ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը տեսակապի ձևաչափով մասնակցեց ԱՊՀ տնտեսական խորհրդի 88-րդ նիստին։
Նիստի մասնակիցները մտքեր փոխանակեցին ԱՊՀ շրջանակներում տարբեր ուղղություններով համագործակցությանը վերաբերող արդիական հարցերի շուրջ:
ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված էին ԱՊՀ մասնակից պետությունների՝ կեղծ ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների օգտագործման կանխարգելմանը և կանխմանն ուղղված համագործակցության համաձայնագրի մասին, մինչև 2025թ․ ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետություններում տրանսպորտային միջոցների համար որպես շարժիչային վառելանյութ բնական գազի օգտագործումը զարգացնելուն և խթանելուն ուղղված միջոցառումների մասին ԱՊՀ ՏԽ որոշումների նախագծերը։
Կարդացեք նաև
Քննարկեցին նաև առողջապահության և ապահովագրության ոլորտում համատեղ հետազոտությունների իրագործման ծրագրերը, նորարարական գործունեության բնագավառում արդի հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիներին առնչվող հարցեր։
Նիստի արդյունքներով տնտեսական, էներգետիկ, գյուղատնտեսական և մեքենաշինության բնագավառներին առնչվող հարցերի վերաբերյալ տասնյակից ավելի որոշումներ ընդունվեցին։
Անդրադարձ կատարվեց նաև կազմակերպչական բնույթի, մասնավորապես՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի 89-րդ նիստը 2021թ․ մարտի 12-ին Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ հարցերին:
ՀՀ ԱԳՆ