Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնյան նախաբան՝ կարգավորման վերաբանակցությունների

Դեկտեմբեր 09,2020 22:45

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի հայտարարությունը առ այն, որ իր պետությունը դեռ շատ հարցեր ունի Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի, այստեղ Թուրքիայի դերակատարության մասին: «Չափազանց մտահոգված էինք և հայտնել ենք մեր մտահոգությունները Թուրքիայի դերի վերաբերյալ այստեղ տեղափոխված օտարերկրյա զինյալների և տրամադրվող զենք զինամթերքի վերաբերյալ քննարկումներին»։

Այստեղ քննադատությունը հիմնականում ուղղվել է Անկարային, սակայն առաջին բաժինը վերաբերում է ՌԴ-ին՝ հարցեր կան Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ։

Հայտարարությունում պարզ է, որ կա ամերիկյան անհանգստություն ԵԱՀԿ-ի ձեւաչափից դուրս Անկարա-Մոսկվա համակարգավորման մասին։ ԵԱՀԿ-ի, այս դեպքում Վաշինգտոնի շրջանցումը հրադադարի հաստատման կամ ընդհանրապես պատերազմի գործընթացում չի կարելի բացատրել զուտ ներամերիկյան ընտրական իրադարձություններով ԱՄՆ-ի զբաղվածությամբ։ Արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները եւ հատկապես պատերազմական գոտիները չէին կարող դուրս մնալ ամերիկյան շահագրգռվածության շրջածիրից։

Վաշինգտոնը ռազմական գործողությունների իբրեւ արդյունք առաջին հերթին հանգիստ էր ընկալում իրանյան սահմանների կարգավիճակի փոփոխությունները։ Թե՛ իրանյան սահմանամերձ շրջաններում ահաբեկչական տարրերի տեղակայումը, թե սահմանագոտու ռազմական ներկայության փոփոխությունը ընդհանրապես, համենայնդեպս բխում էին Վաշինգտոնի շահերից։

Վաշինգտոնը գոհ էր նաեւ, որ Անկարայի եւ Մոսկվայի ձեռամբ խնամքով անտեսվեց Թեհրանի առաջարկը հրադադարի բանակցությունները Մոսկվա-Անկարա-Երեւան-Բաքու-Թեհրան ձեւաչափով իրականացնելու։ Թեհրանը դուրս մնաց գործընթացից։

Չմոռանանք, որ Նախիջեւան-Ադրբեջան ցամաքային կամրջումը, ըստ էության ամերիկյան առաջադրանք էր Գոբլի ծրագրի տեսքով, թե Քի Վեսթյան առաջարկով։ Ռիկերը նույն հայտարարությունում նշել էր՝ «Ես հիշում եմ իմ կարիերայի սկզբին, երբ մենք Մինսկի խմբի համանախագահության առաջատար դիրքում էինք և ակտիվ բանակցություններ էինք վարում 2000- 2001 թթ.-ին Քի Վեսթում: Մենք իսկապես մտածում էինք, որ մոտ ենք կարգավորմանը կամ համարյա այնտեղ ենք: Սակայն դա դարձավ պատրանք»։

Քի Վեսթում այն ինչ առաջարկում էր ԱՄՆ-ը կարգավորման տարազի տակ տարածաշրջանում հիմնականում իրանյան ելքի եզակիությունը չեզոքացնող այլընտրանքային ուղի էր։ Հիմա այդ «պատրանքը» որոշակիորեն ուրվագծվել է հայտարարության 9-րդ կետում։ Հակամարտող կողմերի ապաշրջափակման առաջադրանքը, ըստ էության ամերիկյան հայեցակետով կնպաստի Իրանի շրջափակմանը։

Հիմա դրա մեկնարկը, որ հայտարարությամբ հաստատվեց ամերիկյան մոտեցմամբ պետք է կարգավորման խաղաղության փաստաթղթով ամրագրել։ Դրա համար էլ Ռիկերը խոսում է բանակցությունները վերադարձնել ԵԱՀԿ հարթություն, որտեղ իրենք ուղղակի դեր կվերցնեն։

Թեհրանի անուղղակի դուրս մղումից հետո հիմա Վաշինգտոնը ուղղակի կմիջամտի գործընթացներին։Չեն բացառվում Անկարայի եւ Բաքվի ռազմական գործարքների կրճատմանը միտված ճնշամիջոցները, Մոսկվային ուղղված ուղղակի պահանջները եւ հակամարտության կարգավորման առաջադրանքի տակ Վաշինգտոնի վերադարձը իբրեւ աշխույժ միջնորդ։ Դրա համար էլ պետքարտուղարի օգնականը ասել էր, որ «ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ այստեղ երկարաժամկետ ռազմական լուծում չկա: «Տասնամյակներ առաջ Հայաստանի հաղթանակը ռազմի դաշտում վերջ չդրեց հակամարտությանը: Մենք փորձեցինք դիվանագիտության միջոցով հեռու պահել կողմերին բռնությունից: Կասկածում եմ, որ ռազմական լուծումը կարող է այս անգամ ևս ուրիշ արդյունք գրանցել»։

Այս հաստատումը բաց տեքստով համազոր է առ այն, որ այսօրվա համապատկերը ընդամենը ռազմական գոտու ուժերի հարաբերության ժամանակավոր փոփոխություն է, ինչպես եղել էր նախապես հօգուտ հայկական կողմին։ Իսկ կարգավորումը պայմանակցված է ԵԱՀԿ-ով․ այս դեպքում՝ ԱՄՆ-ով։

Թվում է, որ բուն բանակցությունները մտնում են աշխարհաքաղաքական հարթություն՝ հակամարտող կողմերին վերապահելով ձեւական մասնակցություն։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031