուներ ուսումնասիրելու, թե այդտեղ որքան արդյունավետ են օգտագործվում պետական հողերը
Տխրահռչակ կապիտուլյացիայի համաձայնագրից հետո արտաքին քաղաքական օրակարգում հայտնվեց Սյունիքի հարցը: Ազերի հրոսակախմբերը օգտվելով ամենաթողությունից՝ գրեթե ամեն օր, նոյեմբերի տասից սկսած՝ մտնում են Սյունիքի այս կամ այն գյուղը, հայտարարելով, թե այն իրենցն է, եւ սյունեցիները պետք է հեռանան:
Ներկայացնում ենք Արամ Սիմոնյանի «Զանգեզուրի գոյապայքարը 1917-1920 թթ.» գրքից մի հատված, որում այս օրերի արտացոլանքը ասես լինի:
«Կարեւոր էր Սյունիքի դերը հայ ազատագրական շարժման մեջ: Նրա զանգեզուրյան տարածքի առաջավոր ներկայացուցիչները, Սիսիանի մելիքական տոհմի ներկայացուցիչ Իսրայել Օրին եւ նրա հետեւորդները մեծ ջանքեր գործադրեցին Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը թուրք-պարսկական լծից ազատագրելու համար: Հայաստանի ազատագրության գաղափարը Օրին հանեց համահայկական շրջանակներից՝ լայն քննարկման հարց դարձնելով եվրոպական եւ ռուսական արքունիքներում: Միաժամանակ զանգեզուրցիները եռանդագին նախապատրաստվում էին ապստամբության:
Դավիթ-Բեկի (ծնունդով Գորիսի Շինուհայր գյուղից) գլխավորությամբ 1722 թ. Սյունիքն ապստամբում է եւ արցախցիների հետ ուս ուսի կռիվ սկսում մահմեդական զավթիչների դեմ: Ազատագրական շարժումը 18-րդ դարի առաջին քառորդի վերջերին վերաճում է կենաց ու մահու պատերազմների:
Կարդացեք նաև
Կենտրոն ունենալով Հալիձորի բերդը՝ Դավիթ-Բեկը հիմնականում մղում է հարձակողական կռիվներ: Զինված հայ գյուղացիները մի շարք ճակատամարտերում ջարդում են արտաքին նվաճողներին եւ 1727 թ. ազատագրում Սյունիքի մեծ մասը՝ մեծ Կապանը: Թշնամիների դեմ տարած հաղթանակից հետո Սյունիքը հռչակվում է հայկական ինքնուրույն իշխանություն, որի գոյության հետ ստիպված հաշտվում է Պարսկաստանը: Սյունիքը օժտված էր ինքնիշխանության բոլոր հատկանիշներով. ԴավիթԲեկը նույնիսկ կտրում է սեփական դրամ:
Դավիթ-Բեկի մահվանից հետո օսմանյան բանակները ներխուժում են Սյունիք: Նրան փոխարինած Մխիթար Սպարապետի գլխավորությամբ թուրքերի դեմ տեղի են ունենում արյունալի կռիվներ: Մխիթար Սպարապետի դավադրական սպանությունից հետո հայերի դիմադրությունը աստիճանաբար թուլանում է, եւ թուրքերը ի վերջո վերացնում են Սյունիքի անկախությունը: Սյունիքը, որոշ ժամանակ թուրքական լծի տակ գտնվելով, թուրք-պարսկական պատերազմից հետո կրկին ենթարկվում է Պարսկաստանի տիրապետությանը: 19-րդ դարի սկզբներին՝ 1805 թվականին, Սյունիքի Կապան-Գորիս հատվածը ազատագրվում է պարսկական լծից եւ միացվում Ռուսական կայսրությանը: Դա հաստատվում է Գյուլիստանի 1813 թ. պայմանագրով, իսկ տասը տարի անց, երբ կազմվում է Ղարաբաղի հայկական պրովինցիան, Զանգեզուրը ընդգրկվում է դրա կազմում: Ռուսական իշխանությունը գիտեր, որ հայոց հինավուրց, միմյանց հարեւան Ղարաբաղը եւ Սյունիք-Զանգեզուրը էթնիկական կազմով միեւնույն նահանգներն են, ուստի դրանց ընդգրկեց վարչական մեկ միավորի մեջ:
Ռուսաստանին միանալուց հետո նպաստավոր պայմաններ են ստեղծվում Զանգեզուրի տնտեսության առաջադիմության համար: 1868 թ. վարչատարածքային ռեֆորմով կազմվեց Զանգեզուրի գավառը՝ Կապանի, Մեղրու, Գորիսի, Սիսիանի եւ Սյունյաց լեռներից արեւելք ընկած Կովսականի (Զանգելան), Խոժոռաբերդի (Կուբաթլու) եւ Քաշաթաղի (Լաչին) գավառակներից (շրջաններից): Գավառը մտցվեց Ելիզավետպոլի նահանգի մեջ, իսկ գավառային կենտրոն դարձավ Գորիս գյուղը (պատմական Ձագեձոր, բարբառով՝ Կյորես կամ Շեն), որը Զանգեզուրի մեծ գյուղերից մեկն էր: 1823 թ. տվյալներով Զանգեզուրի բնակչության թիվը հասնում էր 10625-ի, որից 7635-ը հայեր էին: 1832 թ. Զանգեզուրի բնակչության 53%-ը (9679 մարդ), 1855 թ. 63,6%-ը (23940 մարդ), 1873 թ. 75,3%-ը (36908 մարդ) եւ 1886 թ. 68,8%-ը (52830 մարդ) հայեր էին: Ռուսական կայսրության 1897 թ. առաջին մարդահամարի տվյալներով Զանգեզուրի գավառի բնակչության թվաքանակը հասնում էր 59207-ի, որի 67,9%-ը հայեր էին, իսկ 1908 թ. գավառի բնակչության թվաքանակը հասնում էր 69939-ի, որի 62,8%-ն էին կազմում հայերը: Հին Գորիսի՝ որպես գավառային կենտրոնի ընտրությունը պատահական չէր: Այն գտնվում էր ճանապարհային հանգուցակետում եւ տեղավորված էր քամիներից պաշտպանված գոգավորության մեջ:
Մաքուր օդն ու սառնորակ ջրերը բնակության հարմար պայմաններից էին: Գյուղը բաղկացած էր ժայռափոր կառուցվածքներից, աստիճանաձեւ դասավորված գլխատների համակառույցներից: Կենտրոնում եղել է մի հասարակ, հին եկեղեցի, Մելիք-Հուսեինյանների դղյակը: Այնտեղ են գտնվել նաեւ իջեւանատները եւ համբավավոր շուկան: Զանգեզուրի գավառը կազմվելուց երկու տարի անց՝ 1870 թվականին, հին Գորիսի հանդիպակաց հարթության վրա հիմնադրվում է Գորիս քաղաքը՝ որպես գավառային վարչական կենտրոն, որն այդ կարգավիճակում մնում է մինչեւ Հայաստանի խորհրդայնացումն ու Ինքնավար Սյունիքի հռչակումը՝ 1920 թ. դեկտեմբեր:
Այդ ժամանակ Զանգեզուրի գավառապետն էր մի գերմանացի ռուս պաշտոնյա՝ Պֆելլեր ազգանունով, որը գերմանական փոքր քաղաքների օրինակով կազմեց Գորիս քաղաքի հատակագիծը: Այն կյանքի կոչվեց նոր գավառապետի՝ Ստարիցկու եւ նշանավոր գորիսեցի Մանուչար բեկ Մելիք-Հուսեինյանի ջանքերով: Քաղաքատեղը, որն ընկած է լեռնային ընդարձակ փոսորակում՝ ծովի մակերեւույթից 1300 մետր բարձրության վրա, ըստ հատակագծի բաժանվեց թաղամասերի՝ ուղիղ փողոցներով ու ծառուղիներով՝ կենտրոնում ունենալով մի լայն ծառաստան այգի:
Լքելով հին Գորիսը (Կյորեսը)՝ տասնյակ ունեւոր ընտանիքներ հաստատվեցին նոր բնակավայրում: Ունեւորներն ապրում էին այգիներով շրջապատված իրենց երկհարկանի նորակառույց առանձնատներում՝ «իմ տունը իմ բերդն է» սկզբունքով: Գավառի վարչական կենտրոն դառնալուց հետո Գորիս քաղաքը դժվարությամբ էր վերածվում Զանգեզուրի տնտեսական եւ մշակութային լիարժեք կենտրոնի, որովհետեւ չուներ տնտեսական գրավչություն, ինչպես, օրինակ, Կապանի պղնձահանքերը, չուներ հարմար ճանապարհներ, ինչպես, հարեւան Նախիջեւանի գավառի հարթավայրային ճանապարհները, որոնցով գավառի Նախիջեւան կենտրոնը կապվում էր գավառի բոլոր մասերի հետ: Եվ, վերջապես, Գորիս քաղաքը Զանգեզուրի մյուս շրջանային կենտրոնների համեմատ չուներ անհրաժեշտ այն մակարդակը, ինչը, ասենք, ուներ Շուշի քաղաքը ոչ միայն համանուն գավառի, այլեւ ողջ Արցախի համար:
Գտնվելով առեւտրական տարանցիկ ուղիների խաչմերուկում՝ Զանգեզուրի գավառի վարչական, տնտեսական եւ մշակութային կենտրոն Գորիսը 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին ապրում էր աշխույժ կյանքով: Հարուստ վաճառական Միրումյանը Գորիս քաղաքի միջով աղմուկով հոսող լեռնային Վարարակ գետակի վրա (այն Քարահունջի կիրճով սլանում էր դեպի հարավ՝ ընդառաջ գնալով կատաղի դղրդյունով անցնող Որոտան գետին) 1898 թ. կառուցել էր հիդրոէլեկտրակայան: Դարասկզբին քաղաքի «արդյունաբերական» ձեռնարկություններն էին՝ լիմոնադի փոքրիկ «գործարանը», սայլաշինական, օճառ եփող, փայտ եւ կաշի մշակող արհեստանոցները, երկու-երեք բրուտանոցները, որտեղ պատրաստում էին կուժ, կուլա եւ կավե գավաթներ, որոնք գնում էին գյուղերից քաղաք եկողները: Գործում էին մի քանի ոսկերչական կետեր, որտեղ զարգյարները (ոսկերիչներ) պատրաստում էին կանացի զարդեր, գոտիներ եւ այլն:
Ավելի ուշ քաղաքում սկսել էր գործել կոճակներ արտադրող փոքր «գործարանը»: Գորիս քաղաքով էին անցնում Նախիջեւանից Շուշի եւ Մեդանից (Կապան) Շուշի տանող քարավանային ճանապարհները: Առեւտրական գործարքներից, կապալառությունից ու վաշխառությունից, մանուֆակտուրայի (գործվածքեղենի) վաճառքից եւ միջնորդ գործունեությունից դրամ էին հավաքում եւ հարստանում քաղաքի այսպես կոչված «բեյ»-երը:
Գավառային վարչական կենտրոնի կարգավիճակը նոր կառուցվող Գորիս քաղաքին տալիս էր մի շարք առավելություններ: Այստեղ էին հաստատվել ցարական գավառային հիմնարկները: Ռուս չինովնիկների եւ աստիճանավորների թվական աճին զուգընթաց կարիք էր զգացվել կառուցել ռուսական եկեղեցի, բացել դպրոց: Քաղաքում լույս էր տեսնում «Գավառ» անունով թերթը, գործում էր դրամատիկական թատրոն, առաջացել էր քաղաքային դաս: Իսկ Գորիս քաղաքի դիմաց գտնվող հին Գորիս գյուղի բնակչությունը շարունակում էր կառչած մնալ հազարամյա բնակավայրի «քերծերին»՝ ապրելով ծանր, չարքաշ կյանքով:
Զանգեզուրի մյուս կարեւոր բնակավայրը Կապանի հանքերի բանավանն էր, որը կոչվում էր նաեւ Ղաթարի պղնձահանքեր: Դա Զանգեզուրի միակ արդյունաբերական հանգույցն էր: Հայկական Զանգեզուրի գյուղատնտեսության զարգացման համար պայմանները միշտ սուղ են եղել հիմնականում սակավահողության պատճառով: 19-րդ դարի երկրորդ կեսին եւ 20-րդ դարի սկզբին Զանգեզուրում գյուղն այնպիսին էր, ինչպես եղել էր հարյուրամյակների ընթացքում: Գյուղը աղքատ էր, տնտեսությունը՝ նախնական, գյուղացիների հագուստը՝ տնայնագործական: Գյուղացիները կտրված էին աշխարհից: Դրա պատճառը հիմնականում գավառի անանցանելի լեռներն էին, որոնց կիրճերում բույն էին դրել գյուղերը: Զանգեզուրի չորս շրջանները՝ Գորիսը (բուն Զանգեզուր), Սիսիանը, Կապանը եւ Մեղրին, իրենց ռելիեֆով եւ բնակլիմայական պայմաններով խիստ տարբեր էին, հետեւապես խիստ տարբեր էին նաեւ հողից ստացված արդյունքները:
… 1862 թ. ցարական կառավարության օրենքի համաձայն (այդ օրենքը համատարած էր Ռուսական կայսրության մեջ)՝ Զանգեզուրի լավագույն հողերը հատկացվել էին բեգերին ու խաներին, որոնց գերակշիռ մասը թուրքեր էին: Այդ թվականից սկսած՝ հայ եւ թուրք-ազերի գյուղացիները տառապում էին փոքրիկ «միապետերի» ձեռքին: Մի կողմում ընչազուրկ գյուղացիական զանգվածներն էին, մյուս կողմում՝ սակավաթիվ փոքր ու մեծ կալվածատերերը՝ բեգերն ու խաները: Ցարական կառավարությունը, փոխանակ ազատ տարածքներից այդ հողերի իսկական տեր-տիրականներին բաժին հաներ, Ռուսաստանի ներքին նահանգներից ռուս մուժիկներ էր գաղթեցնում այնտեղ կամ գերմանացիներով ու մոլոկաններով բնակեցնում: 1885 թ. Զանգեզուր է եկել ռուս ապագա խոշորագույն քիմիկոս Ս. Պ. Զելինսկին՝ հանձնարարություն ունենալով ուսումնասիրել, թե այդտեղ որքան արդյունավետ են օգտագործվում պետական հողերը: Ուսումնասիրության արդյունքները նա ամփոփել ու զեկուցագրով ներկայացրել էր վերադաս մարմիններին:
Զեկուցագրում նշված էր. «… Զանգեզուրում շատերը հողատիրական իրավունքներ ձեռք բերելու համար միջոցների ընտրության մեջ խտրություն չեն դնում: Կասկած չկա, որ առաջիկա դատական սահմանագծման ժամանակ պետական կալվածքների մեծ մասը կվիճարկվի, եւ, հավանաբար, պետությունը շատ բան կկորցնի, քանի որ նրա կողմում ոչինչ եւ ոչ ոք չկա, իսկ հակառակորդների կողմում են բազմաթիվ կեղծ վկաներ ու կեղծ փաստաթղթեր»:
Եվ, իրոք, խոշոր ու մանր հողատերերը բոլոր արդար ու անարդար միջոցներով Զանգեզուրում պետությունից խլում էին վիթխարի հողատարածություններ: Գյուղացիներն ամենուրեք դիմադրություն էին ցույց տալիս կալվածատերերին: Սակայն հաշտարար դատավորները գրեթե միշտ վճիռներ էին կայացնում պետության հակառակորդների օգտին:
…Թուրք-հայկական ընդհարումների ծանր հետեւանքները տեւական եղան, եւ դրանք իրենց զգացնել տվեցին մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմը: Թուրք-հայկական ընդհարումների պատճառները քննելու համար Նիկոլայ 2-րդի հատուկ հանձնարարականով Բաքու մեկնեց սենատոր Ալեքսանդր Կուզմինսկու ղեկավարած հանձնախումբը, իսկ փոխադարձ թշնամանքին վերջ դնելուն ուղղված իրական միջոցներ մշակելու նպատակով 1906 թ. փետրվարին փոխարքա Իլարիոն Իվանովիչ Վորոնցով-Դաշկովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ եւ թուրք պատգամավորների համաժողով»:
«Առավոտ» օրաթերթ
09.12.2020