«Մենք կարծում ենք, որ այս պահին արտահերթ ընտրություններն անհնար են, դժվար են, որովհետեւ կան բազմաթիվ զինված խմբեր, այդ թվում՝ ձեր կողմնակից զինված խմբեր: Ձեր համար ցույց անողներից մեկն էլ կառավարության դիմաց սպառնում էր մեր տունը գրավել, եւ նա մինչեւ այս պահը կալանավորված չէ»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Փաշինյանը նրան հարցրել էր, թե ինչու խորհրդարանական ուժերը չեն նախաձեռնում արտահերթ ընտրություններ:
«Մինչեւ այդ զինված խմբերը չզինաթափվեն, ընտրություններ չեն լինի: Այսօր զինաթափեք, վաղը կանենք»,-նշեց Մարուքյանը:
Փաշինյանն ավելի վաղ նրան ասել էր, որ տասնյոթ ուժերը վարչապետի թեկնածու են առաջադրել մեկին, ով չունի ժողովրդի լեգիտիմություն, վստահություն եւ չի էլ ունենա, որովհետեւ մեկ տարով է պաշտոնավարելու ու չի մասնակցելու արտահերթ ընտրություններին:
Կարդացեք նաև
Այս առնչությամբ էլ Էդմոն Մարուքյանն ասաց. «Փաստորեն, դուք էլ եք Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածի գծի մեջ, որ մենակ դուք եք ու մյուս թեկնածուն, ուրիշ թեկնածուներ չկան, հա՞: Մենք էլ ենք թեկնածու առաջարկել, մասնակցելու ենք մյուս ընտրություններին, որեւէ մեկի խամաճիկը չենք եղել եւ չենք էլ լինի: Ավելին՝ կարող ենք արդար ընտրություններ կազմակերպել եւ բոլորին զինաթափել, ինչը դուք չեք կարողանում անել: Դուք չունեք իշխանություն, ո՞նց եք ընտրություն կազմակերպելու»:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք զինված կողմնակիցներ չունենք: Զինված խմբերը կզինաթափվեն եւ զինաթափվում են, նման մի քանի դեպք ունենք: Իմ ճանապարհային քարտեզում նկարագրված է այն ճանապարհը, որով պետք է շարժվենք…մենք կազմակերպել ենք եւ ի վիճակի ենք կազմակերպել արդար ընտրություններ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ