Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ արվեց Արցախի հետ՝ շարունակելու են անել Հայաստանի հետ». Վազգեն Մանուկյան

Դեկտեմբեր 09,2020 20:30

«Մեր պայքարը քաղաքական պայքար չէ, մեր պայքարն իշխանափոխության պայքար չէ, այլ ազգային պայքար, որը մղել ենք թե 200 տարի առաջ, թե 1000 տարի առաջ»,- խորհրդարանի շենքի մոտ, «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Այն, ինչ արվեց Արցախի հետ՝ շարունակելու են անել Հայաստանի հետ: Մենք այս տարածաշրջանի միակ հաղթած պետությունն էինք, համարվում էինք ամենահզոր բանակն ունեցողը: 2.5 տարում այդ ամենը ոչնչացավ»,- ասաց Վազգեն Մանուկյանը`հիշեցնելով, որ նույն հարթակից ինքը ժողովրդին դեպի հաղթանակ է տարել, մենք անկախ պետություն ենք ունեցել, ապա`ինքը ղեկավարել է բանակն ու հաղթանակ տարել: Այժմ էլ վստահ է, որ հաղթելու ենք։

«Սա երկար տեւել չի կարող, ինչքան տեւի, այնքան ավելի կործանարար կլինի Հայաստանի համար։ Հիմա մենք ծնկի իջած, ողորմություն ենք խնդրում այս ու այն երկրից: Նորից ոտքի կանգնեք, գնանք առաջ, առջեւում ես տեսնում եմ, թե ինչպես ենք արդար ու հզոր, արդար պետություն դառնալու: Բոլորս դեպի հաղթանակ»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանն իր ելույթում ասաց, որ որեւէ կուսակցություն չի ներկայացնում, ինքը ՀՀ-ն է ՀՀ արժանապատիվ քաղաքացին. «Ես միացել եմ այս շարժմանը, որպեսզի պաշտպանեմ իմ ու ձեր ապրելու իրավունքը, արժանապատվությունը եւ մեր ապագա հաղթանակների հիմքը դնենք: Ես հասկանում եմ, որ շատերը ծնկած են, շատերը սգի մեջ են, բայց ոտքի ելեք, ժողովուրդ»:

ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյանն իր ելույթում հիշեցրեց, որ պատերազմի առաջին օրը խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` պայմանավորվենք`ինչ էլ պատահի, մենք մեզ պարտված չենք համարելու եւ ներկաներին հարցրեց`այստեղ մարդ կա՞, որ պատրաստ է հաշտվել պարտության հետ: Ցուցարարները բացականչեցին՝ ոչ:

«Ի՞նչ է անում Փաշինյանը, նախարարին խորհրդարանական է սարքում, մարզպետին՝ պատգամավոր, կամ՝ հակառակը։ Այ ընկեր, բանջարեղենների տեղերը փոխելուց, արդյունքը չի փոխվում: Այստեղ կանգնած մարդիկ եկել են քեզ ասելու, որ Նոր տարվա գիշերը բավական է, որ մեր զոհված զինվորների արյան կսկիծը մեր սրտում լինի, չենք ուզում մի հատ էլ քո դեմքը տեսնենք հեռուստացույցով»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

«Մեզ փորձում են համոզել՝ դե հիմա պատերազմ է պարտվել ենք, պատերազմը հայ ժողովուրդը, հայերը չեն պարտվել, պատերազմը պարտվել է Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը: Ինչից ասես այս օրերին չի խոսվում, բայց մյուս կողմից մեկ բան է հնչում՝ պետք է առևտուր անել, հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ: Դուք հո չե՞ք գժվել, հասկանո՞ւմ եք ինչ եք խոսում: Թուրքական հեռուստաընկերությունով ՀՀ քարտեզն են ցույց տալիս, որտեղ Սյունիքին ու Զանգեզուրն Ադրբեջանի կազմում են, դուք հասկանո՞ւմ եք ինչ է կատարվում»,- իր ելույթում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը:

ԲՀԿ-ն, ի դեպ, այսօր չէր մասնակցում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի նիստին: Արման Աբովյանը բացատրեց` իրենք ոչ մի հարց չունեն Փաշինյանին, նրանից միայն մեկ պահանջ ունեն՝ «Նիկոլ, հեռացիր»:

«Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչ, հայոց պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանն էլ իր ելույթում ասաց, որ ամաչում է դասարան մտնել եւ աշակերտներին ներկայացնել արցախյան պատմությունը: Հիշեցնելով Մոնթեի խոսքերը`եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը, նա ասաց. «Պապիկյան Սուրեն, ասում ես պատմաբան եմ, ասում ես`աշակերտներ ունեմ. ի՞նչ ես ասելու քո աշակերտներն եւ ուսանողներին: Ասված է`առանց Արցախ Հայաստան չկա. ի՞նչ ենք փոխանցելու մեր սերունդներին»: Նա բոլորին հորդորեց`ոտքի կանգնել հանուն հայրենիքի. «Հայկը չպիտի պարտվի Բելին»:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը կշարունակվի վաղը, ժամը 11:00-ին, կառավարության շենքի մոտ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031