Կան տեղեկություններ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարները, որոնք փոխանցվել են ՀՀ կառավարությանը, անարդյունավետ են ծախսվել: Մասնավորապես՝ խոսքը գնում է մեծ չարաշահումների մասին: Ճիշտ է, թե՛ կառավարության ներկայացուցիչ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, թե՛ հիմնադրամի ղեկավար Հայկակ Արշամյանն արձագանքեցին քաղաքացիների մտահոգություններին ու շրջանառվող ինֆորմացիաներին՝ հերքելով այդ լուրերը եւ նաեւ հավաստիացրին, որ հիմնադրամին փոխանցված գումարները ծառայել են իրենց նպատակին, սակայն մինչ այսօր որեւէ կառույց ֆինանսական մանրամասն հաշվետվություն, թե որ գումարն ինչի վրա է ծախսվել, ինչից՝ որքան են գնել, որ ապրանքը կամ ծառայությունը որ ընկերությունից են ձեռք բերել եւ այլն, չի ներկայացրել: Միայն նշվել է, որ ծախսային ուղղությունները որոշել են կոնսոլիդացված ջանքերով, մեկ կենտրոնում՝ համագործակցելով, որպեսզի ծախսերը լինեն արդյունավետ եւ միջոցների մի մասն ուղղվել է առողջապահական, սոցիալական եւ ենթակառուցվածքային բնույթի ծախսերին:
«Առավոտը» մի քանի կառույցների՝ այդ թվում «Հայաստան» համահայկական հիմնադրամին գրավոր հարցում էր ուղարկել: Հետաքրքրվել էինք՝ ընդհանուր առմամբ, կառավարությանը որքա՞ն գումար է տրամադրվել, կոնկրետ ինչի՞ վրա են ծախսվել այդ գումարները եւ ի՞նչ քանակի համար (քանի որ այդ գումարները հանգանակվում էին կոնկրետ նպատակով՝ արցախցիներին օժանդակելու համար):
Հարցրել էինք նաեւ՝ ի՞նչ ընկերություններ են մատակարարումներն իրականացրել եւ ինչի՞ հիման վրա են այդ ընկերություններն ընտրվել՝ տվյալ ծառայությունները մատուցելու համար: Խնդրել էինք նաեւ գործարքները հավաստող փաստաթղթեր:
«Հայաստան» hամահայկական hիմնադրամը պատասխանեց «Առավոտի» հարցմանը, սակայն մի շարք հարցերի պատասխաններ այդպես էլ չստացանք: Հիմնադրամից նշել էին, որ համաձայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի կանոնադրության՝ հիմնադրամի գործադիր վարչությունը մանրամասն հաշվետվություն է պատրաստում իր գործունեության եւ ծախսերի վերաբերյալ, որը կվերանայվի հիմնադրամի Վերստուգիչ հանձնաժողովի կողմից եւ կներկայացվի Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը։ Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները կհրապարակվեն աուդիտորական ուսումնասիրությունից հետո՝ միջազգային հեղինակություն ունեցող անկախ աուդիտորի եզրակացության հետ մեկտեղ:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է մեր այն հարցին՝ ընդհանուր առմամբ, որքան գումար է փոխանցվել կառավարությանը, ինչ ուղղություններով են ծախսվել այդ գումարները եւ այլն, հիմնադրամի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հայաստան» hամահայկական hիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումների համաձայն՝ «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հանգանակված միջոցներից 52,703,113,395 ՀՀ դրամ է փոխանցվել առանձնացված գանձապետական հաշվեհամարին: Այս գումարը նախատեսված է ծախսել միայն ենթակառուցվածքների, սոցիալական եւ առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով՝ պայմանավորված ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով:
Ընդ որում, նվիրաբերության գումարի հաշվին վկայակոչված ծախսերի ֆինանսավորումը հնարավորություն է ընձեռել ՀՀ կառավարությանը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով այդ ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված միջոցները ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը:
Հիշեցնենք, որ կառավարության երկու որոշումներով արդեն իսկ շուրջ 20 մլրդ դրամ նախատեսված է վճարել Արցախի Քաշաթաղի, Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի եւ Մարտունու շրջանների 100-ից ավելի բնակավայրերից տեղահանված բնակչությանը՝ յուրաքանչյուր հայրենակցի 300 հազար դրամ միանվագ դրամական աջակցության տեսքով, եւ 68 հազար դրամ ու ավել միանվագ դրամական աջակցություն, որը տրամադրվելու է շուրջ 100 հազար արցախցու: ՀՀ Ֆինանսների նախարարության՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական միջոցների ծախսերի վերաբերյալ հայտարարությունը կարող եք գտնել՝ հետեւյալ prtatb: Կից կարող եք տեսնել նաև հոգաբարձուների խորհրդի կայացրած որոշումները:
«Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակներում հումանիտար ճգնաժամը մեղմելու համար մինչ օրս կատարվել է դիզելային գեներատորների, շտապ օգնության մեքենաների, բժշկական սարքավորումների ու առաջին օգնության պարագաների, կենցաղային առաջին անհրաժեշտության իրերի, փայտի վառարանների, հոսանքի տաքացուցիչների, շարժական գազօջախների, շարժական լիցքավորման կայանների, մահճակալների եւ այլ անհրաժեշտ պարագաների գնում: Մատակարարող ընկերություններն ընտրվել են ըստ մատակարարվող ապրանքների առկայության, մատակարարման ժամկետների, գին-որակ հարաբերակցության: Օրինակ, դիզելային գեներատորներ ապահովելու համար Հիմնադրամը համագործակցել է 9 մատակարար ընկերությունների հետ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.12.2020