Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ ժողովուրդը ցեղասպան գործողությունների նոր զոհեր տալով՝ հայտնվեց գոյատևման սպառնալիքի առջև. ՀՀ ԱԳՆ

Դեկտեմբեր 09,2020 19:01

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Հայաստանը, աշխարհի ողջ առաջադեմ մարդկության հետ միասին, ոգեկոչում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակը։

2015 թվականին Հայաստանն ուղղորդեց համաշխարհային ջանքերը՝ դեկտեմբերի 9-ը սահմանելու Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օր:

Հայաստանը՝ որպես ցեղասպանության արհավիրքը վերապրած ժողովուրդ ներկայացնող երկիր, տարիներ շարունակ միջազգային ասպարեզում հանդես է գալիս որպես այս հանցագործության դեմ պայքարի ջատագով և հետևողականորեն աշխատում է ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու, ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների վտանգների իրազեկման և դրանց արձագանքման իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման ուղղությամբ։

Գործադրվող ջանքերի հետ համատեղ աշխարհն այսօր բախվում է այնպիսի լրջագույն մարտահրավերների, ինչպիսիք են անհանդուրժողականության և ծայրահեղականության աճը, մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները, մարդկային կյանքի և արժանապատվության ոտնահարումը:

Այս ահազանգը ոչ միայն դատապարտող և կարեկցող կոչեր հնչեցնելու առիթ պետք է դառնա, այլ օրակարգային դարձնի միջազգային կառույցների շրջանակում վաղ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանն ուղղված քայլերը:

Ցեղասպանությունը և այլ զանգվածային ոճրագործությունները որպես կանոն նախապես ծրագրավորված բնույթ են կրում և ընթանում են քաղաքացիական բնակչության թիրախավորման, մշակութային և կրոնական արժեքների ոչնչացման, ծայրաստիճան ատելության տարածմամբ: Այս բոլոր գործողություններն իրականացվեցին Արցախի ժողովրդի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ագրեսիայի ընթացքում, որը պլանավորվել և իրականացվել էր Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ամբողջական քաղաքական և ռազմական աջակցությամբ և օտարերկրյա վարձկանների և զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ:

Այսպիսով, հայ ժողովուրդը ցեղասպան գործողությունների նոր զոհեր տալով՝ հայտնվեց գոյատևման սպառնալիքի առջև:

Ցեղասպանությունը, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված այլ ոճրագործությունները ծնող պատճառներից է անպատժելիությունը: Անցյալում գործած հանցագործությունների ոչ բավարար դատապարտումն ու պատժից խուսափումը ժխտողականության և ցեղասպանության արդարացման համար պարարտ հող են ստեղծում: Այս գործոնները լուրջ սպառնալիք են ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար, քանի որ այն պետությունները, որոնք ցեղասպանության ժխտողականությունը դարձնում են պետական գաղափարախոսություն երբևէ չեն կարող ապահովել այնպիսի հիմնարար իրավունքների իրականացումը, ինչպիսիք են խոսքի և հավաքների ազատությունը, փոքրամասնությունների պաշտպանությունը, պայքարը ռասիզմի և անհանդուրժողականության դեմ:

Զանգվածային ոճրագործությունների կանխարգելումը առաջին հերթին պատասխանատվություն է, և Հայաստանը շարունակելու է իր ջանքերը` ակտիվորեն նպաստելու այս կարևոր խնդրի առաջադրմանը գլոբալ օրակարգի շրջանակներում:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031