Տիգրան Խզմալյանը չի միանա 17 կուսակցությունների՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին ։
«Գողն առաջինն է գոռում գող։ Նրանց պահանջը մեր պահանջի նման չէ։ Մակերեսորեն, այո, մենք էլ, նրանք էլ դեմ ենք Փաշինյանին, բայց նրանք Փաշինյանի դեմ են բոլորովին այլ պատճառներով։ «Փաշինյան, դավաճան, հեռացի՛ր» այդ ճիչերով նրանք շեղում են ազգի ուշադրությունը գլխավոր խնդրից՝ իսկ ով է կանգնած Փաշինյանի հետեւում։ Դա Պուտինն է, որը տեսախցիկի առաջ ասել էր՝ ինքս եմ գրել այդ հայտարարությունը։ Սա Ռուսաստանի եւ Թուրքիայի համատեղ որոշումն է, եւ Ադրբեջանը ժամանակավոր օգտվեց այդ հնարավորություններից»,-ասաց ռեժիսոր, Հայաստանի Եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը։ Նա այսօր մի քանի քաղաքացիների հետ Գարեգին Նժդեհի արձանի մոտ «Դիմադրություն ռուս-թուրքական զավթմանը» կոչով բողոքի ցույց էր անում։
Պարոն Խզմալյանն ասաց՝ վաղվանից սկսած ոչ միայն եվրոպական առանձին պետություններ, այլ նաեւ Եվրոխորհուրդն է քննարկելու Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը․ «Նրանց պահանջը շատ պարզ է՝ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի տրամաբանության բանակցությունների շրջանակներ։ Դա նշանակում է Հադրութը, Շուշին և, հատկապես, Քարվաճառն ու Բերձորը մենք երբեք չպետք է զիջենք։ Մենք կարող ենք վերադարձնել այդ ամենը, եթե մենք դուրս գանք ռուս-թուրքական դաշինքի ճիրաններից, որում Փաշինյանն առ այսօր պահում է Հայաստանը եւ վերադառնանք ազատ աշխարհ»։
Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ այս ամենին հնարավոր է հասնել ոչ թե պատերազմով, այլ խաղաղությամբ, իսկ դրա համար պետք է փոխել քաղաքական դաշինքը, պետք է փոխել քաղաքականությունը․ «Եթե մենք դուրս գանք ռուս-թուրքական դաշինքից, որը կոչվում է ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ասիական ինչ-որ միություն, այդ բոլոր կեղծիքները տարիներով հոշոտում էին Հայաստանը, դրանք դավաճանական են եւ թշնամական, պետք է հայտ ներկայացնենք Եվրոինտեգրացմանը, ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին միանալու, այդ դեպքում նախեւառաջ կուժեղացնենք մեր երկիրը խաղաղ միջոցներով, մենք կվերադառնանք միջազգային իրավունքի, օրենքի շրջանակներ, եւ ավելի հանգիստ եւ հզոր դիրքերից կվերանայենք այս ղազագիրը, ՀՀ դիրքն աշխարհում եւ Արցախի ազատագրումը»։
Կարդացեք նաև
Պարոն Խզմալյանը գտնում է, որ պետք է աջակցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ճգնաժամից դուրս գալու, ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու առաջարկին եւ նա կարող է երկրում ապահովել կայունություն․« ԱԺ-ն պետք է ընդունի փոփոխություններ ընտրական, կուսակցությունների մասին օրենքներում, Սահմանադրությունում փոփոխությունները։ Սրանից հետո այս իշխանությունը սպառելու է իր առաքելությունը, հետո կունենանք ազատ, արդար ընտրություններ, որովհետեւ հիմա այդ 17 կուսակցություններն իրականում հանդիսանում են ռուսական հատուկ ծառայություների ստորաբաժանումներ, եւ իրենք ընդամենն ուզում են նույն կապիտուլյացիան, նույն Ռուսաստանի գաղութացումը, բայց առանց Նիկոլ Փաշինյանի։ Նիկոլն ուղղակի իրենց պետք է, որպեսզի շեղեն ուշադրությունը Պուտինից։ Ուրիշ ոչինչ։ Այս կուսակցությունները չեն ներկայացնում հանրությունը, որովհետեւ մենք գիտենք, որ նրանք ավտոբուսներով, փողով կամ սպառնալիքով մի քանի օլիգարխի աշխատողներին բերում են հանրահավաքի։ Իսկ հանրության մեծ մասը շիվարած է, ապակողմնորոշված է։ Բայց պետությունը պետք է փրկել, որովհետեւ պետությունը գտնվում է ռուս-թուրքական զավթման տակ, ինչպես 100 տարի առաջ էր»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ