Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղարի տեղակալ Մանլիո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը։
Բարձր գնահատելով Իտալիայի պատվիրակության այցը մեր երկրի համար այս դժվարին օրերին՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մշտապես կարևորում է բարեկամների աջակցությունը:
Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղարի տեղակալը նշել է, որ երկու երկրների գործընկերությունն ու բարեկամությունը շարունակական են, և կարևորել է ավելի ակտիվ փոխգործակցությունն ու համագործակցության նոր հարթակները:
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիային և դրա հետևանքներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել պատերազմից հետո Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի, մասնավորապես, հայ հոգևոր, պատմական և մշակութային ժառանգության պահպանության, մարդասիրական մի շարք խնդիրների վերաբերյալ: Իտալական կողմը պատրաստականություն է հայտնել ակտիվորեն ներգրավվելու մշակութային ժառանգության պահպանման գործում։
Կարդացեք նաև
Հայաստանի նախագահը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղարի տեղակալն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգին, կարևորել նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա նախատեսվող պետական այցը, որը հետաձգված է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Կարևորվել են հայ-իտալական համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը տարբեր ոլորտներում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ