«Կան շնաձկներ եւ փոքրիկ ձկնիկներ: Եվ պարզ չէ՝ մենք փոքր ձկնիկների հաշվի՞ն ենք փորձում վիճակագրություն ներկայացնել: Ճիշտ կլիներ, որ տեսակավորվեր՝ ըստ բնագավառների եւ պաշտոնների: Մարդիկ ամեն ինչ տեսնում են, գիտեն, եւ երբ պաշտոնական վիճակագրությունը չի համապատասխանում մարդկանց տեսածին, վստահությունը բավականին նվազում է»,-հակադարձելով ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության ավագ դատախազ Կարեն Ամիրյանին՝ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Այսօր կոռուպցիայի դեմ պայքարի օրվա առիթով «Մեդիա կենտրոնում» կազմակերպվել էր առցանց քննարկում՝ ԱԺ կողմից շրջանառության մեջ դրված հակակոռուպցիոն դատարանների ստեղծման օրենսդրական փաթեթի վերաբերյալ:
Ըստ դատախազ Ամիրյանի՝ 2019 թ.-ի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 2083 նյութ, որից 1399-ով հարուցվել են քրեական գործեր, 655-ով քրեական գործի հարուցումը մերժվել է, 603-ով արդարացման վճիռներ են եղել:
Ըստ դատախազի, 2018-ին 1988 նյութ է նախապատրաստվել. «Այսպիսով` 2019-ին, 2018-ի համեմատությամբ, 4,7 տոկոսով աճել է կոռուպցիոն բնույթի դեպքերով նախապատրաստված նյութերի քանակը, որին հակառակ՝ 4,7 տոկոսով նվազել է հարուցված քրեական գործերի քանակը: Այդ ցուցիչները փաստում են, որ շարունակում են բարձր մնալ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցում իրավապահ մարմիններին ցուցաբերվող հանրային աջակցության եւ վստահության մակարդակը»: Ըստ նրա, ավելացել են նաեւ ԶԼՄ հաղորդումները կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նախագծերի ընդունման դեպքում նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, իսկ դատախազների բարեվարքության ուսումնասիրության համար ներդնել արդյունավետ մեխանիզմներ։ Հակակոռուպցիոն դատարանները քննելու են ապօրինի գույքի բռնագանձման վարույթներով եւ կոռուպցիոն հանցագործություններով գործերը: Հակակոռուպցիոն դատարանի դատավորներն ընտրվելիս հաշվի է առնվելու գործունեության ընթացքում որեւէ կարգապահական տույժ չունենալու հանգամանքը:
Կարդացեք նաև
Արթուր Սաքունցը սակայն գտնում է, որ կարգապահական տույժ ստացած կամ չստացած լինելը որոշիչ չէ, որովհետեւ այն թեկնածուները, որոնք աշխատել են դատաիրավական համակարգում կարող է որեւէ նկատողություն, տույժ ստացած չլինեն, բայց բարեվարքության խնդիրներ ունենան: Ըստ Սաքունցի, շատ կարեւոր է այդ բարեվարքության ստուգման գործիքների ներդրումը:
Արթուր Սաքունցը նաեւ մտահոգություն հայտնեց, որ դատաիրավական համակարգի բարեփոխումներն ուշացել են եւ որքան հետաձգվում են, այնքան դրանք իրականացնելը հնարավոր չի լինի, քանի որ հանրային վստահությունն էլ նվազում է: Ըստ Արթուր Սաքունցի, խնդիրն այնքան քաղաքական անկայուն իրավիճակով չի պայմանավորված, որքան իշխանության նկատմամբ վստահությամբ, եւ անկախ նրանից՝ ով է իշխանության, եթե այդ վստահությունը երաշխավորված չէ, իշխանությունը չունի լեգիտիմության բարձր աստիճան, նման համակարգային փոփոխություններին ուղղված ջանքերը լուրջ խնդիրների կարող են հանգեցնել եւ անգամ լավ գաղափարը կարժեզրկվի. «Եթե այդ չարաբաստիկ վեթինգն արված լիներ, մեր կյանքն ավելի հեշտ կլիներ»:
Քննարկման մասնակից Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ այս բարեփոխումների վերաբերյալ իշխանությունները մի շարք դիտարկումների ականջալուր չեն եղել, ինչը նրա կարծիքով, խոչընդոտներ կստեղծի դրանք իրագործելիս. «Եթե դատական համակարգը չենք վերափոխում, չենք բարեփոխում եւ նույն բարեվարքության կանոնները կիրառելի չենք դարձնում բոլոր դատավորների, դատական համակարգի կամ դատական կորպուսի ներկայացուցիչների համար, բնականաբար, հասարակության վստահությունը, որ հակակոռուպցիոն դատական համակարգում լինի ամեն ինչ այն ձեւով ինչ-որ մենք պատկերացնում ենք, միամտություն կլինի: Քանի որ մենք չենք տեսնում դատական համակարգում բարեփոխումներ, թերահավատ ենք, որ հակակոռուպցիոն դատարաններում իրավիճակը կարող է շտկվել»:
«Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի» փորձագետ, իրավաբան Դավիթ Գյուրջյանի խոսքով, դատական համակարգում համակարգային փոփոխություն այդպես էլ տեղի չունեցավ: Նրա կարծիքով, դատական համակարգում այսօր առկա իրավիճակը կխժռի նույնիսկ ամենալավ փոփոխությունները:
«Այդքան շահարկված վեթինգն այդպես էլ տեղի չունեցավ, թեեւ բազմաթիվ փաստաբաններ, իրավաբաններ պնդում էին դրա անհրաժեշտությունը: Ինչի արդյունքում մենք կունենանք այդ համակարգի նկատմամբ վստահության պակասը: Դեռ ավելին, որոշ օղակներում հեղափոխությունից հետո ավելի հետընթաց է եղել, ավելի վատթարացել է վիճակը: Նոր դատարան ստեղծելով վիճակը չի բարելավվելու, նոր դատարաններից հասարակության մոտ կան նոր սպասելիքներ, հատկապես՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ գործերով»:
Ըստ Դավիթ Գյուրջյանի, սակայն հասարակության սպասելիքները չեն արդարացվելու, քանի որ, նույնիսկ լավագույն համակարգերի դեպքում, արդարացման դատական ակտերի թիվը բավականին բարձր է. «Այսինքն՝ եթե նույնիսկ նախաքննությունը հավուր պատշաճի է իրականացվում, արդարացման ակտերի թիվը բավական բարձր է լինում, իսկ Հայաստանում մենք ունենք նաեւ այդ խնդիրը: Ինչը հասարակության սպասելիքները չի արդարացնի եւ կունենանք հիասթափություն նաեւ այս նոր ստեղծված դատարանների նկատմամբ»:
Իրավաբանի համոզմամբ, ոչ թե պետք են մասնագիտացված դատարաններ, այլ դատավորներ: Կամ, ըստ նրա, պետք է այդ դատարանները զրոյից ստեղծվեին եւ թույլ չտվեր գործող դատավորին մասնակցություն ունենալ:
Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանը համամիտ է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի համակարգային: Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ դատական համակարգում էլ ունենալու են փոփոխություններ եւ չեն ուզում հակակոռուպցիոն դատարանները ստեղծեն որպես առանձին օազիս: Նա համամիտ է նաեւ այն մտքին, որ դատական բոլոր օղակներում պետք է լինեն բարեվարքության ստուգում: Ասաց նաեւ, որ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների, դատախազության համար էլ նախատեսվում է բարեվարքության ստուգում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ