Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավոք, ցեղասպանությունները մարդկային հասարակության ուղեկցողներն են». Սուրեն Մանուկյան

Դեկտեմբեր 09,2020 17:57

2015 թվականի սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը միաձայն ընդունեց 69/323 բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

ԵՊՀ Ցեղասպանությունների եւ այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման եւ կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության խորհրդի անդամ Սուրեն Մանուկյանը «Մեդիա» կենտրոնում խոսելով այն մասին՝ արդյոք հնարավո՞ր է 21-րդ դարում կանխել ցեղասպանությունները, նշեց. «Մենք հասանք 21-րդ դար, բայց անգամ 21-րդ դարում չձերբազատվեցինք այն հանցագործությունից, որը մեզ հետ է դարեր շարունակ; Հին ժամանակներից մարդը միշտ իր քաղաքական կամ այլ խնդիրները փորձել է դիմացինին, այլ խմբին ոչնչացնելու միջոցով լուծել, եւ ցավոք սրտի, ցեղասպանությունները մարդկային հասարակության ուղեկցողներն են»:

ԵՊՀ Ցեղասպանությունների եւ այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման եւ կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչի խոսքով՝ «Ցեղասպանությունների կանխարգելման մասին փորձ է արվել խոսել միայն քսաներորդ դարի կեսերին, Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո էր, երբ մարդկությունը սկսեց մտածել, որ այն ինչ կատարվում է, այն, ինչ ձեռնարկում են տարբեր կառավարություններ՝ իրենց հակառակվող, ոչ ցանկալի փոքրամասնությունների ոչնչացման ճանապարհին, բացասական է, եւ պետք է դրա դեմ միջոցներ ձեռնարկել:

Ինչո՞ւ եմ նման բառեր օգտագործում, որովհետեւ դեռ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ժամանակակից մարդկությունն արդեն ականատես էր եղել Հայոց ցեղասպանությանը, բոլորը գիտեին դրա մասին, այդ հարցը քննարկվել էր, նույնիսկ դատարաններում, որտեղ դատում էին երիտթուրք ոճրագործներին եւ Փարիզի Վեհաժողովի ժամանակ էին մարդիկ քննարկում կատարվածը՝ անունը դնելով անանուն հանցագործություն կամ ռասսայի ոչնչացում:

Այդ ժամանակ մարդիկ դատապարտում էին, բայց երբեւէ չէին մտածում, որ դա պետության գործառույթներից դուրս եկող ֆունկցիա է, անգամ կարծում էին, որ նույնիսկ ընդունելի է, որ պետությունը կարող է իր քաղաքացիների հետ այդպես վարվել: Միայն քսաներորդ դարի կեսերին, երբ մարդկությունը բախվեց Հոլոքոստի սարսափների հետ, եւ վեց միլիոն հրեաներ, գնչուներ, սլավոններ ու այլ խմբեր մասսայաբար ոչնչացվեցին, մարդկությունը սկսեց մտածել, որ այդ ամենին պետք է վերջ դրվի: 1948 թ դեկտեմբերի 9-ին ընդունվեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան՝ մեկ մարդու՝ Ռաֆայել Լեմկինի ջանքերով եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ»:

Սուրեն Մանուկյանի ձեւակերպմամբ, կոնվենցիայի հետ կապված մեկ խնդիր կա. «Թեեւ Ցեղասպանության կոնվենցիան շատ կարեւոր փաստաթուղթ է, թեեւ կոչվում է Ցեղասպանությունները կանխարգելելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա, սակայն կանխարգելման մասին այնտեղ ոչինչ չի խոսվում: Կոնվենցիայում խոսվում է միայն երեւույթի մասին, ինչպես պետք է պատժել իրականացնողներին, բայց ոչ մի բան չի ասվում ցեղասպանությունները կանխելու մասին, ընդամենն ասվում է, որ պետությունները պետք է ձեռնպահ մնան»:

Գիտնականը նշում է, որ պետություններին ընդամենը կոչ է արվում, որ չպետք է իրականացնել ցեղասպանություններ ու դրանով սահմանափակվում է. «Ստացվում է ընդունել ենք մի կոնվենցիա, որի անվանման մեջ մի բան է, սակայն տեքստում դրա հետ կապված ոչ մի բան չկա: Մարդկությունը հետագա տասնամյակներին դրա հետ բախվել է: Կոնվենցիան ընդունվեց, եւ դրանից տասնամյակներ անց տեսանք տասնյակ դեպքեր, որոնք կարելի է որակել որպես ցեղասպանություններ»:

Ի թիվս այլնի, Սուրեն Մանուկյանն օրինակ բերեց Բանգլադեշի դեպքերը, Պարագվայի տեղաբնիկների հետ կատարվածը ու փաստեց, որ կոնվենցիան կար, բայց չի գործել:

«Միայն 1990-ականներից կարող ենք խոսել, որ կոնվենցիան ինչ-որ չափով աշխատող դարձավ, որովհետեւ Ռուանդայում եղավ ցեղասպանություն 1949 թ, գիտենք նաեւ Հարավսլավիայում տեղի ունեցած էթնիկ զտումները, պատերազմական հանցագործությունները, բոսնիացիների ոչնչացումը որակվեց ցեղասպանություն…Միայն 1994թ. ՄԱԿ-ը որոշեց, որ պետք է զբաղվի այդ հարցով, եւ ստեղծվեցին երկու տրիբունալներ՝ Ռուանդայի ցեղասպանության գծով եւ Հարավսլավիայի գծով, որոնք փորձեցին պարզաբանել, թե ինչ է ասում այդ կոնվենցիան: Այնքան չպարզաբանված, խրթին ու անորոշ կետեր կային, որ դատարանների աշխատանքի շնորհիվ էին մեկնաբանվում թեզերն ու դրույթները, եւ այդ ամենի արդյունքում վերջապես ստացանք ինչ-որ չափով աշխատող գործիք»,-հավելեց Սուրեն Մանուկյանը:

Ըստ նրա, 90-ականներից առայսօր բավականին աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ: Գիտնականի խոսքով, «Ըստ կոնվենցիայի, պետությունը չի կարող ճանաչվել ցեղասպանություն իրականացնող, այդպիսին կարող է ճանաչվել միայն անհատը, մարդիկ, որոնք նախատեսել, կազմակերպել, մասնակցել են ցեղասպանության իրականացմանը: Իրենք կարող են դատապարտվել, իսկ պետությունը որպես ցեղասպանության միավոր, բացակայում են այդ կոնվենցիայում»:

Սուրեն Մանուկյանը հավելում է. «Պետությունն ունի պարտավորություն՝ թույլ չտալ, որ իր տարածքում լինի ցեղասպանություն եւ երկրորդ՝ պատժի մեղավորներին, եթե իր տարածքում եղել է ցեղասպանություն, ինչը թողնված է ամեն պետության բարի կամքի վրա»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031