Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների տարբեր խմբեր`մայրաքաղաքի տարբեր փողոցներով շարժվում են դեպի խորհրդարանի շենք:
Հիշեցնենք, երեկ լրացել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի ժամկետը, որը նրա առջեւ դրել էին 17 ընդդիմադիր կուսակցությունները: Երեկ Երեւանում անհնազանդության ցույցեր եղան: Դրանք այսօր էլ շարունակվում են: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շրջափակել են խորհրդարանի շենքը:
«Մեր յուրաքանչյուր քայլից հետո, երկրում իրավիճակ է փոխվում: Մեր պահանջին միանում են շատ-շատ տարբեր մարդիկ, կազմակերպություններ: Մեր ակցիաները եւ պահանջը լինելու է այնքան, մինչեւ մենք ազատվենք այս ապաշնորհ եւ ապիկար իշխանությունից»,- ԱԺ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը` պատասխանելով հարցին`շատ են դժգոհությունները, թե ամեն հանրահավաքից հետո մարդկանց տուն են ուղարկում եւ ոչինչ չի փոխվում: Արթուր Վանեցյանը պնդեց`գործելու են բացառապես օրենքների շրջանակներում:
ԱԺ շենքը շրջափակելու նպատակն այն էր, որ թույլ չտրվի կառավարության անդամներին` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մտնել խորհրդարանի շենք եւ մասնակցել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին: Սակայն խորհրդարանի շենքը մի քանի շարքով ոստիկանները շրջափակել են:
Կարդացեք նաև
«Մարդը, որ 2,5 տարի առաջ ասում էր, որ չի բաժանելու իրեն եւ ժողովրդին ոստիկանական պատնեշով, ով ոստիկաններին կոչ էր անում չկանգնել իշխանության կողքին, այլ կանգնել ժողովրդի կողքին, այսօր տեսնում եք, քանի հազար ոստիկաններ` մահակներով եւ հատուկ հանդերձանքով, եկել են ու ուզում են պաշտպանել Նիկոլին`իր սեփական ժողովրդից: Ամոթ, եւ էլի`ամոթ»,- ասաց նա`հավելելով, որ իրենք հաշվի առել էին, որ ոստիկանական պատի են հանդիպելու, բայց գործողությունների ողջ պլանը չեն հրապարակի: Արթուր Վանեցյանը մարդկանց հորդորեց`ցույցերին եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միանալ, եւ ոչ թե հեռուստացույցով դիտել ու դժգոհել, թե արդյունք չկա:
Լրագրողները նաեւ հարցեր ուղղեցին այն քննադատություններից, որոնք հնչեցին նախորդ հանրահավաքից հետո, երբ ցուցարարները շարժվեցին դեպի կառավարական ամառանոցներ եւ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար, վերջնաժամկետ ներկայացրին: «Իհարկե, տան վրա գնալը եւ, առհասարակ, ընտանիք մտնելը, դա անբարոյականություն է եւ դատապարտելի: Բայց մենք չենք գնացել տան վրա եւ որեւէ սպառնալիք չենք հնչեցրել նրա նկատմամբ: Ուղղակի Նիկոլ Փաշինյանը վախկոտ եւ փախած վիճակում, թաքնվում է կառավարական ամառանոցում`հազարավոր ոստիկանների եւ անհայտ ծագում ունեցող զինվորական համազգեստ հագած մարդկանց թիկունքում: Կամ ինչ-որ պադվալներից եւ բունկերներից փորձում է լայվերով ղեկավարել երկիրը»,- պատասխանեց Արթուր Վանեցյանը` հավելելով, որ ցուցարարների, ցույցի կազմակերպիչների կողմից ուժի սպառնալիք չի եղել, ոստիկաններին չենթարկվելու որեւէ դեպք չի եղել եւ կառավարական ամառանոցներ գնալով`ընդամենը ցանկացել են լսելի դառնալ` ենթադրելով, որ Նիկոլ Փաշինյանն այնտեղ է:
Արթուր Վանեցյանը նկատեց նաեւ, Նիկոլ Փաշինյանը պետք է քայլեր ձեռնարկի եւ որեւէ կերպ արձագանքի հոգեւոր առաջնորդների`իրեն ուղղված հրաժարականի հորդորին: «Նիկոլ Փաշինյանը գնալու է, որեւէ մեկը թող կասկած չունենա: Եկեք կարգախոս որոշենք միասին. «Ամանորն`առանց Նիկոլի»: Չի մնալու: Նրա մեկ օր ավել մնալը սպառնալիք է մեր երկրին»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ