Բառերով անհնար է նկարագրել այն ցավը, կսկիծը, նվաստացումը, դառնությունը, որ այսօր կա: Հրեշավոր վիճակում ենք: Ու միայն կորցրած տարածքները չեն, կորցրած Շուշին ու Դադիվանքը չէ, մեր անթիվ անմեղ ու քաջ նահատակները չեն, այլ նաեւ մեր ժողովրդի բացարձակ աննորմալ վիճակը:
Ոնց հասանք սրան… Ու ես կասեմ` անվերջ խախտելով բարոյականության սահմանները:
88-ին մենք մի բռունցք էինք… հիշում եմ Օպերայի բակում հարթակ բարձրացավ Համո Սահյանը, ասաց. «Ժողովուրդ, պատկերացնում եմ մեռնեի ու էս ամենը չտեսնեի»… Արցախի պատերազմի հաղթանակը սկսվել էր Օպերայի բակից, երբ տղամարդիկ մեզ ճանապարհ էին տալիս ու ներողություն խնդրում ծխելու համար, երբ տատիկները հողաթափեր էին տալիս, որ կանգնած չհոգնենք, երբ մեր «ցեխավիկները» ջրեղեն ու կարկանդակներ էին բաժանում ցուցարարներին, երբ գիշերն արդեն մեքենաները կանգնում ու օպերայի ժողովրդին տներն էին տանում: Մենք հաշտ էինք իրար հետ, մենք իրար սիրում էինք: Հետո… հետո պատերազմում զոհվածներին մղկտալով Եռաբլուր էինք տանում Օպերայի բակից: Հետո… հրեշավոր մթության տարիները հաղթահարեցինք, որովհետեւ հավատում էինք… Դաժան երկրաշարժը հաղթահարեցինք, որովհետեւ ապրել էր պետք, պատերազմ էր… Մենք արցախյան պատերազմը հաղթեցինք, որովհետեւ մի բուռ ու մի բռունցք էինք:
Հետո… արագությամբ նախագահից նախագահ հիասթափությունների տուտը բացվեց ու այդպես էլ չփակվեց, ամոթը աքսորվեց, հավատը ջնջխվեց… ու ջլատող հոգսը դարձավ կյանքի ուղեկից… Ժողովրդի մի մասը դարձավ անբուժելի թալանչի, մի մասը խեղճացավ ու ջարդվեց, մի մասը հիասթափված փախավ, մի մասն էլ դառնացած սրտով գոյատեւեց, գյուղերը դատարկվեցին, ընտանիքները քանդվեցին: Եվ ժողովուրդը տարիներով ապրեց` չդադարող պատերազմը շալակած, զոհերի համար լուռ ողբալով, հավատը կորցրած, դառնացած ու չքավոր, անեծքը շուրթերին:
Փաստորեն մենք մեզ, մենք մեր հայրենիքը թալանեցինք ու բզկտեցինք… Ու մենք՝ հաղթանակը մոռացած պարտվում էինք…պարտվում էինք ինքներս մեզ, որովհետեւ հիմնավոր խախտել էինք բարոյականության բոլոր սահմանները: Դեռեւս 1-ին նախագահի ժամանակ, երբ պատերազմի դաշտից զոհերին տանում էինք Եռաբլուր, արդեն սկսվել էր դղյակաշինությունը, հայրենիքի ունեցվածքի մաս-մաս վաճառքը… իսկ 96 թվականի ընտրությունների բացահայտ կեղծումը ծանր ու դաժան անկում էր բարոյականության: Ու հետո շարունակվեց մեր կյանքի անբարո շքերթը… բովանդակությունը ձեւին փոխակերպված կրթություն, անգրագետ թարգմանված դասագրքեր, հարս ու կեսուրի բամբասանքի մակարդակի հեռուստատեսություն, լատինատառ երկիր, քառահարկ շքեղ դղյակներ ու քայքայված դոմիկներ, անքանակ շքեղ ռեստորաններ` շքեղագույն զուգարաններով ու առանց զուգարանների դպրոցներ, ամենավերջին շքեղության մեքենաներ ու քայքայված երթուղայիններ, թատերականացված շքեղ հարսանիքներ ու օրվա հացի կարոտ բազմազավակ ընտանիքներ, սեփականաշնորհված անտառներ ու աղբը աջ ու ձախ ցփնող ժողովուրդ… ո՞րն ասես: Այսինքն բարոյականության անչափելի անկում ու անտառի օրենքներ: Մեզ անգամ Ապրիլյան պատերազմը չսթափեցրեց։ Ու այսպես բարոյապես ընկճված ու խաթարված հոգեբանությամբ հասանք 2018-ին… ի՞նչ, ո՞նց, ի՞նչի, ո՞վ արեց… ժողովուրդը զզված էր, հոգնած էր, համբերության բաժակը լցվել էր ու մի քանի օրում… ժողովուրդը վստահեց ու հավատաց, որ կարելի է նորից սկսել:
Կարդացեք նաև
Ու դարձյալ շատ արագ բարոյականության անկում. ժողովրդին արագությամբ 2 մասի բաժանելու հետեւողական գործընթաց, «թշնամի հների» ներկայության դեմ անվերջանալի քարոզ ու ատելության սերմանում, էժանագին շոուներ` թալանվածը հետ բերելու իմիտացիայով, խոշոր պարգեւավճարներ սեփական թիմին, ու անվերջ ականջահաճո ու անբովանդակ ելույթներ… Իսկ իրականում պահպանվեց անսահմանափակ իշխանություն ապահովող սահմանադրությունը, որը նախկինում անխնա քննադատվում էր, պահպանվեց իրավական դաշտը, որը լուրջ վերանայման կարիք ուներ, չստեղծվեց որեւէ ստեղծարար փաստաթուղթ, որը կոնկրետ գործունեության ուղենիշ կլիներ: Ու դարձյալ երկիր սարքելու հունը փոխվեց… ու մենք սկսեցինք մեզ բզկտել… Փոխարենը խորհրդանշական թավիշը դարձավ խաբկանքի ծածկոց… մինչեւ «օգնության հասավ» համավարակը: Ու ընտրված վարչապետը, բան ու գործը թողած, դարձավ հանրապետության գլխավոր բժիշկը…
Իրականում «հեղափոխական գործիչը» այդպես էլ չդարձավ քաղաքական դեմք: Եվ բնականաբար երկրում քաղաքականությունն իր տեղը զիջեց պոպուլիզմին ու երկիրը տարավ պատերազմի… Մեր պատմության մեջ եւս մեկ անգամ պետք է արձանագրվի, որ չի կարելի միայն զգայական հարթակում երկրի ապագան սահմանել… Մենք ազգովի չափից դուրս զգացմունքային ենք: Ու պաթոսով սուտը, որ ձեւավորվել էր որպես կառավարման գործիք, դարձավ զենք նաեւ պատերազմի ժամանակ: Եվ բնականաբար ինչպես ՖԲ-ով կառավարված երկիրը, այնպես էլ ՖԲ-ով կառավարվող պատերազմը պարտվեց… Անչափ դաժան պարտություն էր:
Իհարկե, պատերազմի ժամանակ կատարվեց զարմանալի մի բան` մեր տարիներով խաթարված ու այլասերված բարոյականությանը մի պահ հաղթեց հայ ժողովրդի գենը: Ժողովուրդը հանկարծ մի բուռ դարձավ, ինքնակազմակերպվեց, մեր տղաները ժպտալով կռիվ էին գնում, մեր 18-20 տարեկանները հերոսանում էին, մեր կանայք ու աղջիկները թիկունքն էին պահում: Եվ իհարկե դաժան պարտությունը այդ ժողովրդի պարտությունը չէր:
Բայց ավաղ… անմիջապես պարտությունից հետո բարոյականությունն ընկրկեց… նպատակային ատելությունն արագությամբ գլուխ բարձրացրեց, իշխանությունը պահելու բնազդը հաղթեց արժանապատվությանը, միասնությունը նորից դարձավ երազ, ազգափրկիչ ծրագրերը բազմապատկվեցին ու այդպես էլ ի մի չեկան, բոլոր հին ու նոր քաղաքական գործիչները վերակենդանացան ու սկսեցին նոր կենսագրություն կերտել, իսկ զոհված ու անհետ կորած զինվորի ծնողը հրապարակում մնաց մենակ, իսկ խաշ ուտողները գնացին խաշ ուտելու… Ու երկիրը նորից սկսեց կառավարել ՖԲ -ը, որտեղ անխնա հայհոյում են իրար ու քննարկում նոր տարվա տոնածառի հարցը:
Ու խենթանում ես ակամա հարցից` այսինքն մեր նահատակների սուգը համազգային չի՞… մեր ազգային նկարագիրն ու բարոյականությունն առհասարակ շփման եզրեր ունե՞ն: Իսկ գուցե մենք արդեն այնքան ենք ծերացել, որ… ցնդել ենք: Հաճախ ենք թափահարում, որ առաջին քրիստոնեական ազգն ենք… բայց մտածե՞լ ենք՝ ոնց է դա արտահայտվում… անձնական օգտագործման եկեղեցիներո՞վ, նեղն ընկած ժամանակ աղոթելո՞վ… իսկ մտքներովս անցել է, որ պետք է պարզապես աստվածահաճո ապրել:
…2005 թվականն էր, երբ առաջին անգամ տեսա Վանա լիճը. Արեւմտյան Հայաստանը մեր ճանապարհի վերջին կանգառն էր: Նավակը, որ տանում էր դեպի կղզի, քամուց ճոճվում էր, ու մենք բոլորս լաց էինք լինում: Տեսարանը սպանում էր… լճի ափերը խեղդված չէին դղյակներով մեր Սեւանի նման ու… ջուրը մաքուր, մաքուր էր: Ու դաժան հարցերը սպանում էին. կարո՞ղ ենք մենք լավ երկիր ունենալ, եթե անմիաբան ենք ու անհաշտ. ի՞նչ տրամաբանությամբ ու ի՞նչ հիմքով պետք է լավ պետություն ունենանք, երբ անհատական պետական մտածողություն չունենք:
…Ու այսօր էլ հարցերը տանջում են. արդյո՞ք երբեւէ կխաղաղվի ցավից կքված մեր տանջահար ու խեղված հոգին: Արդյո՞ք այսուհետ մենք ազգովի կհասկանանք, որ պարտք ենք մեր մատաղ ու անմեղ զոհերին, որ իրավունք չունենք հարամել նրանց հիշատակը ու ջնջել մեր հիշողությունը, արդյո՞ք կհասկանանք, որ բավական է գոյատեւենք, որ այլեւս պարտավոր ենք ապրել մարդավայել, որ այլեւս պետք է ապրենք բացառապես բարոյականության սահմաններում` հակառակ դեպքում երբեւէ ոչ ներսից, ոչ դրսից մեր մինուճար Սեւանը չի մաքրվի:
Լիլիթ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.12.2020
Ողջունում եմ Ձեզ:
1992-2018թթ. մոտ 1 070 000 մարդ անդառնալիորեն հեռացավ Հայաստանից:
«Ի՞նչ տրամաբանությամբ ու ի՞նչ հիմքով պետք է լավ պետություն ունենանք, երբ անհատական պետական մտածողություն չունենք:»
Ո՞վ է պատասխանատու (Հայաստանում) պետության և պետականության անվտանգության համար:
«Հոդված 299. Պետական դավաճանություն կետում.
Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:»