«Ազատություն» ռ/կ. Արագածոտնի մարզի Ապարանի շրջանի մի շարք գյուղերի բնակիչներ այսօր ի աջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաք էին կազմակերպել։
Հավաքվածների վրդովմունքի պատճառը գյուղապետերի՝ վարչապետի հրաժարականը պահանջելու վերաբերյալ հայտարարություններն են։ Ապարանցիներն ասում են, որ իրենք աջակցում են վարչապետին, և համայնքապետերն իրավունք չունեն իրենց անունից այդպիսի հայտարարություններ անել։
«Մենք իրանց ասում ենք, որ դուք սխալ եք։ Մենք մեր վարչապետի կողքին ենք։ Բայց իրանք որպես գյուղապետ իրավունք չունեն իրանց անձնական կարծիքն ասել», – ասաց հավաքվածներից մեկը։
Ցույցի մասնակիցները պնդում են, թե համայնքապետերը իրավունք չունեն ժողովրդի անունից խոսել, իրենց անձնական կարծիքը կարող են հայտնել միայն հրաժարական տալուց հետո․ – «Մեր գյուղապետը ժխտեց, ինքը մենակ իրա կարծիքն ա ասել։ Բայց համայնքապետն ո՞վ ա, որ ամբողջ Ապարանի համայնքի տեղը խոսա»։
Կարդացեք նաև
Հարթավան համայնքի մի ներկայացուցիչ ասաց․ – «Էսօր հարթավանցիների պահանջն ա։ Մենք ունենք մի հատ գյուղապետ, արդեն էլ չեղածի հաշիվ ա։ Գյուղապետը առանց գյուղացիքի կարծիքի հելնում ասում ա՝ ես դեմ եմ։ Մեր գյուղապետը պետք ա հրաժարական գրի, գնա»։
Շենավանի գյուղապետ Ժիրայր Ղազարյանն ասաց, թե Ապարան խոշորացված համայնքի կողմից իրենց անձնական կարծիքի վերաբերյալ հարցում է իրականացվել, և ինքը պնդել է, որ Փաշինյանը չպետք է շարունակի պաշտոնավարել։
Այդուհանդերձ, Ղազարյանն ընդունում է, որ բնակիչների կարծիքը տարբերվում է իր կարծիքից․ – «Թե՛ էրեկ, թե՛ մյուս օրը էդ ուղղությամբ իմ կատարած սխալի համար ասել եմ, որ ժողովուրդ ջան, ես էս հարցում կատարել եմ սխալ։ Եթե ժողովրդի 90 տոկոսը Փաշինյանի կողմնակիցն ա, անկախ ամեն ինչից, ես էլ ժողովրդի հետ եմ»։