Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը խուսափեց պատասխանել՝ սպառնալիքո՞վ է ստորագրել նոյեմբերի 9-ի թուղթը. «Բայց իրավական հետեւության խոչընդոտ չկա»

Դեկտեմբեր 09,2020 17:41

«Բացի այն, որ հայկական շահն է ոտնահարվել, ձեր ստորագրած փաստաթղթի մի քանի կետեր խախտում են միջազգային իրավունքը, ՀՀ սահմանադրությունը: Իսկ մեր օրենսդրությամբ՝ այն ուժի մեջ չի մտել, բայց դուք շարունակում եք գործադիր իշխանության մարմինների ղեկավարությամբ իրագործել այն: Ինչո՞ւ չի մտել ուժի մեջ, որովհետեւ նման փաստաթղթերը ենթակա են վավերացման ԱԺ-ում եւ ՍԴ-ում: Ի՞նչ իրավական հիմքով եք դուք շարունակում կիրառել այն»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման հարցադրում հղեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր, միջազգային եւ սահմանադրական իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանը՝ նկատի ունենալով Արցախի հարցով եռակողմ հայտարարությունը:

Նա շարունակեց. «Արդյոք մենք հետագայում նման ստորագրություն դրած անձի հետ կապված ապագա տեսնո՞ւմ ենք: Անձը քաղաքական է, իսկ փաստաթուղթը՝ իրավական, ինչն անօրինական հետեւանքներ է առաջացնելու ՀՀ-ի համար: Դուք սա սպառնալիքի՞ տակ եք կնքել՝ այլ ելք չունենալով, թե այն կամքի դրսեւորում է: Եթե կամք է, դուք օրենք եք խախտել: Եթե սպառնալիքի դրսեւորում է եղել, մենք հետո միջազգային իրավունքով կարող ենք ինչ-որ կերպ դրա տակից դուրս գալ, բայց ձեր բացակայությամբ»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Փաստաթղթի ստորագրման հանգամանքները մանրամասն պարզաբանել եմ նախկինում եւ ավելացնելու բան չունեմ: Ուղղակի նկատեմ, որ ձեր խոսքում հակասություն կար: Մի կողմից ասում եք, որ այն իրավական փաստաթուղթ է, մյուս կողմից ասում եք, որ իրավական փաստաթուղթ չէ: Ամեն դեպքում, կարծում եմ, չկա որեւէ խոչընդոտ, որպեսզի ձեր ասած հանգամանքներն իրավական վերլուծության ենթարկվեն եւ արվի նաեւ իրավական հետեւություն՝ ձեր ասած հարցերի վերաբերյալ: Հարցն ունի նաեւ քաղաքական հատված: Մեր մեծագույն խնդիրն այն է, որ բոլոր այս գործընթացներում ՀՀ ժողովուրդը, անկախ ամեն ինչից, որեւէ կերպ եւ պատճառով չկորցնի ՀՀ-ում իշխանություն ձեւավորելու իրավունքը: Էլի ասեմ, որ ՀՀ-ում որեւէ երկրի ԶԼՄ-ները չէ, որ որոշում են, թե ով է ՀՀ վարչապետը: Չպիտի այդպես լինի: ՀՀ-ում ժողովուրդն է որոշում, թե ով է ՀՀ վարչապետը եւ պետք է շարունակվի այդպես լինել: Ինչ վերաբերում է ձեր հարցերի մյուս նրբություններին, այն ռազմական գործողությունների դադարեցման մասին փաստաթուղթ է, որը ստորագրվել է՝ հաշվի առնելով տվյալ պահի ռազմական իրադրությունը, իսկ մյուս հարցերը կարող են ենթարկվել տարբեր, այդ թվում՝ իրավական վերլուծության»:

Տարոն Սիմոնյանը նկատեց. «Բայց դուք իմ հարցին չպատասխանեցիք: Իսկ իրավական են բոլոր այն փաստաթղթերը, որոնք դուք ստորագրում եք որպես վարչապետ, բայց դրանք կիրառվում են այն ժամանակ, եթե ուժի մեջ են մտնում: Եթե դուք դրանք կիրառում եք ուժի մեջ չմտած, խախտում եք մեր սահմանադրությունը: Նաեւ ասեմ՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից մեր խաղաղ բնակչությանը եւ ռազմագերիներին դաժանաբար սպանելու առնչությամբ մեր երկիրը պետք է քրեական գործեր հարուցի, եւ դրանց պետք է հաջորդի մեր ԱԳՆ-ի կողմից այլ երկրներից պատժամիջոցներ կորզելը, այլ երկրներում քրեական հետապնդում հարուցելը: Ես եւ ընկերներս տարբեր երկրներում նման գործընթաց ենք նախաձեռնել: Մեր պետական ապարատը նման գործընթաց չի նախաձեռնել, մինչդեռ հայ մարդու հանդեպ նման ոտնձգություն է կատարվում: Այս անգործությունն ինչո՞վ կբացատրեք»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Դուք լիարժեք ճիշտ եք այն հարցում, թե ինչ պետք է արվի, բայց բավարար չափով տեղեկացված չեք, որովհետեւ ձեր նշած գործողությունները եւս արվում են»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031