Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան․ Նիկոլ Փաշինյանը գնալու է այս կամ այն ձևով, դա անխուսափելի է

Դեկտեմբեր 09,2020 23:59

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հարցազրույց է տվել մի շարք հեռուստաընկերությունների։

«Այս պահին մենք ունենք պարտված պատերազմ, հսկայական տարածքների կորուստ, հազարավոր զոհվածներ, վիրավորներ, անհետ կորածներ, փախստականներ, նյութական կորուստներ։ Կարելի է արձանագրել, որ այս վերջին 30 տարիների ընթացքում մեր բոլոր ջանքերը Արցախի հարցի վերաբերյալ համարյա ամբողջությամբ հեչ եղան։ Բայց նաև մենք կորցրեցինք հարյուրամյակների ընթացքում արցախցիների ձեռքբերումները։ Այնուամենայնիվ, հարյուրամյակներ ապրելով իրենց տարածքում տարբեր պետությունների տիրապետության տակ՝ իրենք կարողացել են պահել իրենց ինքնությունը, մենք նույնիսկ դա կորցրեցինք։ Մենք կորցրեցինք անվտանգության երաշխիքները, և հիմա հիմնական և միակ երաշխիքը, փաստորեն, դարձել են ռուսական խաղաղապահ զորքերը։ Այս վիճակն է։ Այս վիճակում, եթե երկրի ղեկավարը չի տալիս հրաժարական, ես դժվարանում եմ պատկերացնել՝ ի՞նչ պետք է դեռ անի, որ իր համար իր հրաժարականը դառնա տրամաբանական։ Բայց անկախ իր կարծիքից՝ ինքը գնալու է։ Նիկոլ Փաշինյանը գնալու է այս կամ այն ձևով, դա անխուսափելի է։ Դա սպառված իշխանություն է և ոչ մի օգուտ չի կարող տալ ո՛չ մեր պետությանը, ո՛չ մեր ժողովրդին։ Հարցն այն է, թե ինչքան վնաս կհասցնի բերել մեր ժողովրդին և մեր պետությանը մինչև իր գնալը»,- ասաց նա։

Նա նշեց, որ Հայրենիքի փրկության շարժման խնդիրներից է հեռացնել Նիկոլ Փաշինյանին և ձևավորել նոր լեգիտիմ իշխանություն, բայց այդ իշխանությունը պետք է լինի ժամանակավոր՝ 1 տարի ժամկետով։ Ինչից հետո պետք է անցկացվեն ընտրություններ․ «Այժմ, եթե անցկացվեն Ազգային ժողովի ընտրություններ, անհեթեթություն է, որովհետև երկիրը այս վիճակում, հրատապ հարցեր, ներքին գզվռտոցություն, հոգեբանական այս ճնշման վիճակում ավելացնել նաև կուսակցությունների պայքարը իրար դեմ, կնշանակի ուղղակի կործանել Հայաստանը։ Բայց ձևավորել մի իշխանություն, որը հետագա երեք տարիներին կկառավարի, էլի սխալ է։ Դրա համար ընդունվեց օպտիմալ տարբերակ, որ մեկ տարվա կառավարություն է ստեղծվում, որը զբաղվում է հրատապ հարցերի լուծմամբ՝ գերիներն են, վիրավորներն են, սահմանների ճշգրտումն է, այն փաստաթղթի մեկնաբանությունն է, որի մեջ բազմաթիվ անորոշություններ կան, սոցիալական հարցերն են, որոնք ծանրանալու են։ Մենք ունենք և՛ համախառն ներքին արդյունքի անկում, և՛ բյուջեի թերակատարում, և՛ ծախսերը միայն ավելացել են, ոչ թե պակասել են։ (Կառավարությունը) Կայունացնի երկրի վիճակը, փորձի հասարակությանը բերել մի քիչ ավելի առողջ բարոյահոգեբանական վիճակի և անցկացնի ընտրություններ։ Եվ որպեսզի ընտրությունների մաքրությունը պայմանավորված չլինի միայն վարչապետի ազնվությամբ և ազնիվ խոսքով, դրված է հարց, որ նա, ով լինելու է վարչապետ, պետք է չմասնակցի ընտրություններին, և ցանկացած ընտրությունների դեպքում հաջորդ վարչապետությունը իրենը չէ։ Այսինքն՝ այդ տեսակետից անձնական կամ կուսակցական շահեր չունի, որպեսզի ինքը ակտիվորեն մասնակցի ընտրություններին, զբաղվի կեղծիքներով»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031