Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավանաբար Նիկոլ Փաշինյանն ակնարկում է, որ Վազգեն Մանուկյանը միայն ձևական ֆիգուր է, և նա չի լինելու այդ կառավարության գործող անձը». Արմեն Վարդանյանը՝ ԱԺ-ում հնչած հայտարարության մասին

Դեկտեմբեր 09,2020 22:00

«Նիկոլ Փաշինյանի ակնարկները վերաբերում էին այն բանին, որ այդ քաղաքական ուժերը, որոնք աջակցում են Վազգեն Մանուկյանին, կարող են իրենք գործնականում վերցնել իշխանությունն իրենց ձեռքը, իսկ Վազգեն Մանուկյանը միայն ձևական ֆիգուր է»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, մասնավորապես Վազգեն Մանուկյանի՝ վարչապետի թեկնածու լինելու հետ կապված, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ԱԺ-ում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով 17 քաղաքական ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի մասին, ասաց. «Եթե նման պայմաններում լինի փոփոխություն եւ նշանակվի նման վարչապետ, որը չունի որեւէ հենարան, լեգիտիմության որեւէ աղբյուր, ո՞ւմ վրա է հենվելու եւ ո՞ւմ է պատկանելու իշխանությունը: Իհարկե՝ պատկանելու է այն ուժերին, որոնք նրան բերել են այդ կարգավիճակին: Եվ այն մի տարում, որի մասին նրանք խոսում են, վերականգնվելու են ընտրակեղծարարության բոլոր հնարավոր մեխանիզմները, որպեսզի ՀՀ-ն նորից վերադարձվի ընտրակեղծարարության փուլ»:

Մինչդեռ 2019-ի մարտի 1-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հանրային խորհրդի անդամներին, դիմելով այն ժամանակ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին նրան բնութագրել էր որպես «ընտրակեղծիքների զոհ դարձա քաղաքական գործիչ» ու մասնավորապես ասել. «Ուրախ եմ ձեզ տեսնելու և Հանրային խորհրդի գործունեության հետ կապված հարցեր քննարկելու համար: Քիչ առաջ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ հանդես եմ եկել ուղերձով և այնտեղ որպես վարչապետ պետության անունից ներողություն եմ խնդրել Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, բոլոր քաղաքական հետապնդումների համար: Այդ ուղերձը, ներողության խոսքերն ուղղված են Երրորդ Հանրապետության ընթացքում քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին և քաղաքացիներին: Ուզում եմ ընդգծել, որ այդ ուղերձն ուղղված է նաև Ձեզ՝ պարոն Մանուկյան, որպես Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ ընդդիմադիր քաղաքական ուժ ղեկավարած և ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական գործիչ»:

Արմեն Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են համադրվում Նիկոլ Փաշինյանի՝ այս երկու հայտարարությունները, նա պատասխանԵց. «Այդ հայտարարությունն անելիս Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, նկատի է ունեցել ոչ թե Վազգեն Մանուկյանին, այլ այն կուսակցություններին, որոնք կան այդ 16 կուսակցությունների խմբում: Այդ կուսակցությունները տարբեր տարիներ ընտրություններ են կեղծել: Հավանաբար, հենց նրանց նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ Վազգեն Մանուկյանի անձը: Եվ հաշվի առնելով, որ Վազգեն Մանուկյանի թիկունքում մի շարք կուսակցություններ են, որոնք իշխանության մեջ են եղել նախորդ տարիներին, և ընտրություններ են կեղծվել այդ իշխանությունների օրոք, ապա, հավանաբար, հենց նկատի ուներ նրանց, այլ ոչ թե Վազգեն Մանուկյանին»:

Ըստ Արմեն Վարդանյանի՝ Նիկոլ Փաշինյանն ակնարկում է, որ Վազգեն Մանուկյանն ինքը չի լինելու այդ իշխանության գործող անձը, այլ նրա հետևում կանգնած ուժերը՝ ՀՀԿ, ԲՀԿ և այլն, որոնք տարբեր տարիներին լինելով իշխանության մեջ, դիմել են և′ ընտրակեղծիքների, և′ ընտրակաշառք են բաժանել: Հենց դա, հավանաբար, նկատի ունի, այլ ոչ Վազգեն Մանուկյանի անձը: Հավանաբար, նա ակնարկում է, որ Վազգեն Մանուկյանը միայն ձևական ֆիգուր է, և նա չի լինելու այդ կառավարության գործող անձը»:

Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն չի հակասում, և քանի որ Վազգեն Մանուկյանը երբեք իշխանություն չի եղել, բնականաբար, ինքը երբեք ընտրություններ չի կեղծել և ուղիղ իմաստով դա չէր կարող վերաբերվել Վազգեն Մանուկյանին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031