Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բժիշկ Տարոն Տոնոյանը հրաժարվել է պատերազմի մասնակցի պարգեւից

Դեկտեմբեր 09,2020 19:30

«Ապշած եմ, պետք է հացի գինը 50 դրամով բարձրանա՞, որ մեր ձայնը լսելի դառնա: Մենք հայրենիք ենք կորցրել եւ շարունակում ենք կորցնել»,- խորհրդարանի շենքի մոտ, լրագրողների հետ զրույցում, «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը: Ըստ նրա, նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո մարդիկ տասնյակ հազարներով պետք է փողոց դուրս գային:

Նրա գնահատմամբ, այսօր Հայաստանում անիշխանություն է, վարչապետը զբաղված է միայն «սեփական աթոռը պահելով, նա ժամանակ չունի սահմաններով զբաղվելու, բանակով զբաղվելու»: Դիմելով Նիկոլ Փաշինյանին`նա ասաց. «Ո՞ւմ հետ եք վաղն աշխատելու, ինչպե՞ս եք ղեկավարելու, ձեզ ոչ ոք չի ուզում: Ձեզ աջակցողները Քելբաջարի ու Ջաբրայիլի տեղը չգիտեն:

Տարոն Տոնոյանը կոչ արեց իր բժիշկ ընկերներին. «Այդքան անտարբեր մի եղեք, ձեր ձայնը բարձրացրեք, որպես մտավորականության մի մաս, որպեսզի լսելի դառնա այս ԱԺ-ում, որտեղ նիստ են անցկացնում: Նրանք ամեն օր փորձում են իրենց շարքերը համալրել: Ո՞վ է տեսել պարտված պետությունը այսքան շատ շքանշան ու մեդալ բաժանի: Որպեսզի կարողանա այդ մարդկանց եւս զերծ պահել այս պայքարից: Այսօր ինձ զանգել են առողջապահության նախարարությունից եւ ասել, որ պետք է ներկայանամ նախագահական եւ շքանշան կամ մեդալ պետք է տան: Ես դա վաստակել եմ այն զինվորների բերանից, որոնք ասել են՝ շնորհակալություն, բժիշկ: Ես այդ մեդալից հրաժարվել եմ, որովհետեւ չեմ ուզում ապազգային, իրենց կյանքում ոչինչ չարած, հայրենիքին դավաճանած մարդկանց ձեռքից մեդալներ ստանալ»:

Խոսելով նոր խորհրդարանի անհրաժեշտության եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին էլ, բանախոսն ասաց, որ ընտրությունները պետք է լինեն այն ժամանակ, երբ մենք չենք լինի էյֆորիայի մեջ եւ, որ այդ ընտրությունները իրավունք չունի անցկացնել «կլասիկ ստախոս» Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, մինչ խորհրդարանի շենքի մոտ ցուցարարները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա խորհրդարանի ներսում է, մասնակցում էր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի նիստին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031