Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահանաձև գեղձի խանգարումների վաղ հայտնաբերումն ու բուժումը կանանց օգնում է հաղթահարել վերարտադրողական համակարգի հետ կապված շատ խնդիրներ»․ Մարիամ Հայրապետյան

Դեկտեմբեր 09,2020 23:00

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում զրուցել ենք Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկ-ներզատաբան Մարիամ Հայրապետյանի հետ՝ անդրադառնալով կնոջ վերարտադրողական առողջության վրա վահանաձև գեղձի ազդեցությանը, հղիության ընթացքում առաջացող հնարավոր խնդիրներին ու այդ խնդիրների կանխարգելմանն ուղղված քայլերին։

-Բժշկուհի Հայրապետյան, ինչպիսի՞ ազդեցություն ունեն վահանաձև գեղձի հիվանդությունները կնոջ ընդհանուր և վերարտադրողական առողջության վրա։

-Պատկերավոր ասած՝ մարդու էնդոկրին՝ ներզատական համակարգը նման է նվագախմբի։ Էնդոկրին օրգանները գործիքներն են, որոնց արտադրած հորմոնները կարգավորում են բոլոր օրգան-համակարգերի գործունեությունը։ Ներզատական օրգաններից մեկի գործառույթի խանգարման դեպքում «սիմֆոնիան ներդաշնակ չի հնչի»։

Վահանաձև գեղձը բացառություն չէ․ վերջինիս գործառույթի խանգարումները հատկապես հանդիպում են կանանց մոտ՝ մեծ մասամբ  ռեպրոդուկտիվ տարիքում։ Վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումները կարող են խաթարել կնոջ վերարտադրողական առողջությունը՝ դառնալով դաշտանային գործառույթի խանգարումների, չբերության, հղիության ընդհատման պատճառ։ Դեռահաս աղջիկների մոտ վահանաձև գեղձի թերֆունկցիան՝ հիպոթիրեոզը, ոչ միայն դաշտանային ցիկլի խանգարումներ է առաջացնում, այլև սեռական զարգացման հապաղում։

 

Նշենք, որ վահանաձև գեղձի հորմոնները կարգավորող ազդեցություն ունեն կրծքագեղձերի վրա։

Կանանց մոտ վահանագեղձի գործառույթի խանգարումները շատ հաճախ զուգակցվում են դիսհորմոնալ այլ հիվանդությունների հետ՝ արգանդի ֆիբրոմիոմա, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ, մաստոպաթիա և այլն։ Այս ամենից կարելի է ենթադրել, որ
վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումների վաղ հայտնաբերումն ու բուժումը կանանց օգնում է հաղթահարել և կանխարգելել վերարտադրողական համակարգի հետ կապված շատ խնդիրներ։

Որպես օրինակ կարող եմ ներկայացնել կլինիկական մի դեպք, որը ևս մեկ անգամ վկայում է, թե որքան կարևոր է վահանաձև գեղձի ֆունկցիան վերարտադրողական առողջության հարցում։ 13 տարեկան աղջիկը դիմել էր կլինիկա՝ գանգատվելով արգանդային ոչ ցիկլիկ բնույթի արյունահոսություններից։ Փոքր կոնքի սոնոգրաֆիայի ժամանակ հայտնաբերվել էին ձվարանների չափերի մեծացում, մուլտիկիստոզ փոփոխություններ։ Ելնելով հիվանդի օբյեկտիվ զննումից՝ որոշում կայացվեց հետազոտել վահանաձև գեղձի հորմոնների և պրոլակտինի մակարդակը։ Հետազոտությունների արդյունքում պացիենտի մոտ հայտնաբերվեց հիպոթիրեոզ և հիպերպրոլակտինեմիա։ Փոխարինող թերապիայից հետո պացիենտի մոտ վերացան հիպոթիրեոզի կլինիկական ախտանշանները, դադարեց արգանդային արյունահոսությունը և ուլտրաձայնային հետազոտությունը ցույց տվեց ձվարանների չափերի զգալի փոքրացում։

-Վահանաձև գեղձի գործառույթի խանգարումներն ինչպիսի՞ խնդիրներ կարող են հարուցել հղիության ընթացքում։

Հիպոթիրեոզը՝ վահանաձև գեղձի թերֆունկցիան, կարող է բերել հղիության ընդհատման, ֆետոպլացենտար (պտուղընկերքային) անբավարարության, հղիների մոտ հիպերտենզիայի զարգացման։
Հիպերթիրեոզը՝ վահանաձև գեղձի գերֆունկցիան, նույնպես կարող է հանգեցնել հղիության ընդհատման, վաղաժամ ծննդաբերության, փոքր քաշով, բնածին արատներով պտղի ծննդի։

Հղիության ընթացքում վահանաձև գեղձի հորմոնները, հղի կնոջ օրգանիզմում յոդի բավարար մակարդակը չափազանց կարևոր են պտղի նյարդային համակարգի ճիշտ ձևավորման համար։ Պտղի մոտ վահանաձև գեղձի՝ յոդ կլանող հատկությունը ձևավորվում է 12-րդ շաբաթում, սակայն սեփական թիրեոիդ հորմոնների սինթեզը պտղի մոտ կատարվում է միայն 17-րդ շաբաթում, ուստի ակներև է, որ պտղի ձևավորման համար սկզբնական էտապում շատ կարևոր է մոր մոտ վահանաձև գեղձի հորմոնների օպտիմալ մակարդակը, որոնք, անցնելով պլացենտար պատնեշով, սկզբից ևեթ մասնակցում են պտղի օրգան-համակարգերի ձևավորմանը՝ հատկապես նյարդային, սիրտ-անոթային համակարգերի, հենաշարժողական ապարատի։

Հղի կնոջ օրգանիզմը պտղին ապահովում է ոչ միայն վահանձև գեղձի հորմոններով, այլ նաև յոդի աղբյուր է հանդիսանում, որն օգտագործում է պտուղը սեփական հորմոնները սինթեզելու համար։ Այդ փուլում յոդը խիստ անհրաժեշտ է թե՛ պտղի, թե՛ մոր վահանաձև գեղձի նորմալ գործառույթի ապահովման համար։ Ուստի յոդի խիստ դեֆիցիտի պարագայում պտղի մոտ կարող է զարգանալ էնդեմիկ կրետինիզմ՝ թուլամտություն, կյանքի առաջին տարում զարգացման, աճի խանգարումներ։

Ծնվելուց հետո երեխայի գլխուղեղը շարունակում է զարգանալ արդեն իր վահանաձև գեղձի հորմոնների շնորհիվ, այդ շրջանում նորածնի համար յոդի հիմնական աղբյուր է համարվում մոր կաթը։

-Ելնելով այս վտանգների՞ց՝ որքանո՞վ են համատեղելի վահանաձև գեղձի խանգարումները հղիության հետ։ Այդ խանգարումների դեպքում նշանակվող բուժումը կարո՞ղ է վնասել հղիության ընթացքին։

Մեր օրերում չկան վահանաձեւ գեղձի այնպիսի հիվանդություններ, որոնք բացարձակ հակացուցում են հղիության համար։

Պարզապես անհրաժեշտ է հղիության պլանավորման ժամանակ կամ հղիությունը հայտնաբերելուց հետո որոշել վահանաձև գեղձի հորմոնների մակարդակը՝ ժամանակին իրականացնելով անհրաժեշտ բուժումը։
Հարկ է նշել, որ վահանաձև գեղձի հիվանդությունների վարումը հղիության ընթացքում և ոչ հղիների դեպքում տարբերվում է։

Հիպոթիրեոզի բուժման ժամանակ կիրառվող պրեպարատները, որոնք ունեն փոխարինող թերապիայի էֆեկտ, շարունակվում են օգտագործվել հղիության ժամանակ, քանի որ չունեն արատածին ազդեցություն պտղի վրա։ Այստեղ կարևոր է փոփոխություններ մտցնել դեղաչափի մեջ, որպեսզի ապահովվի պտղի բավարար զարգացումը։ Գրեյվսի հիվանդության (դիֆուզ տոքսիկ խպիպի) բուժման ժամանակ հղիության առաջին եռամսյակում օգտագործում ենք դեղորայք, որը նույնպես չունի արատածին ազդեցություն։

Այսպիսով, ժամանակին և ճիշտ հսկողության պարագայում կնոջ հղիությունն ու պտղի զարգացումն անցնում է բնականոն։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031