«Այսօր Փաշինյանի հեռացման համազգային կոնսենսուս կա, սփյուռքի բոլոր օջախները, հայկական ծագման բոլոր գործարարները եւ վերջապես հոգեւոր առաջնորդները: Ես չգիտեմ՝ Հայաստանի պատմության մեջ նման դեպք ե՞րբ է եղել, երբ հոգեւոր առաջնորդները միասին պահանջեն քաղաքական իշխանության հեռացումը։ Չկա որեւէ քաղաքական ուժ, բացի իրենց էդ խմբակից, որ այսօր կպաշտպանի իշխանություններին։ Փաշինյանը վաղուց իշխանություն չունի Հայաստանում»,- խորհրդարանի շենքի մոտ, լրագրողների հետ զրույցում, «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Բելառուսի նախագահի զրույցի` սոցիալական ցանցերում տարածված սկանդալային ձայնագրությանը, Արթուր Ղազինյանն ասաց. «Նրանք, ովքեր ծանոթ են Հայաստանի քաղաքական կյանքին եւ գիտեն՝ ի՞նչ է կատարվել վերջին 20-25 տարվա ընթացքում, դա իրենց համար նորություն չէր։ Դա նորություն էր այն մարդկանց համար, որոնք ապրել են հորինված իրականության մեջ եւ իրենք փորձել են հավատալ ինչ-որ բանի ու այդ հավատը իրենց մոտ ձեւավորել է համոզմունք, իսկ այդ համոզմունքը կեղծ իրականություն է, որում նրանք ապրել եւ շարունակում են ապրել։ Իրենք շոկի ենթարկվեցին` լսելով, որ Հայաստանի երրորդ նախագահը Ալիեւին ավելի մեծ գումար է առաջարկել, որպեսզի նա հրաժարվի այդ 7 տարածքներից։ Ասել, որ նախկինում եղել է որեւէ քայլ դեպի նրան, որպեսզի հանձնվի Արցախի տարածքային ամբողջականությանը վերաբերվող որեւէ հողի կտոր, դա առնվազն խելացնորություն է»:
Ի դեպ, մինչ խորհրդարանի շենքի մոտ ցուցարարները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա խորհրդարանի ներսում է, մասնակցում էր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի նիստին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ