Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Նրանց վարչապետի թեկնածուն չունի ժողովրդի աջակցություն. այդ 1 տարում վերականգնվելու է ընտրակեղծարարությունը»

Դեկտեմբեր 09,2020 18:01

«Դուք շահարկում եք «ժողովուրդ» ասելով, շահարկում եք ժողովրդի գործոնը: Բայց այստեղ ժողովրդի անունից խոսելու հարցը չի»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք՝ Փաշինյանն այսօր մեկնաբանելով հարցը, թե ինչու չի ուզում պաշտոնը թողնել, ասել էր, թե առանձին խմբերը ժողովրդի ձայնը չեն ներկայացնում:

Մարուքյանը շարունակեց՝ թվարկելով, որ Փաշինյանի հրաժարականն են պահանջում այդ թվում ՀՀ առաջինից չորրորդ նախագահները, Ամենայն հայոց կաթողիկոսը, Կիլիկիայի թեմի առաջնորդը, ամենակարեւոր մարզերի համայնքապետերը, ԵՊՀ գիտխորհուրդը, տարբեր քաղաքական միավորումներ: «Այդ մարդկանցից որեւէ մեկը ժողովրդին չի ներկայացնո՞ւմ: Այդքանից հետո դուք մարզպետ ու նախարար եք փոխում, որով չի լուծվելու խնդիրը»,-համոզմունք հայտնեց Էդմոն Մարուքյանը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Էլի հղում անեմ ժողովրդին, որովհետեւ շատ կարեւոր է ընդգծել. իսկ ինչո՞ւ դուք, այդ թվում՝ խորհրդարանական ուժերը, չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ինչո՞ւ այդ քաղաքական ուժերն ու էլիտայի ներկայացուցիչներն առաջարկում են սցենար, որը մի նպատակ ունի՝ ժողովրդին դուրս թողնել գործընթացից, ընդ որում՝ անվերադարձ: Ձեր ասած քաղաքական ուժերն առաջարկում են ՀՀ-ում ստեղծել անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն, կներեք… Այլ բնորոշում չգտա, որովհետեւ վարչապետի թեկնածու են առաջադրել, որը չունի ժողովրդի աջակցություն, հենարան խորհրդարանում, եւ որը չունի անգամ հեռանկար՝ արժանանալու ժողովրդի աջակցությանը, որովհետեւ պայման է դրվում, որ այդ թեկնածուն չպետք է մասնակցի ընտրություններին ընդհանրապես: Հետեւաբար, եթե նման պայմաններում լինի փոփոխություն եւ նշանակվի նման վարչապետ, որը չունի որեւէ հենարան, լեգիտիմության որեւէ աղբյուր, ո՞ւմ վրա է հենվելու եւ ո՞ւմ է պատկանելու իշխանությունը: Իհարկե՝ պատկանելու է այն ուժերին, որոնք նրան բերել են այդ կարգավիճակին: Եվ այն մի տարում, որի մասին նրանք խոսում են, վերականգնվելու են ընտրակեղծարարության բոլոր հնարավոր մեխանիզմները, որպեսզի ՀՀ-ն նորից վերադարձվի ընտրակեղծարարության փուլ:

Ըստ էության, հրաժարական պահանջողների մեծ մասը պահանջում էր դեռ 2018թ.-ին՝ ներքուստ կամ հրապարակային: Պատերազմից առաջ այդ կազմն ու ասելիքը չէր փոխվել: Նրանք չեն պահանջում արտահերթ ընտրություններ, որպեսզի ժողովրդին դուրս թողնեն գործընթացից»:

Հիշեցնենք, որ 17 ընդդիմադիրների վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031