Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետական դավաճանության մեղադրանք՝ Արցախի իշխանություններին

Դեկտեմբեր 09,2020 23:30

Արցախի պետնախարարի նախկին օգնական Վլադիմիր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր` Արցախում գործող «Առաջ Արցախ» և «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպությունները,  ԱՀ գլխավոր դատախազին են ներկայացրել կոլեկտիվ հաղորդում հանցագործության վերաբերյալ:

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ

​​    Մ.Ռ.Աղաջանյանին

Արցախի Հանրապետությունում գործող մի շարք հասարակական կազմակերպություններից

Կոլեկտիվ հաղորդում հանցագործության վերաբերյալ

​Ինչպես գիտեք՝ սույն թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիան և նրանց հովանավորությամբ ձևավորված ահաբեկչական խմբավորումները հարձակվել էին Արցախի Հանրապետության վրա, որի արդյունքում 09.11.2020թ. Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի դաշնության և Ադրբեջանի միջև կնքվել էր գրավոր համաձայնագիր ռազմական գործողությունները դադարեցնելու և Արցախի տարածքային ամբողջականությունը խախտող դրույթներ պարունակող պայմանների շուրջ:

Հիշյալ փաստաթղթի հիման վրա Ադրբեջանին է հանձնվել Արցախի Քաշաթաղի, Շահումյանի, Շուշիի շրջանները, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների որոշ հատվածներ, մի շարք համայնքներ մնացել են Ադրբեջանի տիրապետության տակ:

Ընդ որում հիշյալ համաձայնագիրը կնքվել ու հետագա բոլոր պայմաններն իրագործվել էին առանց Արցախի Հանրապետության քաղաքացիների կարծիքը կամ դիրքորոշումը լսելու և հաշվի առնելու: Արդյունքում Արցախի տասնյակ հազարավոր քաղաքացիներ հարկադրաբար զրկվել են իրենց շարժական ու անշարժ գույքի նկատմամբ ԱՀ Սահմանադրությամբ հռչակված ու սահմանադրորեն պաշտպանված սեփականության իրավունքից, ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը, անտիրության են մատնվել մեր հոգևոր արժեքները՝ այդ ամենի հետևանքով կրելով գույքային և բարոյական վնասներ:

​Արցախի Հանրապետության Սահմանադրության 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է:

Արցախի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի համաձայն՝ մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո:

Նույն Սահմանադրության 162-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրությունը և Սահմանադրության /…/ 175-րդ հոդվածներում փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեի միջոցով:

Վերոգրյալից հետևում է, որ ԱՀ տարածքային ամբողջականության հետ կապված հարցերը ենթակա են վերանայման բացառապես ժողովրդի կամարտահայտությամբ և սահմանադրական ճանապարհով, իսկ Սահմանադրության 175-րդ հոդվածի փաստացի խախտումը առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության հատկանիշներ:

​Բացի դրանից, վերոգրյալ գործողությունների հետևանքով Արցախում փաստացի դադարել են գործել սահմանադրական այնպիսի նորմեր, ինչպիսիք են ԱՀ Սահմանադրության 1-ին հոդվածի 1-ին մասը /Արցախի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է/, 2-րդ հոդվածի 1-ին մասը /Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին/, 4-րդ հոդվածը /Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա/, 5-րդ հոդվածի 1-ին մասը /Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ/ և 6-րդ հոդվածի 1-ին մասը /Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով/, ինչպիսի արարքը պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով /Սահմանադրական կարգը տապալելը/ նախատեսված հանցագործության հատկանիշներ:

Ինչպես ռազմական գործողություններին զուգահեռ, այնպես էլ դրանից հետո հանրության լայն շրջանակների մոտ տարածվել ու մինչ օրս շարունակվում են տարածվել տեղեկություններ /դատախազությունը և դատախազության հսկողության տակ գործող հետաքննության մարմինները նույնպես պարտավոր են տեղյակ լինել դրանց մասին/ ռազմի դաշտում դավաճանությունների, մարտական դիրքերը նախապես ծրագրված սցենարով լքելու, ադրբեջանական զորքերի՝ քաղաք Շուշի հասնելու անհավանական թվացող ճանապարհը նախապես հարթելու հանցավոր դեպքերի մասին:

Արցախի Հանրապետության նախագահը բազմիցս հայտարարել էր, որ պատերազմը դադարեցնելու նպատակով իր կողմից ՀՀ իշխանություններին մի քանի անգամ հստակ տեղեկություն-խնդրագիր էր ուղարկվել, սակայն անհասկանալի պատճառներով պատերազմը ավելի վաղ փուլում կանգնեցնելու որոշում չէր ընդունվել, որի պարագայում Արցախի տարածքային կորուստները կլինեին անհամեմատ ավելի քիչ:

Պատերազմը առավել վաղ կանգնեցնելու հնարավորության առկայության մասին իր հրապարակային խոսքում շեշտել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որից ՀՀ կամ Արցախի իշխանությունները անհասկանալի պատճառներով չէին օգտվել:

Հիշյալ հրապարակային հայտարարություններն ու տեղեկությունները ևս առերևույթ վկայում են, որ ենթադրաբար պատերազմական գործողությունների ընթացքում կատարվել են այնպիսի գործողություններ, որոնք իրենց բնույթով և ակնկալվող հետևանքներով դեմ էին Արցախի Հանրապետության շահերին և նպաստավոր պայման էին հանդիսացել ռազմական գործողությունների ընթացքում նահանջի, տարածքային կորուստների և 09.11.2020թ. համաձայնագիր կնքելու համար նպաստավոր իրադրություն ունենալու համար: Նկարագրված արարքները պարունակում են ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ /Պետական դավաճանություն/ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների մասին վկայող բավարար տվյալներ, որի կապակցությամբ հարկ է իրականացնել քրեական վարույթ՝ ճշմարտությունը բացահայտելու համար:

Հետպատերազմական փուլում, երբ Արցախի Հանրապետության Քաշաթաղի, Շահումյանի ու Շուշիի շրջանների բնակիչները ստիպված էին լքել իրենց բնակավայրերը, ծագել էր պետական գույքը անվնաս ու ամբողջական տեսքով Արցախի զինված ուժերի տիրապետության տակ գտնվող տարածք տեղափոխելու անհրաժեշտություն, մինչդեռ հիշյալ շրջաններում մնացել է հարյուրավոր միլիոնների հասնող պետական ու պետության կողմից հիմնադրված մասնավոր կազմակերպություններին պատկանող անշարժ ու շարժական գույքեր, որոնք փաստացի անցել են Ադրբեջանի տիրապետության տակ և որի հետևանքով Արցախի Հանրապետությունը զրկվել է այդ գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքից:

Նկատի ունենալով, որ հիշյալ հետևանքները ենթադրաբար առաջացել են ԱՀ Շահումյանի, Քաշաթաղի ու Շուշիի շրջանների մի շարք պաշտոնատար անձանց, ինչպես նաև գործադիր իշխանության բարձրագույն մարմինների հանցավոր անփութության կամ ծառայողական լիազորությունների չարաշահման կամ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակությունների կատարմամբ, ուստի վերոգրյալ դեպքերի կապակցությամբ ևս հարկ է կատարել պատշաճ քրեադատավարական քննություն՝ մեղավորներին ի հայտ բերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու համար:

Այսպիսով, սույն հաղորդմամբ ներկայացված փաստերը առերևույթ պարունակում են ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ, 312-րդ, 322-րդ, 334-րդ, 185-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ, որոնց կապակցությամբ քննություն կատարելու և հանրությանը մտահոգող հարցերի պատասխանները լուսաբանելու ուղղակի պարտականությունը կրում են քրեական հետապնդման մարմինները՝ քրեական հետապնդումը տնօրինող սահմանադրական մարմնի՝ դատախազության գլխավորությամբ:

Ելնելով վերոգրյալներից՝

պահանջում ենք

1.Սույն հաղորդման կապակցությամբ անհապաղ հարուցել քրեական գործ և նախաքննության կատարումը հանձնարարել ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնին:

  1. Հարուցված քրեական գործով ապահովել պատշաճ, հնարավորինս հրապարակային ու վստահելի քրեադատավարական քննություն:

 

ԿԱՐԵՎՈՐ ❗️❗️❗️ Այսօր` Արցախում գործող «Առաջ Արցախ» և «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպությունները, ԱՀ գլխավոր...

Posted by Vladimir Grigoryan on 2020 թ. դեկտեմբերի 9, չորեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031